Նաստյան, մեր երեխաները և ձիերը

Նաստյա՛, անցյալ տարի այս օրերին դու քո տանն էիր, ես՝ իմ բնավեր տանը․ պատերազմից մեկ տարի էլ չէր անցել։

Այստեղ մարդիկ սփոփանքի, կարեկցանքի կարիք ունեին, և մեր փշրված գիտակցության ոտքերի տակից հողը փախչում էր։ Աշխարհը պաղ մեդիալրահոս էր։

Մի խոսքով, ականջովդ հաստատ ընկել է մեր կողմերում կատարվածի մասին։ Գուցե ունեցել ես քո անձնական տեսակետն Արցախի հիմնախնդրի ու 44-օրյա պատերազմի մասին, որն ինձ, հնարավոր է՝ կտխրեցնի։ 

Բայց երեկ, Նաստյա՛, ես ու դու միասին կանգնած էինք կողք կողքի և նայում էինք, թե ինչպես են ձիարշավարանի խոպան տարածքում ձիերը, զգուշորեն փոխելով ոտքերը, պտտեցնում մեր երեխաներին։ Մենք ժպտում էինք նրանց ժպիտներին, և այդ պահին աշխարհում չկար հիմարների խաղը՝ պատերազմը։ 

Ճակատագիրն էլ է խաղ, որովհետև անցյալ տարի այս օրը ո՛չ ես, ո՛չ դու չէինք կարող անգամ պատկերացնել, որ մեկ տարի հետո կկանգնենք կողք կողքի՝ իմ կիսատված հայրենիքում, երկուսս էլ՝ տնավեր։

Նախօրեին ֆեմինիստները՝ բաց կրծքերը Ուկրաինայի դրոշի գույներով ներկած, Էյֆելյան աշտարակի մոտ գոռում էին՝ «Ո՛չ պատերազմին»։

Մեր պատերազմի ժամանակ Ռուսաստանում ապրող մի հայուհի, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ մենակ կանգնած, երգում էր «Կռունկը»։ Մարդիկ նայում էին ու անցնում։ 

Ես կուզեի քեզ պատմել հայկական աննման երաժշտության ու «Կռունկի» մասին, բայց երեկ Օդեսայում ռուսական հրթիռների ռմբակոծությունից, մեզ մոտ՝ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի նշանառու կրակահերթից, երկուսս էլ ունենք զոհեր և վիրավորներ։

Շորեր չկան պատռելու, Նաստյա՛, ո՛չ մինչև ծոծրակը հասնող բլուզի, ո՛չ մերկ կրծքերի դեպքում։ Ես ու դու՝ այս կանաչ մոլորակի արյունոտ գոտու հպարտ քաղաքացիներս, մեր ջարդված տախտակամածից չենք կարող ճոճել մեր սրբազան իրավունքները՝ կրթության, ընտանիքի, ընտրելու, սեփականության և արդար աշխատավարձի։ Դրանք խաղացկուն էին վաղ կապիտալիզմի ժամանակ։ 

Դեռ 20-րդ դարասկզբին է Լենինն ասել, որ անխուսափելի է կապիտալիզմի վերջին և ամենաբարձր փուլը՝ իմպերիալիզմը՝ «արտադրանքի և կապիտալի կենտրոնացմամբ, որն իր հերթին հանգեցնում է մոնոպոլիաների և կարտելների»։

Արդյունքում՝ այն հանգեցնելու է աղետալի միջիմպերիալիստական հակասությունների, պատերազմների և աշխարհի իմպերիալիստական բլոկների բաժանման, քանի որ ավելցուկային կապիտալը պիտի տեղափոխվի այլ երկրներ՝ իմպերիալիստական ընդլայնման համար։ Այնպես չէ, որ զօրուգիշեր Լենին-Կարլ Մարքս եմ սերտում։ Բնավ։ Ուղղակի պիտի փորձենք ճանաչել մեր կյանքը կուլ տվող կրակը։ 

Ես, դու, մեր երեխաներն այս ձիերի հետ միասին կարող ենք մեր ջարդված տախտակամածից թքած ունենալ այդ կրակի վրա, բայց այն հանգցնել, ցավոք, չենք կարող։ Նաստյա՛, գիտեմ, թե որքան դժվար է պահպանել հավասարակշռությունը կաղ ճշմարտությունների ջարդված սանդուղքի վրա։ Մի կերպ կանցնենք։

Ամեն ինչ կանցնի՝ և՛ հրդեհ, և՛ իրավունք, և՛ կապիտալիզմ ու իմպերիալիզմ, և՛ ցավ։ Եվ այս կանաչ աշխարհում կմնան երեխաներն ու այս ձիերը՝ խոպան հողերի վրա։ 

Մարինա Բաղդագյուլյան 

MediaLab.am