Երասխ-Երևան ճանապարհին ձերբակալվել է մեքենայով թմրանյութ տեղափոխող 44-ամյա տղամարդը

Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ստորաբաժանման ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Կապան քաղաքի 44-ամյա բնակիչն իր կողմից շահագործվող «Մերսեդեսով» տեղափոխում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ:

Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների հետ համատեղ: Երասխ-Երևան ճանապարհին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Արտաշատի բաժին տեղափոխվեց 44-ամյա կապանցին: Դեռևս ճանապարհին նա հայտնեց, որ «Մերսեդեսի» մեջ ունի թմրամիջոցներ:

Արտաշատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշված ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 100 գրամ մեթամֆետամին և 94 գրամից քիչ ավելի ափիոն:

Տղամարդը կալանավորվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ: