ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի, ԶՈՒ-ն մեծաքանակ զենք և ռազմական տեխնիկա չի կենտրոնացնում սահմանին. ՊՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը:

«Բացի այդ, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ տեղ գտած մեկ այլ կեղծ պնդման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- նշվում է ՀՀ ՊՆ հաղորդագրութան մեջ:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին այսօր մեղադրել է ԼՂ շրջափակման մասին «իրականությունն աղավաղելու» մեջ, ընդ որում՝ բացահայտ ցույց տալով, որ շրջափակման նպատակը Աղդամով ճանապարհի օգտագործումը պարտադրելն է։

«Հայաստանը օգոստոսի 5-ին խախտել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման եւ Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման կազմակերպման պայմանավորվածությունը։ Եթե կատարվեր  այդ պայմանավորվածությունը, հարցը կլուծվեր օգոստոսի սկզբին՝ ղարաբաղյան շրջանի բնակիչներին հումանիտար բեռների առաքման ընդունելի շրջանակների, ինչպես նաև մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների  երթևեկության ուղիների հեշտացման ապահովմամբ»,- նշվել էր ԱԳՆ հայտարարությունում։

Նշվում էր նաև, թե Հայաստանը «Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով հերթական ռազմական արկածախնդրության նպատակով սպառազինություն և Հայաստանի ԶՈւ զորակազմի լայնամասշտաբ կուտակում է իրականացնում»։