Գեղարքունիքի մարզպետը որակյալ շինարարական աշխատանքներ իրականացնելու կոչով դիմեց մարզի շինարարներին

Գեղարքունիքի մարզում նախորդ տարում իրականացված սուբվենցիոն 103 ծրագրերից անավարտ էր մնացել 23-ը՝ անորակ լինելու պատճառով: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, այդ ծրագրերից 5-ը վերաբերում են ճանապարհաշինությանը, որոնցից 4-ի դեպքում այսօրվա դրությամբ կարգավորված են բոլոր խնդիրները, քանի որ կատարված աշխատանքներն արդեն բերվել են պահանջվող որակյալ տեսքի:

Այցելելով Գեղարքունիք եւ Գանձակ համայնքների շինհրապարակներ՝ մարզպետը ծանոթացավ իրականացված աշխատանքների որակին, մանրամասն դիտարկեց վերացված թերությունները:

Այցի ընթացքում` Գնել Սանոսյանը անորակ կատարված շինարարության թերությունների շտկման եւ աշխատանքների որակի պահպանման շուրջ խոսելով, դիմեց շինարարներին. «Անցած տարի սուբվենցիոն ծրագրերից չի ընդունվել ճանապարհաշինական 5 ծրագիր Գանձակ, Գեղարքունիք, Ճամբարակ, Վարդենիս եւ Վարդենիկ համայնքներում:

Այսօրվա դրությամբ, համապատասխան ուսումնասիրություններից հետո, դեռ թերությունները չշտկված են մնում Վարդենիկ համայնքում ու Ճամբարակի կենտրոնական հրապարակում: Մնացած տեղերում շինարարական կազմակերպությունները կարողացել են ապահովել պահանջվող որակը, ինչը նշանակում է, որ աշխատանքներն ընդունվելու են, ու դրանց դիմաց կատարվելու են համապատասխան վճարումները:

Գանձակում ու Գեղարքունիքում ճանապարհաշինական կազմակերպության կողմից իրականացված անորակ շինարարության պատճառով չէր ընդունվել 4535 քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանք, որի դիմաց չէր վճարվել շուրջ 21 միլիոն դրամ: Կազմակերպությունը շտկել է բոլոր կարգի թերությունները՝ իր միջոցներով տեղադրելով ասֆալբետոնյա ծածկի երկրորդ շերտը:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչով դիմել բոլոր շինարարներին՝ աշխատանքների որակը խստագույնս պահպանելու համար, մանավանդ, որ այս տարի մարզում շատ ավելի հսկայածավալ շինարարություն է իրականացվում: Հավատացնում եմ, որ ոչ մի թերացում մեր տեսադաշտից աննկատ չի մնա, ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվի, եթե այն չի համապատախանելու սահմանված չափորոշիչներին: Ավելորդ խնդիրներից զերծ մնալու համար հարկավոր է իրականացնել միայն բարձրորակ շինարարություն. ահա մեր միակ պահանջը ձեզանից»,- իր խոսքում նշեց մարզպետը:

Բացի նախորդ տարվանից մնացած ծրագրերի ընթացքը դիտարկելու Գանձակ համայնքում Գնել Սանոսյանը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի եւ պետբյուջեի միջոցներով իրականացվող Բաղրամյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին:

Իսկ Գեղարքունիք համայնքի ղեկավար Արայիկ Աբրահամյանի հետ քննարկեց համայնքային նշանակության առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ:

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։