Արման Թաթոյանը բարոնուհի Քոքսին ներկայացրել է ապացույցներ՝ ինչպես է հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ ապրիլի 27-ին, ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Այդ մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բարոնուհուն Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ բրիտանական կառավարության ներկայացուցչի առջեւ հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող անմարդկային վերաբերմունքի եւ պատերազմի ընթացքում օգտագործված արգելված զինատեսակների հարցը բարձրացնելու համար:

Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ապացույցներ, թե ինչպես է հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից:

Արման Թաթոյանը նշել է, որ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակը» պետական հովանավորչությամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է:

Պաշտպանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկենները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:

Արման Թաթոյանը անդրադարձել է նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:

Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները եւ քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետեւաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն եւ վերադարձվեն հայրենիք՝ առանց որեւէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների եւ նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ եւ առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության ուղղությունները: