Ձմեռը սկսում է Բարեկամության այգուց․ Գյումրիում բացվում է սահադաշտ

Բարեկամության այգում դեկտեմբերի 24-ին սկսում է գործել բաց սահադաշտը։ Արդեն այս կիրակի օրն այգու հյուրերը կարող են սահել չմուշկներով, ինչպես նաև տաքանալ գլինտվեյնով և տեղի սրճարանների թխուկներով։ Սահադաշտը մինչև մարտ ամիս բաց կլինի այցելությունների համար՝ երեքշաբթիից կիրակի, ժամը՝ 14։00 – 22։00:
Սահադաշտը արդեն երկրորդ տարին է, ինչ գործում է Գյումրիում, անցած ձմեռային սեզոնին այնտեղ այցելել են ավելի քան 4000 հյուրեր։


Բարեկամության այգու վերանորոգումը սկսվել է 2021 թվականի աշնանը։ 2023 թվականի փետրվարին կայացել է սահադաշտի և Վերնիսաժի բացման արարողությունը, որտեղ ներկայացված են գյումրեցի նկարիչների և վարպետների աշխատանքները։ Այգու մնացած գոտիների գործարկումը կիրականացվի աստիճանաբար, այգու վերջնական թարմացված տարածքի բացումը պլանավորվում է 2024 թվականին։


Այս սեզոնին սահադաշտը անցկացնում է սոցիալական միջոցառում «Բաբո» մարդասիրական ճակատի աջակցությամբ։ Այս բարեգործական նախաձեռնությունն օգնում է Արցախից բռնի տեղահանվածներին։ Իրենց համար կկազմակերպվեն անվճար այցելության հատուկ օրեր։ Բացման օրը այգին 150 արցախցի ընտանիքի կնվիրի սահադաշտի մուտքի տոմսեր։


Վերնիսաժում տաղավարների և սահադաշտի կառուցումը իրականացվել է Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF) կողմից, որի համահիմնադիր է հանդիսանում Ռուբեն Վարդանյանը։ Շինարարությունը իրականացվել է Եվրամիությունը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի ու BMZ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից, իրականացվում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։