Չեմ շնորհավորում կաշառակեր ու կռապաշտ ուսուցիչներին ու տնօրեններին․ Լեւոն Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նախարարն ասաց՝ ստանում են այնքան, ինչքան աշխատում են: Ուսուցիչների մասին է խոսքը: Իսկ ինչու չի կարելի ավելին վճարել, որպեսզի ավելի շատ աշխատեն, տասնամյակների կուտակված անգրագիտությունը վերացնելու համար:

Չի կարելի՞ արտաժամյա պարապմունքներ նշանակել անգրագետներին լրացուցիչ կրթություն տալու եւ մի քիչ էլ գրագետ դարձնելու համար: Գուցե իշխանւթյունը կասի, թե նույն բանի համար ինչու պիտի կրկնակի վճարի, մեկ անգամ վճարել է, բայց աշակերտների մի մասը փաստացի անգրագետ է: Իսկ ո՞վ պիտի պարզի, թե ինչու է այդպես ստացվել: Ո՞վ պետք է պարզի, թե ով է մեղավոր, կամ ինչքն է պատճառը՝ մարդի՞կ, պաշտոնյանե՞րը, նախարարնե՞րը, մեթոդաբանությու՞նը, տնօրենները՞, ո՞վ, ո՞վ է մեղավոր, ո՞վ պետք է մեղավորներին բացահայտի ու դատարան տանի: Լավ մի մեղավոր չկա էս երկրում կրթական համակարգը քանդելու համար:

Թե՞ շարունակվելու է այսպես: 9-րդ դպրոցի իմ ուսուցիչներին, որոնք ֆանտաստիկ հետք են թողել իմ եւ ընկերներիս մտքում, հիշում եմ ամեն օր: Գյոդակյան Ցողիկին, Ֆերդինանդ Այդինյանին, Միշա Սահակյանին, Արտուշ Մաթեւոսյանին, Չեպուրնոյին (անունը չեմ հիշում, Ստալինգրադի ճակատամարտի մասնակից էր), Ալբերտ Մելոյանին (Շինարար-2000) եւ մյուսներին: Ադինյանը մեզ մետաղամշակում էր դասավանդում, նման կահավորմամբ դասասենյակներ Հայաստանում հիմա չեմ տեսել, խառատային, ֆրեզային, գայլիկոնման հաստոցներ, բոլորի վրա աշխատել է սովորեցրել բոլորիս, բացարձակապես բոլորիս, մետաղամշակման օլիմպիադաների էի մասնակցում, (մետաղամշակման !) բոլորը անհատական դազգահներ ու մամլակներ ունեին: Այդինյանը կարծեմ 4 տարի դասավանդեց մետաղամշակում, ու ամեն դասի սկզբում շարում էր մեզ տողանի, ստուգում էր՝ ով է գոգնոցով, ով՝ չէ:

Ով անգոգնոց էր լինում, մի թեթեւ ապտակում էր: Այդ չորս տարիներին 1000 պատճառ եմ լսել գոգնոց չբերելու մասին. մոռացել եմ, մերս լվացել էր՝ չէր չորացել, չորացել էր՝ չէր արդուկել, պատռվել էր՝ մամս չէր կարել, քեռանցս տանն եմ քնել, տնից չեմ եկել եւ այլն: Իմ գոգնոցը լավն էր, մորքուրս էր կարել, չտեսնված դերձակ էր, մինչեւ հիմա կար է անում Եյսկում: Էդ գոգնոցը, որ հավաքում էիր՝ մի բուռ էր լինում, միշտ պայուսակումս էր, չէի հանում ու չէի մոռանում:

Չորս տարի չափալախ չեմ կերել Այդինյանից: Մետաղամշակման ավենավերջին դասին, կարծեմ 8-րդ դասարանն էինք ավարտում, ստացվեց այնպես, որ ոչ մեկս գոգնոց չէինք բերել, ես՝ առաջին անգամ, էլի շարեց բոլորին, հերթով հարցնելով գալիս է, գոգնոցդ ուրա՞: Մի բան ասում են, հորինում են ֆանտաստիկ բաներ էլ դու սուս, հերթով չափալախելով գալիս է, հասավ ինձ, զարմացավ, թե՝ քո՞ւ գոգնոցդ ուրա, մտածեցի՝ ինչ հորինեմ, որ չչափալախի, կամ հերս չիմանա, հասկացա, որ անիմաստ բան է, մտածեցի՝ ճիշտն ասեմ, ոչ մեկը չէր ասել, ասացի.-մոռացել եմ, ընկեր Այդինյան: Ժպտաց, ասաց.-գիտես միջների ամենաշուստրին դու ե՞ս,-ու տարավ-բերեց՝ գեշ չափալախեց: Ամենալավ սովորողն էի եւ իր ամենալավ աշակերտը: Սխալը սխալ է: Էս պատմությունը եղել է ուղիղ 40 տարի առաջ:

Ես, ամեն օր, ու հենց ինձ քաշում են ամենամանր գործով, սա եմ հիշում, բոլոր բարդ գործերը միայնակ եմ անում, ավելի ուշ կարդացինք ճապոնական առակը վատ պայտարի մասին, որ մի մեխ պակաս էր խփում ձիու պայտին ու …վերջում կայսրը ճակատամարտ է տանուլ տալիս հենց այդ պատճառով: Իսկ ո՞վ արարեց անգրագետ աշակերտներին, որոնք ատեստատներ ստացան ու ստանալու են դեռ, պարոնայք եւ տիկնայք իշխանություններ: Ով հորինեց այն աշակերտին, որին ասում ես՝ գրի հազար հիսուն, գրում է՝ 100050 ու անասունի պես երեսդ է նայում, որովհետեւ կարկամում ես:

Ամեն ուսուցիչ մեկ կամ մի քանի ծանր խրատ է տվել ինձ, կամ բոլորին են տվել, ուղղակի ես եմ լավ հիշում: Կային եւ պլան կատարողներ, նրանց էլ ենք հիշում: Ասում են, որ այսօր ուսուցիչների օրն է: Շնորհավորում եմ պարտաճանաչ ու բարեխիղճ ուսուցիչներին, ուսուցանողներին ու դասախոսներին օրվա եւ տարիների չարչարանքի համար, բոլորս ջանք պիտի դնենք, որ շատ արդար հատուցվեն արածների համար, ոչ թե «ստանան էնքան, ինչքան աշխատում են», թող հատուցվեն իրենց արածով լիուլի: Չեմ շնորհավորում (ձեւականությունը իմ բնույթը չէ) կաշառակեր ու կռապաշտ ուսուցիչներին ու տնօրեններին, ընտրակեղծարար ու ապագայի գող «մանկավարժներին», կիսագրագետ եւ վնասարար «դասատուներին»: Գեշ ենք խրվել, սարսափելի փոսի մեջ ենք:

Լուսանկարում իմ դպրոցն է, 9-րդը, երկրաշարժից առաջ, աջից ֆիզկուլտ դահլիճն էր, տակի մանր լուսամուտները՝ մետաղամշակման դասարանն էր, Այդինյանի սենյակը: Շենքի աջ եւ ձախ մասնաշենքերը փլվեցին երկրաշարժին, մի քանի հարյուր մարդ զոհվեց»:

Возможно, это изображение (на открытом воздухе)