Ներկայացվել են «10/10/10» ծրագրի շրջանակներում մինչ այժմ իրականացված աշխատանքները

Շրջակա միջավայրի նախարարությունում այսօր կայացել է «10/10/10» նախաձեռնության միջգերատեսչական առաջին աշխատանքային հանդիպումը։ Այն գլխավորել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Հանդիպմանը մասնակցել են Կառավարության բոլոր գերատեսչությունները՝ նախարարների տեղակալների և այլ պետական կառույցների ղեկավարների տեղակալների մակարդակով։ Քննարկմանը ներկա էր նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։

Միջգերատեսչական առաջին նիստի ընթացքում պետական կառավարման համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացվել են «10/10/10» ծրագրի շրջանակներում մինչ այժմ իրականացված աշխատանքները, ընթացիկ օրակարգն ու այլ գերատեսչությունների ներգրավվածության անհրաժեշտությունը։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ նախագիծը լայնածավալ է և այն կպահանջի պետական կառավարման ողջ համակարգի գործուն մասնակցությունը՝ նախաձեռնության լիակատար հաջողության հասնելու համար։ Էրիկ Գրիգորյանը պատասխանել է նախարարների տեղակալների հարցերին, որոնք մեծամասամբ վերաբերվում էին այլ նախարարությունների մասնակցության ձևաչափին։

Նախարար Գրիգորյանը ներկաների հետ կիսվել է ծառատունկի մասին ընդհանուր տեղեկատվությամբ՝ մասնավորաբար ներկայացնելով, թե ինչպիսի ծառատեսակներ են տնկվելու համահայկական ծառատունկի շրջանակներում, հանրապետության որ հատվածներում է նախատեսված իրականացնել տնկման աշխատանքներ և ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ «10/10/10» ծրագրի իրականացման համար։

Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: