Թուրքիան ուղղակի Էրդողանին հատուկ ավանտյուրայով փորձում է Ադրբեջանին օգտագործել, որ իր ազդեցությունը ուժեղացնի այստեղ. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

Պարո՛ն Սաֆրաստյան, ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմի օրերին Թուրքիայից նախագահի մակարդակով հնչում են սպառնալիքներ, հորդորներ, խորհուրդներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության իշխանությանը: Թուրքիայի մասնակցությունը որքանո՞վ կա այս պատերազմի սանձազերծման գործում, ու այդ հնչող հայտարարություններն ի՞նչ են նշանակում:

– Պետք է գնահատել ոչ թե Թուրքիայի մասնակցության չափն այս ամենում, այլ նկատել, որ սա Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից համատեղ մշակված գործողություն է: Համոզված եմ, որ այստեղ ակտիվ դեր է խաղում հենց Թուրքիան:

Մենք պետք է Թուրքիայի քաղաքականությունը ներկա փուլում հասկանանք. վերջին տարիներին Թուրքիան իր առջև նպատակ է դնում մեր տարածաշրջանին առնչվող ոչ թե առանձին խնդիրներ, այլ նրա ռազմավարական նպատակն է տարածաշրջանը վերցնել իր հսկողության տակ, ու այդ նպատակի համար էլ օգտագործում է Ադրբեջանին:

Ադրբեջանը ձեռնարկեց այդ ագրեսիան, որ ճնշում գործադրի Հայաստանի վրա, Հայաստանն էլ ընդունի իր պայմանները՝ կապված և՛ միջանցքի, և՛ Արցախի հետ:

 – Այսինքն՝ Թուրքիան անմիջական մասնակցությո՞ւն ունի:

– Այո՛, այս ամենը նրանք միասին են մշակել, ու առաջատար դերը հենց Թուրքիայինն է:

Ինչպես տեսանք, Հայաստանի իշխանությունը, կարծեք, փորձում է դիմադրել ադրբեջանական ճնշումներին: Հետագա զարգացումները որո՞նք կլինեն:

– Կարծում եմ՝ Ադրբեջանը հիմնականում կփորձի իրեն ավելի զուսպ պահել, որովհետև մեծ կորուստներ է ունեցել, դա ակնհայտ է: Սա փուլային գործողություններից մեկն էր, ու ես կարծում եմ, որ սա նաև կապված էր այն հանգամանքի հետ, որ Սամարղանդում սպասվում է Պուտին-Էրդողան հանդիպումը:

Հիշում ենք, որ երբ Մինսկի խումբը գործում էր, Թուրքիան ինչ ջանքեր էր գործադրում, որ այդ խմբի համանախագահության շարքերը սողոսկի, բայց չստացվեց: Հիմա Թուրքիան փորձում է հարցերը լուծել Ռուսաստանի հետ ուղղակի բանակցություններով, ու այս երկօրյա ագրեսիվ պատերազմը նպատակ ուներ ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին ցույց տալու, որ Թուրքիան և իր կրտսեր դաշնակից Ադրբեջանը այնպիսի ուժ են, որին Ռուսաստանն էլ չի կարող կանգնեցնել, որովհետև Ռուսաստանն ինքն է արդեն կախվածության մեջ Թուրքիայից, իհարկե Թուրքիան էլ է կախված Ռուսաստանից: Եվ ՀԱՊԿ-ն էլ, տեսանք, որ չգործեց այնպես, ինչպես սպասվում էր, արեց մինիմալը: Այնպես որ, այս ամենը հաշվարկված էր Թուրքիայի գլխավոր շտաբում ու Թուրքիայի ընդհանուր ռազմավարության մաս է կազմում:

Այդ ամենը նկատի ունենալով՝ Թուրքիային, այնուամենայնիվ, կհաջողվի՞ իր ներկայությունն ապահովել տարածաշրջանում, պարո՛ն Սաֆրաստյան:

– Չերևացող պայքար է գնում: Տարածաշրջանը մինչև հիմա ու հիմա էլ դեռ շարունակում է գտնվել Ռուսաստանի ազդեցության ոլորտում, ու դա ընդունվում է աշխարհի կողմից: Թուրքիան՝ ուղղակի Էրդողանին հատուկ ավանտյուրայով փորձում է Ադրբեջանին օգտագործել, որ իր ազդեցությունն ուժեղացնի այստեղ: Պայքար է գնում, ու դրա համար ընտրել է այն ժամանակը, երբ Ռուսաստանը դժվարություններ ունի Ուկրաինայում: Բայց,վերջիվերջո, ինչքան էլ Ռուսաստանը թուլանա, ինչքան էլ զբաղված լինի ուրիշ ուղղություններով, ինչքան էլ փորձի Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի սերտացնել, այնուամենայնիվ, մնում է մեծ կայսրություն իր միջուկային զենքով:

Թուրքիան որքան էլ փորձի այստեղ ուժեղացնել իր դիրքերն Ադրբեջանի միջոցով, դեռևս չի կարող հասնել իր վերջնական նպատակին, որովհետև ընդհանուր գնահատմամբ՝ Թուրքիան ի վերջո միջին պետություն է, Ռուսաստանը՝ մեծ, հզոր պետություն է: Հիմա Թուրքիան այն, ինչ անում է, իր գլխից վեր է թռչում, բայց այդպես չի կարող երկար մնալ, ռեսուրսները սպառվում են:

Տեսնում ենք, որ Թուրքիան արտաքին քաղաքականության ինտենսիվությունը, ինչը կար կես տարի առաջ, արդեն կորցնում է, որովհետև ռեսուրսները չեն բավարարում, որ ամենատարբեր ուղղություններով առաջ տանի իր քաղաքականությունը: Ընդհանուր առմամբ՝ կարող ենք ասել, որ Ռուսաստանը իր դիրքերը պահում է տարածաշրջանում՝ իհարկե որոշ զիջումներ անելով Թուրքիային:

Իսկ Ֆրանսիան ու ԱՄՆն ի՞նչ դիրքորոշում ունեն Թուրքիայի տարածաշրջանային նկրտումների մասով:

– Ֆրանսիան բավական դրական հայտարարություններ է անում է մեզ համար, բայց Ֆրանսիայի քաղաքականությունը մեր տարածաշրջանում մաս է կազմում Եվրամիության քաղաքականությանը, որի ղեկավարը մեր տարածաշրջանում Շառլ Միշելն է:

Եվրամիությունը հիմա փորձում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման որոշակի ծրագիր առաջարկել, որը դեռևս արդյունք չի տվել: Իսկ ԱՄՆ-ն ներկա փուլում առանձնապես ակտիվ չէ, չնայած հիմա ԱՄՆ-ի ղեկավարությունն ավելի հետաքրքրված է մեր տարածաշրջանով, քան Թրամփի ժամանակ էր, բայց ինքնուրույն քաղաքականություն ամերիկացիները դեռևս մեր տարածաշրջանում չեն վարում:

Ինչո՞ւ Թուրքիան Հայաստանին ճնշելու համար ընտրեց ՀայաստանԱդրբեջան սահմանը, ոչ թե Արցախը:

– Արցախում ռուսական խաղաղապահ ուժեր են կանգնած, և ուզած թե չուզած ինչ-որ բախումներ կարող էին լինել, իսկ այս փուլում Թուրքիան չի ուզում Ռուսաստանի հետ հարաբերությունները սրվեն:

 – Կարծում եք, որ այս հրադադարը կպահպանվի՞, Ադրբեջանը որոշ ժամանակ դադա՞ր կվերցնի:

– Կարծում եմ՝ այո՛, որովհետև առաջին անգամ մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ը ինչ-որ գործողություն է ձեռնարկում: Մեր ուզածը չէ, բայց ինչ-որ մի բան անում է, երկրորդը՝ վերջիվերջո, մեր զինուժի հակահարվածն այնքան ուժեղ է եղել, որ Ադրբեջանին երկար ժամանակ է պետք, որ խելքը գլուխը հավաքի էդ հարվածից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am