Ի՞նչու է Գարեգին Բ-ն այցելել Մոսկվա. տեր Եսայի Արթենյանը՝ Կաթողիկոսի, Ռուսիո պատրիարքի եւ Ալլահշյուքուր Փաշազադեի հանդիպման մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի Արթենյանը

– Արդեն երկու օր է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ է ունենում Մոսկվայում, այսօր էլ կայացավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշյուքուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը: Տե՛ր Եսայի, այս եռակողմ հանդիպումը ծրագրվա՞ծ էր, և, ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումները:

– Երեք երկրների հոգևոր առաջնորդների այսօր կայացած եռակողմ հանդիպումը 30 տարվա պատմություն ունի: Այսինքն՝ սկսվել է 1988 թվականից, և, պարբերաբար, ամեն տարի Ռուս Պատրիարքի միջնորդությամբ այս հանդիպումը կայանում է: Սա 17-րդ հանդիպումն էր, և դրանց քննարկման հիմնական առանցքը եղել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, գերիների վերադարձի, անհետ կորածների հարցը, դիպուկահարներին սահմանագծից հեռացնելու հարցը և այդպես շարունակ:

– Պատերազմից հետո սա, փաստորեն, առաջին հանդիպումն էր:

– Այո՛, 44-օրյա պատերազմից հետո սա առաջին եռակողմ հանդիպումն էր: Վազգեն Վեհափառից սկսած Հայ Առաքելական Եկեղեցու Ամենայն Հայոց Հայրապետները միշտ էլ մասնակցել են: 

– Նոր իրողությունների պայմաններում է ստացվել 17-րդ հանդիպումը, ի՞նչ շեշտադրումներ են արվել, տեղյա՞կ եք:

– Այս հանդիպման հետ կապված արդյունքների ամփոփման առումով շուտով կլինի Պատրիարքի խոսքը, որն ամփոփում է նման հանդիպումները: Բայց նախընթաց բոլոր հանդիպումներում, այս մեկում նույնպես հիմնական քննարկվող թեման Արցախի ժողովրդի անվտանգության հարցերն են և, հատկապես, հետպատերազմյան շրջանի մարտահրավերները: Այսինքն՝ փնտրվում են այս խնդիրների հետ կապված հարցերի պատասխաններ: 

Սա հարթակ է ընդհանուր հարցեր բարձրացնելու, մեզ համար հարթակ է նաև ղարաբաղյան հարցում ճշմարտությունը բարձրաձայնելու և նաև համատեղ ջանքերով գոյություն ունեցող տարբեր խնդիրներին լուծումներ գտնելու:

– Տե՛ր Եսայի, իսկ հոգևոր առաջնորդների այս հանդիպումները որքանո՞վ են արդյունք տալիս հակամարտության լուծմանը:

– Նախորդ տարիներում հանդիպումների փորձն ու պատմությունը ցույց են տվել, որ այս հարթակի շրջանակներում ձեռք են բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ, և նաև այդ պայմանավորվածությունները ընթացքի մեջ են եղել, գտնվել են լուծումներ, և արդյունքներ գրանցվել են: 

Պետք է նաև նկատի ունենալ, որ այս հարթակը կարևոր է մեզ համար այն տեսանկյունից, որ բարձրաձայնվում են արցախահայության խնդիրները, առհասարակ՝ պատերազմից հետո առաջացած մարտահրավերները:

– Ռուս Պատրիարքի հետ հանդիպումից հետո լուր տարածվեց, որի համաձայն Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարել է, թե Հայաստանը չի կարող հաղթահարել դժվարությունները առանց Ռուսաստանի: Շատ շրջանակներ քննադատեցին այդ հայտարարությունը, և մտքեր արտահայտվեցին, թե դա Հայաստանի ինքնիշխանության կորստի հերթական վկայությունն է: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Մեկը մյուսի հետ կապել չի կարելի, նախ՝ որովհետև նման հանդիպումներն ունեն 30 տարվա պատմություն և ամենևին էլ կապ չունեն իշխանությունների ու քաղաքականության հետ: Դա կոնկրետ Ռուս Պատրիարքի միջնորդությամբ իրականացվող հանդիպումներ են:

Իսկ ինչ վերաբերում է ձեր վկայակոչմանը, եթե Վեհափառի խոսքի մեջ նման շեշտադրում են գտել, իհարկե դա թյուրիմացություն է: Ռուսաստանի հետ մենք նաև եկեղեցիների առումով ունենք դարավոր բարեկամական ջերմ, համագործակցային հարաբերություններ: 

Ռուսաստանը, գաղտնիք չէ, շատ դեպքերում՝ և՛ Արցախյան պատերազմի, ինչպես նաև հակամարտության շրջանակներում, ունեցել է մեծ դերակատարում: Դա հերքել ոչ մեկը չի կարող:

– Քննադատության հիմնական միտքն այն էր, որ ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ եթե Ռուսաստանը չլինի, Հայաստանը չի կարող գոյատևել:

– Համենայնդեպս, և՛ Ռուս Պատրիարքի, և՛ եռակողմ ձևաչափով հանդիպման ընթացքում նման միտք կամ նման շեշտադրում չի եղել, որ առանց Ռուսաստանի Հայաստանը գոյություն ունենալ չի կարող: 

– Ճի՞շտ հասկացա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը առանց ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցման է հանդիպումներ անցկացրել ՌԴ-ում:

– Դրա անհրաժեշտությունն ամենևին չկար, որովհետև այս հանդիպումները իրականանում են կոնկրետ ռուսական կողմի, Ռուս Եկեղեցու նախաձեռնությամբ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am