«Սուրիկ Խաչատրյանն անօրինական գույք չունի, իսկ ինչ էլ ունի՝ վաստակել է իր քրտինքով». նախկին պաշտոնյան մտադիր չէ գնալ հաշտության

Սյունիքի նախկին մարզպետ, Հանրապետական կուսակցության անդամ Սուրիկ Խաչատրյանը համաձայն չէ ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշման հետ, չի պատրաստվում հաշտություն կնքել և մտադիր է դատարանում պաշտպանել իր գույքն ու ակտիվները:

«Տեղյակ ենք հայցադիմումի մասին: Օրենքը մեզ թույլ է տալիս հաշտության գնալ, բայց մենք հաշտության եզր չենք տեսնում: Ավելին, գտնում ենք, որ հայցադիմումն ամբողջությամբ անհիմն է»,- «Մեդիալաբին» ասում է Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Դրանով դատարանին պահանջ է ներկայացվել ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 19.1 մլրդ դրամի ապօրինի ծագման գույքեր ու ակտիվներ:

Դատախազությունը ներկայացրել էր նաև Սուրիկ Խաչատրյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց ունեցվածքի ցանկը՝

5 անշարժ գույքեր՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1.530.135.900 ՀՀ դրամ, մասնակցություններ 3 իրավաբանական անձերում,

614 մլն 544.139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,

2 մլրդ 410.463.523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը,

ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4.450.350.364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,

օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10 մլրդ 098.300.000 ՀՀ դրամ ներդրման գումարը:

Փաստաբանը վստահեցնում է՝ Սուրիկ Խաչատրյանն անօրինական գույք չունի, իսկ ինչ էլ ունի՝ «հալալ քրտինքով աշխատած» է:

«Նրա ունեցած գույքի ու դրամական միջոցների մասին մենք խիստ հիմնավոր արձագանք ենք պատրաստել ներկայացված հայցադիմումին ու շատ շուտով կներկայացնենք: Նաև հանրությունը կտեղեկանա դրա մասին: Բայց մինչ այդ կարող եմ ասել, որ Սուրիկ Խաչատրյանը աշխատասեր ու գործարար մարդ է եղել, ի տարբերություն շատ-շատ պետական գործիչների, նա մինչև Հայաստան գալը ծավալել է ձեռնարկատիրական գործունեություն Ռուսաստանում և Ուկրաինայում: Եկել է Հայաստան օգնելու մեր երկրին պատերազմական գործողությունների ժամանակ ու մեծ քանակությամբ զենք-զինամթերք է բերել Հայաստան: Այսինքն՝ այդ ժամանակ արդեն որոշակի գումարի ու գույքի տեր է եղել ու աղքատ չի եղել»,-ներկայացնում է փաստաբանը:

Զիլֆուղարյանն ասում է՝ իր վստահորդը Հայաստանում միանգամայն օրինական գործունեություն է ծավալել: Դիտարկմանը, թե դատախազության հաղորդագրության մեջ նշվում է նաև օֆշորային կազմակերպությանը փոխանցված հսկայական գումարների մասին, փաստաբանն արձագանքում է. «Դե, հա, հետո ի՞նչ որ ասում ա, էդ իրա եղած գումարներից փոխանցել է օֆշոր, լավ է արել, փոխանցել է: Սուրիկ Խաչատրյանը այն յուրահատուկ անձն է, որ եղել է աշխատասեր ու գործարար, միշտ օրինական ճանապարհով բարիք է ստեղծել իր հարազատների հետ միասին: Իրավապահներն ասում են՝ էսքան բան չէր կարող անել, ունենալ իր աշխատավարձով: Իհարկե չէր կարող, ով է ասում, որ էդ ամենն աշխատավարձով է արել»:

Հետաքրքրվեցինք՝ չի օգտագործե՞լ պաշտոնեական դիրք, հարաբերություններ, կաշառք, ինչին Մարտին Զիլֆուղարյանը պատասխանում է. «Ի տարբերություն շատերի, նա պետական լծակներ չի օգտագործել: Ինքն աշխատել է շնորհքով, իր բիզնեսներով, իր աշխատանքով և վերջապես իր քրտինքով ստեղծել է էդ գումարները: Ամբողջ խնդիրը հենց այն է, որ իրավապահները Սուրիկ Խաչատրյանին շփոթում են ուրիշների հետ, որոնք ոչինչ չունենալով՝ եկել են պետական պաշտոնի ու սկսել են էստեղից-էնտեղից պոկել, բայց ինքը ոչինչ չի արել: Կարիքը չի ունեցել պարզապես: Այն ամենը, ինչ ասում եմ ձեզ, կապացուցեմ դատարանում: Խոստանում եմ»:

Նկատենք՝ Հայաստանում ապօրինի գույքի բռնագանձման պահանջով Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ հայցադիմումը 13-րդն է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am