«Սարգսյանի պատկերացումները Հայաստանի մասին ոչ ադեկվատ են, նա չի տիրապետում իրականությանը». վերլուծաբանները` նախագահի հարցազրույցի մասին

«Սարգսյանի պատկերացումները Հայաստանի մասին ոչ ադեկվատ են, նա չի տիրապետում իրականությանը». վերլուծաբանները` նախագահի հարցազրույցի մասին
«Սարգսյանի պատկերացումները Հայաստանի մասին ոչ ադեկվատ են, նա չի տիրապետում իրականությանը». վերլուծաբանները` նախագահի հարցազրույցի մասին

Հունվարի 19-ին «Ազատություն» ռադիոկայանին Սերժ Սարգսյանի հարցազրույցը քաղաքական վերլուծաբաններից ոմանք որակում են որպես «ոչինչ չասող եւ Հայաստանի մասին իրական պատկերացումներ չունեցող նախագահի հարցազրույց»:
«Ես մի փոքր տարակուսած եմ, որ ըստ էության շատ խուսափողական պատասխաններ էին տրվում»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Նա նշում է, որ եթե իշխանության առջեւ դրված չի խնդիր մրցակիցներ աճեցնելու, ինչպես որ նշել է Սարգսյանը, ապա խնդիր չկա նաեւ մրցակիցներ ոչնչացնելու:

«Բայց պետք է մրցակցության հավասար պայմաններ թողնեն: Ոչ մեկ չի ակնկալում, որ իշխանությունը մրցակիցներ աճեցնի եւ ոչ մեկ ջերմոցային պայմաններում աճեցման կարիքը չունի, բայց դրան հակառակ պետք չէ մրցակիցներ ոչնչացնել»,-ասում է Սաֆարյանը:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նույնպես կարծում է, որ ՀՀ իշխանությունը պարտավոր էր ստեղծել այնպիսի պայմաններ, որ մրցակիցներ լինեին, «ինչը եւ պահանջում էր Արեւմուտքը»:

«Իհարկե իշխանությունը պարտավոր չէ մրցակիցներ աճեցնել, բայց նա պարտավոր էր պայմաններ ստեղծել ու մրցակիցներ կլինեին: Հասարակությանը չես կարող խաբել, քանի որ այն շատ լավ հասկանում է, որ իրականում չկա մրցակցություն: Նույնը հասկանում է եւ Արեւմուտքը, եւ միջազգային կառույցները դեղին քարտ ցույց տվեցին ՀՀ իշխանություններին, որ չկան մրցակցային ընտրություններ»,-«Մեդիալաբին» ասում է Բադալյանը:

Նա մատնանշում է, որ նախագահ Սարգսյանի պատկերացումները Հայաստանի մասին ոչ ադեկվատ են եւ նա չի տիրապետում իրականությանը:

«Նրա նախագահության օրոք շուրջ 200 հազար մարդ է լքել Հայաստանը, իսկ նա ասում է, որ արտագաղթի մասին խոսելը այսօր ակտուալություն չունի կամ նշում է, որ ոչ Հայաստանում բոլորը կարող են զբաղվել արդյունավետ բիզնեսով, դե իհարկե, որովհետեւ երկրում ողջ մենաշնորհը նախագահի շրջապատի բիզնեսմեններինն է»,-ասում է Բադալյանը:

Նշենք, որ օրեր առաջ Ազատության ռադիոկայանի հետ հարցազրույցում նախագահ Սարգսյանը անդրադարձել էր գալիք նախագահական ընտրություններին՝ նշելով, որ իշխանությունների պրոբլեմը չէ մրցակից աճեցնելը։

«Ես համարում եմ, որ իշխանությունների խնդիրն է մրցակցային դաշտ, մրցակցային մթնոլորտ ստեղծելը, թեեւ սա էլ միայն իշխանությունների պարտականությունների մեջ չի մտնում։ Բայց մենք ի՞նչ պետք է անեինք, գնայինք Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից մեր մի հայրենակցի՞ բերեինք, պարտադրեի՞նք, կամ ինչ-որ մեկին այստեղ սկսեինք աճեցնե՞լ։ Դա այն է, ինչում փորձում են մեզ մեղադրել, որ իբր մենք դրանով ենք զբաղված։ Փառք Աստծո, մենք դրանով երբեք չենք զբաղվել, չենք զբաղվելու, եւ դա ընդհանրապես ոչ շնորհակալ գործ է»,-ասել է Սարգսյանը:

Անդրադառնալով նաեւ արտագաղթին՝ նախագահը համոզված է, որ ՀՀ քաղաքացիները լքում են Հայաստանը միայն բարձր աշխատավարձ ունենալու համար:

«Երբ մեկ-մեկ խոսում են այն մասին, որ Հայաստանում արդարության, ազատության պակաս կա եւ այլն, դրա համար են մեր քաղաքացիները գնում, ես կտրականապես դրա հետ համաձայն չեմ: Ինչո՞ւ։ Որովհետեւ երբ նայում ենք աշխարհագրությունը, թե որ երկրներ գնացին մեր քաղաքացիները, ապա հստակորեն տեսնում ենք, որ ավելի շատ արդարություն ունեցող երկրներ չեն գնում: Հիմնականում գնում են բարձր աշխատավարձի ետեւից… Ես համաձայն չեմ Ձեր դրույթի հետ, թե մենք կորցնում ենք այդ մարդկանց: Ոչ, չենք կորցնում…»,-ասել է Սարգսյանը:

© Medialab.am