Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ. ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել է երկու անձ։ Ըստ ՔԿ-ի՝ գործի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ ՊՆ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Էդիկ Մալոյանը դրդել է գաղտնիության ռեժիմի գծով սպային հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև այն հրապարակել է նաև ինքը։

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Է.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռ.Ջ.-ի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Է.Մ.-ն և Ռ.Ջ.-ն ձերբակալվել են, նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: 

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում: