Վերջին շաբաթներում սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրած ուսուցիչների կողմից աշակերտների նկատմամբ կիրառած բռնությունները, բացի պարսավանքից, առաջ բերեցին մտավախություններ, որ աշակերտները կարող են միտումնավոր բարկացնել ուսուցչին և նման եղանակով վրեժխնդիր լինել, ասենք` ցածր գնահատականի համար:
Առաջին աղմկահարույց դեպքը` Երևանի Պուշկինի անվան 8-րդ հիմնական դպրոցում, երբ դպրոցի տղամարդ ուսուցիչներից մեկը քաշքշում է ութերորդ դասարանցի աշակերտին ասելով՝ «ուռո´ւ գլուխ, դե´բիլ…» և այլ որակումներ տալիս, համացանցում հայտնվեց դեպքից մեկ ու կես տարի անց: Ուսուցիչը` Էդուարդ Եվգենիի Գևորգիզովը, աղմուկից հետո հեռացավ դպրոցից, իսկ քաղաքապետարանը դպրոցի տնօրինությանը խիստ նկատողություն հայտարարեց:
«Տեղեկացնում ենք, որ նյութը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հրավիրված խորհրդակցությունում: Բոլոր տնօրեններին հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել դպրոցներում մանկավարժին ոչ վայել դրսևորումները բացառելու ուղղությամբ»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Կատարվածին հոկտեմբերի 18-ին անդրադարձավ նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Երեխայի նկատմամբ ոչ մի բռնություն չունի հիմնավորում: Ցանկացած երեխայի նկատմամբ հանրակրթական դպրոցում ոտնձգությունը պետք է խստագույնս պատժվի»,- ասել է նախարարը:
Այդուհանդերձ պարզվում է, որ բոլորը չեն, որ կատարվածին միանշանակ վերաբերմունք են ցուցաբերում: Պուշկինի դպրոցի աշակերտուհիներից մեկը, ով խնդրեց անանուն մնալ, «Մեդիալաբին» ասում է, որ Գևորգիզովը լավ ուսուցիչ էր:
«Իմ կարծիքով` նա լավ ուսուցիչ էր: Մեզ չէր ծեծում, բայց բոլորն էլ կարող են, չէ՞, հունից դուրս գալ: Նա կարող էր բարկանալ, եթե երեխաներից մեկը դասը խանգարում էր, ասենք, եթե իրար վրա թղթեր էին նետում»,- ասում է նա:
Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանն ասում է, որ Էդուարդ Եվգենիի Գևորգիզովի հասցեին նախկինում երբեք բողոքներ չէին եղել: Ավելին` նրան հաճախ էին տեսնում երեխաներով շրջապատված, աշակերտները սիրում էին նրան:
«Իհարկե, ծեծող ուսուցիչ դպրոցում չպետք է լինի: Դա անգամ քննարկման ենթակա չէ: Բայց յուրաքանչյուր դեպք ունի իր նախապատմությունը ու պետք է քննարկվի երեխաների, ուսուցիչների, ծնողների հետ միասին և ունենա վերլուծություն»,- «Մեդիալաբին» ասում է Մարիետա Մատղաշյանը:
Մինչ հասարակությունը փորձում էր ուշքի գալ տեսանյութի բերած քննարկումներից և վերլուծել ու քննարկել, թե ի´նչ է իրականում տեղի ունեցել Պուշկինի դպրոցում, հոկտեմբերի 17-ին YouTube ցանցում հայտնվեց հերթական տեսագրությունը, որտեղ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գայի անվան թիվ 129 դպրոցի ուսուցչուհի Լենա Աբգարյանը ծեծում և անկյուն է կանգնեցնում աշակերտներին: Տեսագրությունը գրեթե երկու տարվա վաղեմություն ուներ: Ուսուցչուհին կրկին հեռացավ դպրոցից:
Այս երկրորդ տեսանյութը նորից բողոքի և քննարկումների ալիք բարձրացրեց: Կարծիքները տարբեր են: Մտավախություններ հնչեցին, որ եթե այսպես շարունակվի, յուրաքանչյուր աշակերտ կարող է բարկացնել ուսուցչին, հասցնել նրան նյարդային լարվածության ծայրահեղ աստիճանի, և երբ մարդը չկարողանա տիրապետել իրեն, նկարահանել նրան, որից հետո համացանցի միջոցով վարկաբեկել:
Թիվ 131 դպրոցի տնօրեն Գրիգոր Սաֆարյանը «Մեդիալաբին» ասում է, որ ինքը կտրականապես դեմ է բռնությանը, սակայն այն ձևը, որն օգտագործել է աշակերտը ուսուցչի դեմ դուրս գալու համար, նույնպես մտածելու տեղիք է տալիս:
«Չպետք է երեխային դեռ փոքրուց կլյաուզայի սովորեցնել: Դա հարիր չէ մեր ազգային նկարագրին: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այդ ամենն անելիս երեխայի ներաշխարհում ինչե~ր են կատարվում, ինչպե´ս է նա չարանում: Երեխային չպետք է փոքրուց չարացնել»,- ասում է Գրիգոր Սաֆարյանը:
Մարիամ Խաչատրյանը, որը ժամանակին պրակտիկա է անցել Չեխովի անվան դպրոցում և 7-րդ դասարանցիներին ռուս գրականություն դասավանդել, հասցրել է մի հետևություն անել:
«Ընդհանրապես երեխաների մոտ չարժե խոսել նրանց իրավունքների մասին, քանի որ այդ տարիքում նրանք ըմբռնում են միայն իրենց իրավունքները և դրանից քաղում են այն, ինչ իրենց ձեռնտու է, և չեն մտածում, որ դիմացի մարդիկ նույնպես իրավունքներ ունեն, և որ իրենք, իրավունքներից բացի, պարտականություններ էլ ունեն: Այդ երեխաների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք ամեն ինչի իրավունք ունեն»,- «Մեդիալաբին» ասում է Մարիամ Խաչատրյանը:
Մինչդեռ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կատարվածի մեջ ոչ մի վատ միտում չի տեսնում: Ըստ նրա` միակ խնդիրն այն է, որ համացանցը անանունության հնարավորություն է տալիս, մինչդեռ նման խնդիրները պետք է բարձրաձայնել հրապարակավ` նշելով ստույգ անուններ:
«Տեղեկատվական տեխնոլոգիաները բացահայտեցին մի հիվանդություն, որի մասին բոլորս գիտեինք: Ո՞վ չգիտեր, որ դպրոցները փակ համակարգ են, որ այդ փակ համակարգում կա սովորողի իրավունքների ոտնահարում, ընդհուպ մինչև ֆիզիկական բռնություն, խոշտանգում, պատիժ: Չգիտեի՞նք: Այսինքն` սա բացահատվեց: Եվ լավ է, փառք Աստծո»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Բլեյանը:
Տնօրենի կարծիքով` մենք պետք է երեխայի արժանապատվությունը շատ թանկ գնահատենք: «Իհարկե, ամեն մի դեպք, փաստ անհատական է: Եվ պահանջում է անհատական մոտեցում: Բայց ես երևույթի մասին եմ խոսում: Քանի որ մեկ-երկու-երեք-չորս… այդ բուն փաստերը խոսում են երևույթի մասին»,- ասում է Աշոտ Բլեյանը:
Ըստ Բլեյանի` այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները, թվային միջոցները, ինտերնետը, տեսահսկումը կարող են ու պետք է մեզ օգնեն, որպեսզի դպրոցը` որպես համայնք, բաց դառնա: Այս հարցում Հայաստանում իրոք նոր զարգացումներ կարելի է սպասել, քանի որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեղեկացմամբ` 2010 թվականի հունիսի տվյալներով` երկրի բնակչության 47,1%-ն օգտվում է ինտերնետից:
Իսկ այն մասին, թե Հայաստանի դպրոցներում բռնություն հաճա՞խ է կիրառվում, այսօր թարմ ուսումնասիրություններ գտնելը բավական բարդ է: Վերջին անգամ 2008 թվականին այս թեմայի շուրջ հետազոտություններ է անցկացրել Հայաստանի հելսինկյան կոմիտեն` մարզերի ՀԿ-ների և երիտասարդների օգնությամբ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցությամբ։
Ուսումնասիրությունն անցկացվել է Հայաստանի յոթ մարզերի և Երևանի դպրոցներում, որին մասնակցել են 37 դպրոցների 1785 աշակերտներ: Աշակերտների 74%-ն ասել է, որ իրենց ընկերները դպրոցում տարբեր պատիժների և բռնությունների են ենթարկվում: Նրանց 30%-ն ասել է, որ հենց իրենք են պարբերաբար բռնությունների ենթարկվում։
Աշոտ Բլեյանն ասում է, թե շատ կարևոր է, որ դպրոցական հարաբերությունները հիմնված լինեն ծնող-ուսուցիչ-աշակերտ փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա, ինչը հնարավորություն կտա ծնողին տեղեկացված լինելու դպրոցի անցուդարձին:
«Որ ծնողը ցանկացած պահին իմանա ինչ ուզենա: Եթե հիմա նայեք մեր կրթօջախի ինտերնետային կայքը, այն այնքան բաց համակարգ է, որ մենք հանել ենք անգամ խմբագրի պաշտոնը,- «Մեդիալաբին» ասում է Բլեյանը: – Մենք ինքներս ենք երեխային ասում` նկարի´ր, դի´ր ինտերնետում քո տեսածը, նաև պատմի´ր»:
Լիաննա Խաչատրյան
© Medialab.am