Հայկական բանակը, Արցախի քաղաքական ղեկավարությունը հստակ խնդիր էր ձևակերպել՝ պետք է ժամ առաջ կանգնեցնել պատերազմը: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ՝ անդրադառնալով պատերազմը դադարեցնելու համաձայնությանը:
«Ես իմ նախորդ տեքստում ևս ասել եմ, որ այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը: Մենք ունեցել ենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը չէր երևում կամ դրանց լուծման ռեսուրսը սպառված էր: Օրինակ բախվել ենք դեպքերի, երբ զինված ուժերի գունդը մարտական նպատակով պետք է տեղափոխվեր, սակայն տվյալ բնակավայրի բնակիչները փակել էին զորամասի դռները, մեքենաներին թույլ չեն տվել, որ դուրս գան: Այդպիսի տասնյակ դեպքեր ենք ունեցել: Արդյունքում, տեխնիկա առանջնագիծ հասցնելու խնդիր է եղել: Շատ դեպքերում կոշտ միջամտություն է կատարվել, որոշ դեպքերում չի եղել հնարավորություն, որովհետև ոստիկանները գործուղված են եղել առաջնագիծ: Դա բերել է լուրջ, ծանր հետևանքների»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը որպես հաջորդ խնդիրը նշել է զորահավաքային համակարգի հարցը: Նրա խոսքով, կա գործող բանակ, անհրաժեշտության դեպքում զորահավաքով ներգրավվում են քաղաքացիներ: Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք սրտի, այնքան պատրաստ չեն ռազմական գործողությունների լիարժեք մասնակցելու, արագ կորցնում են մարտունակությունը: Արդյունքում, խնդիրներ են առաջանում:
«Դա ամենևին չի նշանակում, որ այդ ներգրավվածներից բոլորն են նույն վիճակում եղել: Մենք ունեցել ենք մարդիկ, որոնք հերոսական կռիվ են տվել: Ամեն դեպքում մենք բախվել ենք նաև որոշակի դասալքության խնդրի, որը հնարավոր չի եղել լուծել: Երբ ներգրավված ամբողջ ռեսուրսն արդյունավետ չի եղել, մենք խնդիր ենք ունեցել, լավ կռվողները շատ հաճախ իրենց փոխարինող չեն ունեցել: Իրենց էլ պետք է հանգստանալու հնարավորություն տրվի: Եղել են մարդիկ, որոնք մեկ ամիս շարունակ մնացել են և այդպես էլ փոխարինող հնարավոր չի եղել գտնել: Այդ ամենը ստեղծել է լուրջ խնդիրներ, այն աստիճան, որ մեր բանակը, Արցախի քաղաքական ղեկավարությունը հստակ խնդիր է ձևակերպել, որ պետք է ժամ առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետևանքները կլինեն ավելի ծանր: Սա չափազանց դժվար ու ծանր որոշում է եղել: Մեր վրդովմունքը նույնպես առաջացրել է, բայց մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ այլընտրանք գոյություն չուներ»,-ասաց վարչապետը:
Ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին նույն պայմաններով զինադադար չի կնքվել: Հարցի առնչությամբ ՀՀ վարչապետը նշեց, որ սեպտեմբերի 27-ին զինադադարի պայմանները շարունակում էին մնալ նույնը:
«Դա կարող էր ընդունվել, միայն ձեզ և մեզ հայտնի 7 շրջանները հանձնելու պայմանով: Մենք նման քայլի չէինք կարող գնալ, որովհետև մենք հավատում էինք, որ Արցախի բանակը, հայ ժողովուրդը կկարողանային այնպես անել, որ ոչ թե մենք շահագրգռված լինեինք հրադադարի մեջ, այլ մենք պարտադրեինք հրադադար, ինչը, ցավոք սրտի, տեղի չունեցավ: Մենք չէինք կարող մտածել, որ տարածքներ հանձնելը հրադադարի հասնելու ճիշտ ճանապարհ է: Հարց կհնչի, այդ դեպքում ինչու որոշեցինք այնուամենայնիվ գնալ նման քայլի, մի պարզ պատճառով, բանակի զեկույցները լսելով, մեզ համար ակնհայտ դարձավ, որ հետագա շարունակության հետևանքները լինելու են շատ ավելի ծանր: Ինչքան էլ ծանր լինի, այս պահին պետք է ուղղակի կանգ առնել»,-հավելել է նա: