Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաշված օրեր են մնացել

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաշված օրեր են մնացել
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաշված օրեր են մնացել

Փոփոխությունների շրջանակներում առաջարկվում է անցում կատարել նախագահական կառավարաման համակարգից խորհրդարանական համակարգին:

Շաբաթվա վերջում կայանալիք հանրաքվեին ընտրողները պետք է որոշեն՝ արդյո՞ք հաստատել սահմանադրական բարեփոխումները, որոնց շնորհիվ՝ նախագահի լիազորությունները կկրճատվեն՝ ընդլայնելով խորհրդարանի եւ վարչապետի իրավասությունների շրջանակը:

Փոփոխությունների փաթեթը, որի համար քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, հանդիպեց քաղաքական ընդդիմության դիմադրությանը, սակայն ողջունվեց սահմանադրական օրենսդրության հարցերով Եվրոպայի խորհրդին կից փորձագիտական-խորհրդատվական մարմնի՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից:

Բարեփոխումների հաստատման դեպքում, այսուհետ երկրի նախագահը կզբաղեցնի իր պաշտոնը ոչ թե անմիջական ընտրությունների միջոցով, այլ կընտրվի խորհրդարանի կողմից: Նախագահի պաշտոնավարության ժամկետը եւս փոփոխության կենթարկվի. ներկայիս 5 տարվա փոխարեն այն կերակարաձգվի մինչեւ 7 տարի:

Լիազորությունների կրճատման դեպքում, նախագահն առավելապես զուտ ձեւական դեր կունենա եւ իրավունք կունենա զբաղեցնել իր պաշտոնն ընդամենը մեկ անգամ՝ առանց վերընտրման իրավունքի:

Այնուամենայնիվ, բարեփոխումների փաթեթի հակառակորդներին առավելապես մտահոգում է այն, որ նոր սահմանադրությանն «այո» ասելու դեպքում, Հայաստանն ավելի ժողովրդավարական պետության վերածվելու փոխարեն, կհայտնվի անժամկետ միակուսակցական ռեժիմի ճիրաններում:

Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, տարիներ շարունակ պահպանել է մեծամասնությունը խորհրդարանում, եւ նախաձեռնության քննադատներն ասում են, որ Սարգսյանը կկարողանա պահպանել դե ֆակտո քաղաքական իշխանությունը, երբ ավարտվի նրա պաշտոնավարման ժամկետը 2018 թվականին: Սահմանադրության դրույթներից մեկ գրեթե երաշխավորում է, որ հանրապետականները կպահպանեն խորհրդարանի նկատմամբ վերահսկողությունը: Եթե խորհրդարանական ընտրություններից հետո ոչ մի կուսակցություն չկարողանա կառավարություն ձեւավորել, ապա քվեարկության երկրորդ փուլ տեղի կանցկացվի առաջին փուլում ամենից շատ ձայներ հավաքած երկու կուսակցությունների կամ կոալիցիաների մասնակցությամբ:

Հոկտեմբերի 23-24-ը կայացած հանդիպման շրջանակներում, սակայն, Վենետիկի հանձնաժողովը միաձայն ընդունված իրավական եզրակացությամբ հավանություն տվեց սահմանադրական բարեփոխումներին:

Ինչպես IWPR-ին հայտնեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, փոփոխությունների տեքստը համահունչ է հանձնաժողովի առաջարկներին, եւ փորձագետները «չափազանց գոհ են» Հայաստանի հատուկ նախագահական հանձնաժողովի մշակած բարեփոխումների փաթեթից:

Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի տեղակալ Սիմոնա Գրանատա-Մենգինին, իր հերթին, անհիմն է համարում հայկական ԶԼՄ-ներում տեղ գտած որոշ առարկությունները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

«Մենք, իսկապես, այդ տեքստը խնդրահարույց չենք համարում», – հայտարարել է նա, հավելելով, որ իրական խնդիրը կայանում է Հայաստանում վստահության բացակայության մեջ, ինչն էլ հանգեցնում է տարածված այն տեսակետին, թե «այստեղ ինչ-որ բան սխալ պետք է լինի, քանի որ սա չափազանց լավ է, որ ճշմարտություն լինի»:

Սահմանադրական բարեփոխումները հանգեցրել են  հայաստանյան քաղաքական դաշտի բեւեռացման: Փոփոխության կողմնակիցները պնդում են, որ պատրաստ են ավելի լավ համակարգ ստեղծել, իսկ հակառակորդները մնում են այն կարծիքին, որ ճիշտ հակառակն է լինելու, եւ որ նախաձեռնությունը միայն քաղաքական անկայունություն ու քաոս կբերի: Հիմնական ընտրազանգվածը, սակայն, կարծես ընդհանրապես անտարբեր է սահմանադրական բարեփոխումների եւ նրանց շուրջ սկսված քարոզարշավի նկատմամբ (մանրամասների համար՝ տե՛ս հոդվածի անգլերեն տարբերակը):

Վենետիկի հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է որոշի, թե արդյոք կողմ է նոր սահմանադրությանը, թե՝ ոչ, թեեւ ավելի լավ կլիներ, եթե հասարկությունն առավել տեղեկացված լիներ, քանի որ բարեփոխումների հետ կապված մանրամասներն իրականում այնքան էլ լավ չեն ընկալվում:  

Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններին՝ Գրանատա-Մենգինին նշում է, որ նախագահական կամ կիսանախագահական համակարգի շրջանակներում, պետության ղեկավարները չեն կարող պատասխանատվության ենթարկվել, քանի որ նրանց իրավասությունների շրջանակն այնքան մեծ է, որ այն թույլ է տալիս նրանց պահպանել նախագահական աթոռը ընդհուպ մինչեւ պաշտոնավարման ժամկետի ավարտը, բացառությամբ իմպիչմենտի դեպքերի:

«Այս ամենի հետեւանքով իշխանության՝ բռնատիրական համակարգի վերածվելու վտանգ է առաջանում», – ասում է նա:

Նախագահ Սերժ Սարգսյանի մտադրությունները, սակայն, Գրանատա-Մենգինին էական չի համարում:

«Մենք, բնականաբար, չենք կարող իմանալ, եւ մեզ չի էլ վերաբերում այն հարցը՝ արդյոք գործող նախագահն իր թեկնածությունը կառաջադրի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար: Եթե նա այդ  քայլին դիմի, ապա սահմանադրությունը… կունենա մեխանիզմներ, որոնք թույլ կտան խորհրդարանին եւ ժողովրդին միջամտել», – կարծիք է հայտնել Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի տեղակալը:

Հանձնաժողովի փորձագետների համար, սակայն, անակնկալ էր այն փաստը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է ղեկավարում Հանրապետականների նախընտրական շտաբը, ինչը նշանակում է, որ կառավարությունը չեզոքություն չի պահպանում, եւ որ սա կարող է հակառակ արդյունքի բերել՝ հետ կանգնեցնելով ընտրողներին նոր սահմանադրության օգտին քվեարկելուց:

«Ինձ համար տարօրինակ է սա հնչում: Ըստ էության, վարչապետը պետք է զբաղված լինի այլ բաներով, եւ պետք է գտնվեն մարդիկ, ովքեր կարող են իրենց ուսերին վերցնել այդ բեռը», – նշում է Բուքիքիոն:

Վենետիկի հանձնաժոցովի փորձագետները նաեւ որոշ «ակնառու խնդիրներ» են նշել ընտրողների ցուցակների ճշգրտության հետ կապված, ինչը կարող է ազդել հանրաքվեի գործընթացի եւ դրա վերջնական արդյունքների վրա:

«Դա կախված է ինչպես իշխանություններից, այնպես էլ քաղաքացիներից, քանի որ շատ կեղծիքներ հենց քաղաքացիների կողմից են կատարվում»,- նշում է Վենետիկի հանձնաժողովի նախագահը:

Վերջին տարիներին, եւս երկու նախկին խորհրդային հանրապետություններ՝ Ղրղզստանը եւ Վրաստանը, նույնպես անցել են խորհրդարանական կառավարման համակարգին, չնայած արձանագրված հաջողությունները տարբեր մակարդակի են եղել:

Ղրղզստանը նոր սահմանադրություն ընդունեց 2010 թվականին, երբ նախագահ Կուրմանբեկ Բակիեւը զրկվեց զբաղեցրած աթոռից համաժողովրդական ապստամբության արդյունքում:  Նոր սահմանադրությունը նախագահի որոշ գործադիր լիազորությունները փոխանցեց խորհրդարաին ու վարչապետին: Այդ ժամանակից ի վեր, գործող նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը մեծ դժվարությամբ է կարողանում պահպանել կառավարական մարմինների միասնությունը, քանի որ հաջորդաբար կոալիցիաներ են ձեւավորվում եւ լուծարվում:

Ղրղզստանում գործող «կիսախորհրդարանական» համակարգից լիարժեք խորհրդարանական համակարգին անցնելը կամ նախագահական կառավարման համակարգին հետ վերադառնալը շարունակական բանավեճի թեմա է դարձել:

Վրաստանում սահմանադրական բարեփոխումների ծրագիրը ներկայացվել է 2010 թվականին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից: Բարեփոխումներին հետեւեցին ամիսներ տեւած բողոքի ցույցերը:  Փոփոխությունները, որոնք կրճատում էին նախագահի լիազորությունները՝փոխանցելով դրանց մեծ մասը վարչապետին, հաստատվեցին խորհրդարանի կողմից 2012 թվականին: Բարեփոխումները ուժի մեջ մտան 2013-ի հոկտեմբերին, երբ Սահակաշվիլիի պաշտոնավարման ժամկետն ավարտվեց, եւ նոր նախագահական ընտրություններ անցկացվեցին:

Վրաստանի նախագահն այսօր, միեւնույն է, ավելի մեծ իշխանություն ունի, քան կունենա Հայաստանի նախագահը նոր սահմանադրության հաստատման դեպքում: Օրինակ, Վրաստանի նախագահը դեռեւս կարող է լուծարել խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակել, եթե ոչ մի կուսակցություն չկարողանա բացարձակ մեծամասնություն ձեռք բերել, իսկ կոալիցիա կազմելու վերաբերյալ բանակցությունները ձախողվեն: Վրաստանում պետության ղեկավարն իր պաշտոնը զբաղեցնում է անմիջական ընտրությունների միջոցով եւ իրավասու է վետո կիրառել կառավարության մի շարք որոշումների դեմ:

Օքսանա Մուսայելյան

Հեղինակ՝ iwpr.net