«Մեր մշակութային քրիստոնյա կոդի 40%-ը թողել ենք թուրքին, բայց մարդկանց հետաքրքրում են լիկվիդացիոն գները, որ գնան մոլ շտուրմ անեն». Էդգար Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, դուք նկատել էիք, որ մարդիկ հագուստի խանութների դիմաց հերթ են կանգնում այն պարագայում, երբ Արցախում այսքան կորուստ ենք ունեցել։ Անտարբերությո՞ւն է նկատվում ժողովրդի կողմից։

– Առօրյա կյանքին այսպես թե այնպես մենք վերադառնալու ենք, այլ հարց է, թե ինչ տեսակ ես դու։ Սա խոր ինդիվիդուալիզմի խնդիրն է և սպառողական հասարակարգի։ Սա դրա հետևանքն է, որ մարդու ուղեղը լվացած է։

Այս հարցում մեծ դեր է խաղացել մշակույթը։ Իսկ մենք 30 տարվա մեջ ձևավորել ենք այսպիսի հասարակարգ, որը սեփական շահից ու գրպանից այն կողմ ոչ մի բան չի նկատում։ Լավ եք ասում՝ «ժողովուրդ»։ Ազգ չկա այստեղ, ժողովուրդ է, ազգը պարտվեց ժողովրդին։

Ես կասեմ, որ սա հավաքածու է, որոնք մեկ ազգային գաղափար ունեն՝ փող աշխատել։ Դա պանդուխտի գաղափարն է, որ կարող է այսօր այստեղ աշխատել, վաղը գնալ այլ տեղ աշխատել։

Այսինքն՝ նրա համար Դադիվանքը, Ամարասը, Գանձասարը քարեր են։ Ասում են՝ ի՞նչ եք ընկել քարերի համար այդքան մտածում։ Նրանք մարդիկ են, ովքեր չեն կրում իրենց մեջ այդ քրիստոնյա մշակութային կոդը։ Ես նման ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չունեմ։

– Արդյոք ո՞րն է փոխվելու ճանապարհը, որ նույն սխալներն անընդհատ չկրկնենք։

– Դուք խորքային հարց եք շոշափում։ Պետք է գնանք 25-30 տարի հետ և կրթական համակարգի մեջ խնդիրը փնտրենք։ Բացառապես կրթական համակարգն է պատճառը, պատրիոտիզմը փոխարինվել է ուղղապատրիոտիզմով։

Երեք-չորս տարեկան երեխաներին հագցնում են զինվորական ֆորմա, ստիպում ապուշ երգեր երգել՝ թուրք սպանենք և այլն, առանց հասկանալու դրա խորքային իմաստը։ Այս ամբողջ եղել է ուղղապատրիոտիկ պաթետիկ կապիկություն, որը չի ներխուժել մարդու մեջ, կողքով անցնում է։

Այդ մարդիկ ստիպված են եղել ապրել այնպես, որ հայ ենք, պետք է մեզ գովենք՝ առանց հասկանալու՝ ով ենք մենք։ Եվ ամբողջ այս կապիկությունը տևել է մոտավորապես 25-30 տարի։ Դրան գումարվել է այս սպառողական, բուրժուական մեր տեսակը։ Եվ դա բերում է նրան, որ որևէ մեկն այսօր չի հասկանում՝ ինչ է կատարվում իր հետ։

Այս ամենին գումարվում է այն, որ Արցախի ու Հայաստանի միջև սեպ ենք խրել։

– Ի դեպ, այդ սեպ խրելու հարցը շատ է սրվել նաև վերջին շրջանում, ինչո՞ւ։

– Այո՛, մեծ մեղք կա դրա մեջ, թե Արցախը Հայաստան չէ։ Հիմա ես հարց եմ տալիս՝ այս երեխաները, որ գնացել են Արցախ կռվելու, նրանցից շատերն առաջին անգամ էին Արցախում։

Առաջին անգամ իրենց տարել գցել էին այնտեղ, որ ինքը կռվի, նա ինչպե՞ս պետք է կռվի։ Պետք է լիներ մշակութային ծրագիր, մշակույթի ու կրթության նախարարության կապիկները Արցախ այցելելու ծրագրեր միշտ պետք է անեին։ Մարդիկ տարին մի քանի անգամ պետք է այցելեին, տեսնեին, շոշափեին, ժենգյալով հաց էլ ուտեին։

Մեր մերձեցումը չպետք է լիներ արհեստական։ Դրա հետևանքով այսօր այդ պատնեշը կա։ Պատկերացրեք՝ երիտասարդն առաջին անգամ Արցախ է այցելում կռվելու համար։

Ինքը կարո՞ղ է այնպես կռվել, ոնց պետք է։ Դա ոնց որ իրենը չլինի։ Այդ սխալը մենք արել ենք 25-30 տարի, վաղն էլ ենք անելու, որովհետև մենք պատմությունից որևէ բան սովորող ազգ չենք։ Սա է մեր տրագեդիան, մշակութային տրագեդիա է։

-Կան տրամադրություններ, որ եթե սահմանը բացվի, արտագաղթողների թիվը կավելանա։ Դուք ի՞նչ եք կարծում, այդպիսի տրամադրություննե՞ր են։

– Այո՛, ես կիսում եմ այն գաղափարը, որ 1915 թվականից հետո մեզ հետ տեղի չէր ունեցել նման ողբերգություն, այն, ինչ այսօր կատարվեց։ Սա մեզ համար և՛ հոգեբանական կատաստրոֆա է, և՛ տնտեսական, և՛ ռազմական, և՛ մշակութային։

Մեր մշակութային քրիստոնյա կոդի 35-40 տոկոսը թողել ենք թուրքին, որևէ մեկը հասկանո՞ւմ է՝ դա ինչ է նշանակում։ Չեն հասկանում՝ Նիկոլ Փաշինյանից սկսած։ Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես դա չի հետաքրքրում, բայց գոնե մեզ պետք է հետաքրքրի։

Մեզ այսօր հետաքրքրում են լիկվիդացիոն գները, որ գնանք հերթ կանգնենք, «Դալմա մոլը» շտուրմ անենք։

Սա թափոն էլ չէ, այս մարդիկ կա՛մ կան, կա՛մ չկան։ Այո՛, նրանք գնալու են, որովհետև որտեղ հաց՝ այնտեղ կաց։ Եվ լինելու են նաև մարդիկ, ովքեր արտագաղթելու են ոչ թե ելնելով ստամոքսի խնդիրներից, այլ ուղղակի ապագա չեն տեսնում այստեղ։ Եվ դրա մեջ ճշմարտություն կա։

Կամ էլ այդ ապագան տեսնում են ոչ այնպիսին, ինչպիսին իրենք էին պատկերացնում։ Սրա հետևանքները շատ մեծ են։ Դրա համար ես կարծում եմ՝ տրիբունալն անխուսափելի է։

Միայն տրիբունալ եմ պահանջում այդ թյուրիմացության ու մեզ վրա եկած թավշյա աղետի համար։ Սա մեր ամենամեծ աղետներից մեկն էր։

Ինչո՞ւ վարչապետը հրաժարական չի տալիս։

– Այնպես կգնա, որ ինքն էլ կզարմանա։ Չի ուզում լավով գնալ, վատով կգնա։ Ինքն այս իրավիճակում իրավունք ունի ընտրել՝ վա՞տ գնալ, թե՞ շատ վատ։ Ինքը չի կարող մնալ ու մեզ ներկայացնել։

Իր առաջին կադրային նշանակումները տեսնելով՝ ես ասել եմ՝ ձախողելու են։ Դուք «Իմ քայլի», ՔՊ անդամների դեմքերը տեսե՞լ եք, ոնց որ մասկա հագած լինեն, մեկի դեմքին անկեղծ միմիկա չկա։

Եվ դուք պատկերացնո՞ւմ եք՝ այսօր դիկտատոր ունեք, որ Ռոբերտ Քոչարյանին գումարես Սերժ Սարգսյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին՝ չի ստացվի այն դիկտատորը, որը Նիկոլ Փաշինյանն է։

Սահմանադրական բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, կոստյում, որը Սերժի համար էին կարել՝ սուպերվարչապետական, ընտիր հագավ, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատական համակարգը, հիմա էլ Սահմանադրական դատարանն է ուզում։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ում եք ընտրել։ Ու դեռ ուզում էինք, որ աղետ չլիներ։

– Փաշինյանն ասում է, որ չի հեռանում, քանի որ հանրային պահանջ չկա, մարդիկ փողոց դուրս չեն գալիս՝ պահանջելու իր հրաժարականը։

– Նրա ուղեղը Ֆեյսբուքի լայքերով է առաջնորդվում։ Ինքը չի հասկանում, թե մարդիկ ինչ վիճակում են, չի հասկանում, թե ինչ է հոգեբանական ստուպորը։ Այո՛, նրա հույսը այն բիոզանգվածն է, որը «Դալմա մոլերն» է «վերցնում»։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am