Ազգային ժողովն անմիջական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված վիճակի համար․ ՀՅԴ հայտարարությունը

Հ․ Յ․ Դաշնակցություն կուսակցության գերագույն Մարմինը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը․

Երկիրը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև: Համավարակը, տնտեսական խորացող ճգնաժամը, ահագնացող սոցիալական հիմնախնդիրները լրջագույն սպառնալիք են պետության ու ժողովրդի, ներքին ու արտաքին անվտանգության համար: Կառավարության քայլերը կա՛մ անարդյունավետ են, կա՛մ ուշացած, իսկ հաճախ՝ նաև սխալ: Բոլոր ուղղություններով առկա է ճգնաժամ: Այս ընթացքը կարող է հանգեցնել համընդհանուր աղետի ու անդառնալի կորուստների:

Իբրև առաջնային մանդատ ունեցող քաղաքական մարմին` Ազգային ժողովն անմիջական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված վիճակի համար, ուստի պետք է այս ծանր պահին զերծ մնա անօգուտ, ժամանակավրեպ օրակարգերից և զբաղվի երկրի համար թիվ մեկ հարցով։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փաստելով կառավարության ձախողումն ու անկարողությունը՝ պահանջում ենք մինչև ներկայիս արտակարգ դրության ժամկետի ավարտը գումարել Ազգային ժողովի հատուկ նիստ` հետևյալ օրակարգով՝

1.քննարկել և ամբողջական գնահատական տալ առկա իրավիճակին,
2.սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից՝ պատասխանատվության կանչել ձախողած բոլոր պաշտոնատար անձանց,
3.գտնել ճգնաժամից դուրս գալու լուծումներ, որոնք արագ և արդյունավետ ձևով կկասեցնեն համավարակի տարածումը և կկանգնեցնեն տնտեսության փլուզումը:

Երկրի և ժողովրդի շահը վեր է ամեն ինչից։ Պահի լրջությունը պարտադրում է բոլոր ջանքերը նպատակաուղղել աղետի կանխմանը:

Իշխանությանը ևս մեկ անգամ կոչ ենք ենք անում սթափվել և առաջնորդվել համազգային շահերով։

Դուք եք իրավիճակի հետագա վատթարացման միակ մեղավորն ու պատասխանատուն՝ բոլոր հնարավոր հետևանքներով: