Այստեղ կա ՌԴ-ի քաղաքական կամքի խնդիր, որն անշեղորեն կապված է նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակի հետ. ռազմական փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ նաև ձմեռն է պատճառ եղել, որ չեն կարողացել լիարժեք կահավորել սահմանը, հենակետեր դնել: Ինչպե՞ս եք գնահատում նման բացատրությունները, արդյոք ձմռան պայմանները կարո՞ղ էին դրա համար ձգձգման պատճառ հանդիսանալ:

– Ձմռան գործոնն օբյեկտիվորեն գոյություն ունի, այսինքն՝ դիրքեր դնելու առումով դա միշտ է եղել: Բայց պետք է նկատել, որ մենք հիմա արդեն գարնան վերջին ենք, և ձյունն այս դեպքում այնքան էլ հիմնավոր փաստարկ չէ:

Մյուս կողմից՝ չէ՞ որ գոյություն ուներ նախորդ տարվա նոյեմբեր, դեկտեմբերի սկիզբ, երբ դեռ ձյուն չկար: Ամեն դեպքում սա ավելի շատ դեմքը փրկելու է նման, քան ռեալ փաստարկներ ներկայացնելու:

– ԱԽ քարտուղարի մակարդակով նման հայտարարություններ անելը վտանգներ չի՞ պարունակում:

– Իհարկե պարունակում է, բայց ներկա իշխանությունները, ցավոք, նման բաներին, նաև պետական գաղտնիքին թեթև են վերաբերվում: Եթե հիշում եք, վարչապետը վերջերս ԱԺ-ում հայտարարեց, որ սահմաններն ամրապնդված են և այլն:

Ես այստեղ խնդրին ավելի լայն կնայեի՝ ռազմավարչական համակարգի քայքայվածության և թերի վիճակի լույսի ներքո:

Այստեղ միայն սա չէ խնդիրը, էլի բազմաթիվ նման խնդիրներ կան, որոնք քնած վիճակում են և ակտիվանում են, երբ գործն իրենց է հասնում:

Իշխանությունները հայտարարում են, թե ոչ մի խնդիր չկա, մինչև այն պահը, երբ խնդիր է լինում: Կառավարման որակի խնդիր է, որը, ցավոք, նաև ՊՆ-ի պարագայում ենք տեսնում: 

– ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը օգնության համար չի դիմել Պուտինին, ՀԱՊԿ-ի պատասխանն էլ որոշակի չէ: Ի՞նչ զարգացումներ սպասենք:

– Շատ դժվար ու անշնորհակալ գործ է այս պայմաններում կանխատեսում անելը: Ես կարծում եմ՝ ցանկացած զարգացում կարող է լինել՝ սկսած պատերազմից կամ մինի պատերազմից, վերջացրած իրավիճակի լիցքաթափմամբ:

Շատ դժվար է ինչ-որ բան ասելը, որովհետև բացառված չէ, որ սա ընդհուպ միջազգային ինչ-ինչ խաղացողների կողմից բեմադրված իրավիճակ է, որն իր հետագա զարգացումները կարող է ունենալ:

Ամեն դեպքում իրավիճակը Հայաստանի համար շատ ցավալի է, որը, ցավոք, հերթական անգամ ցույց տվեց մեր կառավարման համակարգի որակը:

Այստեղ նաև խնդիրներ կան հասարակության ու բանակի բարոյահոգեբանական վիճակի հետ կապված: Երբ անցյալ տարի հակապատերազմյան և հակաբանակային ալիքի վրա իշխանությունները բաներ էին կազմակերպում, զինվորական շորերով մարդիկ էին գալիս, սարսափելի պատմություններ էին պատմում, թուրքին էին գերագնահատում, հետո դրան հաջորդեց իշխանավորներից, օրինակ՝ Լենա Նազարյանի խոսքը, թե ում երեխայի հաշվին և այլն, հասարակությանը վախ ներշնչեցին թուրքի նկատմամբ և նաև ամեն ինչ արեցին, որ պատերազմի հավանականությունը ժխտելով՝ իրենց իշխանությունն ամրապնդեն:

Մարդիկ ասում էին, որ դուք նորից խնդիր եք ունենալու ժողովրդին ոտքի հանելու, եթե դուք թուրքի նկատմամբ այդպես վախ ենք ներշնչում, ո՞նց եք հետո ժողովրդին ոտքի հանելու, և հիմա մենք դրա պտուղներն ենք քաղում:

Իշխանությունն այնքան հակապատերազմական քարոզ արեց, որ հիմա ընդամենը 250 հոգի ադրբեջանցի զինծառայողներ են, ու այդ 250-ի համար, ըստ էության, իշխանությունը չի կարողանում քաղաքական կամք դրսևորել, որ ուժով դուրս մղի այդ մարդկանց, որովհետև դա կարող է բերել զոհերի, նոր պատերազմի:

Իսկ մեր իշխանությունները իրավիճակն այնպես են ներկայացնում, թե մենք Արցախում այդ զիջումներն արեցինք, փոխարենը հավերժ և հարատև խաղաղություն բերեցինք, որն իհարկե ծիծաղելի է:

Հիմա մենք դրա պտուղներն ենք քաղում: Այս առումով իշխանությունները նաև որոշակի գաղափարական փակուղու մեջ են, որովհետև, հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանը բացատրում էր, որ մենք ենք թշնամություն անում, նրանք են անում, և այդ կոնցեպտով նախընտրական քարոզարշավ էր անում:

Հիմա այդ կոնցեպտը լրիվ խախտվեց: Ըստ էության, ի հայտ եկավ գաղափարի սնանկությունը՝ Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք: Դեռ շատ ի հայտ կգա, ցավոք:

– Ռազմական փորձագետի տեսանկյունից ինչի՞ մասին է խոսում փաստը, որ 3,5 կմ առաջ են եկել առանց որևէ կրակոցի: Ինչպե՞ս են կարողացել այդպես անարգել առաջանալ:

– Ես կոնկրետ իրավիճակը չգիտեմ, բայց բաց աղբյուրների վերլուծությունից ենթադրում եմ, որ այդ հատվածում մենք ուղղակի զինծառայողներ չենք ունեցել:

Նրանց հետախուզությունը այդ հանգամանքը պարզել է, և սիրուն ձևով առաջ են եկել: Այստեղ սահմանային պաշտպանության լուրջ խնդիրներ կան, որ պատասխանատու անձինք պետք է այդ հարցերին պատասխաններ տան: Այդ պատասխանատու անձինք էլ կնայեն ավելի վերև, ավելի վերևները՝ ավելի վերև, և վերջում էլի կհանգենք քաղաքական լուծման: Սա ռազմական խնդիր չէ:

– Ի՞նչ կարող է անել ՀԱՊԿ-ը այսօր, և ի՞նչ կարող ենք մենք նրանից ակնկալել:

– Եկեք անկեղծ լինենք. ՀԱՊԿ հասկացություն իրականում չկա, կա Ռուսաստան հասկացություն: Հիմա ղազախները, ղրղըզները, առավել ևս բելառուսները չեն գալու մեր հարցերը լուծեն:

Այստեղ կա Ռուսաստանի կողմից քաղաքական կամքի խնդիր, որը անշեղորեն կապված է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ: Այստեղ տարբերակներ կարող են լինել, որոնք քննարկելը երևի թե իմաստ չունի:

Ամեն դեպքում իրավիճակը դինամիկ է զարգանում, և այս պահին պետք է ավելի շուտ հետևել իրադարձությունների զարգացմանը, քան փորձել որևէ կանխատեսում անել, հատկապես որ, ցանկացած կանխատեսում կարող է շատ արագ հնանալ:

– Այս փուլում պատերազմի լուրջ վտանգ կա՞:

– Շատ պատասխանատու հարց եք տալիս, չգիտեմ: Մի կողմից՝ եթե հաշվի ենք առնում, թե ում կողքին ենք ապրում, լպիրշացած Ալիևն ու արկածախնդիր Էրդողանը, պատերազմի վտանգ ամեն դեպքում ես տեսնում եմ:

Բայց մյուս կողմից՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հայտարարությունները որոշակի հույս են ներշնչում, որ լուրջ էսկալացիա ամեն դեպքում չի լինի:

Համենայնդեպս, եթե ընտրելու լինեի, կասեի, որ, այդուհանդերձ, պատերազմի վտանգ չկա: Գլոբալ վտանգը կա, գլոբալ վատ վիճակը կա, ամեն ինչ էլ կարող է լինել, բայց կոնկրետ այս դրվագը կարող է սպառվել: 

Մանե Հարությունյան

MediaLab.am