«Քանի դեռ այստեղ օտար զավթիչ զորք է կանգնած, Հայաստանը չի կարող համարվել անկախ պետություն». Տիգրան Խզմալյանը՝ ռուսական ռազմաբազաների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

– Պարո՛ն Խզմալյան, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի նախկին զինծառայող Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունից անցել է հինգ տարի։ Այս դեպքը միակը չէր, և, ինչպես ցույց տվեց ժամանակը, կրկնվում են նման հանցագործությունները։ Նախորդ տարի էլ ռուսական ռազմաբազայի զինծառայող Ռազգիլդեևը սպանեց գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին։ Պետական մակարդակով Հայաստանում քայլեր արվե՞լ են՝ քաղաքացիների անվտանգության պահպանման առումով։

– Բավական տարօրինակ իրավիճակ է, եթե մենք ակնկալենք իշխանություններից, որ քայլեր ձեռնարկվեն ՀՀ քաղաքացիների անվտանգությունը Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայից պաշտպանելու համար։ Այո՛, որքան էլ զավեշտալի է, Հայաստանի տարածքում գտնվող ռուսական երկու ռազմաբազաները, որոնք կարծես թե կոչված են ՀՀ անվտանգությունն ապահովելու, իրականում մեծագույն սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը, և ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ Պերմյակովի, Ռազգիլդեևի կամ այլ տականքների հավաքածու է, որոնք հայերին մարդ չեն համարում, և հենց այդ պատճառով են նման արարքներ թույլ տալիս։ 

Նրանք հետևանք են տարիների ֆաշիստական քարոզչության, որն ամեն օր տարվում է ռուսական հեռուստատեսությամբ և որը դարձել է ռուսական քաղաքականություն։ Համաձայն այդ քարոզչության՝ մենք, ուկրաինացիները, հրեաները «չուռկա», «ժիդ», «խոխոլ», «խաչիկ» ենք, իսկ իրենք «սպիտակ ու սուրբ» գերմարդ են։

Ես կարծում եմ՝ չի կարելի նման հարցը մանրացնել ու անձնավորել։ Իրականում խնդիրը բոլորվին այլ է՝ ռուսական ներկայությունը Հայաստանում աշխարհաքաղաքական սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը, պետականությանը և մեր երկրի ֆիզիկական գոյությանը։ Իրականում այն հարցը, որը մենք պետք է մեզ տանք և որի պատասխանը պետք է փնտրենք, բոլորովին այլ է։

Հայաստանի նախկին իշխանությունները, Հայաստանում ռուսական ռազմաբազա ձևավորելով, Մոսկվայից ու Կրեմլից ստացան իրենց իշխանության երաշխիքը։ Փաստորեն, նախկին իշխանությունների՝ առաջին, երկրորդ ու երրորդ նախագահների իշխանության լեգիտիմությունը իրականում ոչ թե ՀՀ ժողովրդի քվեն էր, այլ նրանք նստած էին ռուսական սվինների վրա։ Եվ փաստորեն մեր անկախությունն ու պետականությունը վաճառվում էին։ Սկզբում վաճառվեցին Ռուսաստանի ռազմական ներկայության դիմաց, հետո արդեն Քոչարյանի օրոք նաև տնտեսական բաղադրիչները վաճառվեցին Ռուսաստանին։ Այսինքն՝ ռուսական ռազմաբազան Ռուսաստանի գաղութային ներկայության խորհրդանիշն է։ Քանի դեռ այստեղ օտար զավթիչ զորք է կանգնած, Հայաստանը չի կարող համարվել անկախ պետություն։

– Իսկ հնարավոր տարբերակ համարո՞ւմ եք հարց բարձրացնել՝ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու համար։

– Ոչ թե հնարավոր է, այլ խիստ անհրաժեշտ է, հատկապես 2020 թվականին, երբ լրանում է Հայաստանի զավթման 100 տարին։ Հենց 100 տարի առաջ՝ 1920 թվականի վերջին, ռուս-թուրքական դավադրության պատճառով սովետական Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի զորքերը զավթեցին Հայաստանը, գաղութացրեցին մեր երկիրը, ոչնչացրեցին հայոց անկախ պետականությունը։ Այս հարյուրամյակը մենք պարտավոր ենք դիմավորել որպես անկախ երկիր՝ գոնե այդ հարցը բարձրացնելով։ Այդ հարցը մեր քմահաճույքը չէ, հանկարծ արթնացած մեր ազգային պոռթկումը չէ, դա միջազգային իրավունքի վրա հիմնված մի գործառույթ է, որն ունի նախադեպեր։ Եվ ամենամոտ նախադեպը մեր հարցին հենց Մոլոտով-Ռիբենտրոպի 1939 թ․ չարաբաստիկ պակտն է, որը հենց վերջին օրերին այդպիսի կրքով գրոհում է Վլադիմիր Պուտինը։ 

Իրականում Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի համար ընդհանրապես այդ պայմանագիրն ունի խորհրդանշական նշանակություն, որովհետև այն չեղարկվել էր դեռ 1991 թ․ ամռանը՝ Սովետական Միության գոյության վերջին շրջանում։ 

ԽՍՀՄ-ն այն չեղյալ հայտարարեց և ընդունեց իր պատասխանատվությունը դրա համար։ Իրական վտանգը Ռուսաստանի, ինչպես և Թուրքիայի համար դրա նախադեպ հանդիսացող Լենին-Քեմալ պակտն է, այսպես կոչված Մոսկովյան 1921թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը։ 

Եվ հիմա Հայաստանի կարևոր խնդիրն է միջազգային ատյաններում բարձրաձայնել դա, ինչպես արել էին Էստոնիան, Լատվիան ու Լիտվան։ Նրանք կարողացել էին Սովետական Միությունից կորզել իրավական հանցագործության խոստովանությունը։ Մենք պարտավոր ենք այսօր դա պահանջել Ռուսաստանից, իսկ հետո նաև՝ Թուրքիայից։

Եթե անդրադառնանք ռուսական ռազմաբազայի որոշ զինծառայողների վարքագծին, հայերի հանդեպ նրանց կատարած հանցագործությունները ձեր նշած խնդիրների հետևա՞նք են։

– Անշուշտ, դա նոր երևույթ է։ Գոնե պաշտոնական մակարդակով նախկինում սովետական քարոզչությունը ազգերի հավասարության, եղբայրության մասին էր։ Մարդիկ, որոնք հիմա դիտում են ռուսական հեռուստաալիքները, տեսնում են, որ նրանք քարոզում են Ռուսաստանի բացարձակապես կեղծ գերակայությունը, անհասկանալի «հոգևոր առավելությունը» և նման կեղծ անհեթեթություններով խաբում են սեփական ժողովրդին՝ նրանց ներառելով այս ֆաշիստական գաղափարախոսության մեջ։

Եվ դա երևում էր նաև 20 տարի առաջ, երբ հայերին նվաստացնելու համար ընտրվեցին «չուռկա», հետո՝ «խաչ» բառերը։ Դա զարգացավ և մեր աչքի առաջ դարձավ գաղափարախոսություն, տարածվեց ուժային համակարգում, հետո՝ բանակում։ Եվ հիմա Ռուսաստանի ամբողջ տարածքում՝ սկսած իրենց խորհրդարանից, որտեղ Ժիրինովսկու, Կալաշնիկովի, Պուշկովի, Ռոգոզինի նման գործիչներ կան, նրանք զբաղված են ֆաշիստական քարոզով։ Նրանց թիրախը վերջին տարիներին ուկրաինացիներն են, դրանից առաջ վրացիներն էին, ցանկացած պահ նորից կարող է դա վերաբերել հայերին։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես են Ռուսաստանի հայաշատ վայրերում քանդում Անդրանիկի հուշարձանը, վերջին օրինակը Արմավիրի մարզում Գարեգին Նժդեհի հուշատախտակի պղծումն էր։

Սա սկիզբն է, որովհետև այն իշխանությունը, որը կարող է պղծել հերոսների հուշատախտակը, շատ հեշտ աչքերը կփակի, երբ իր կարիքների համար շներին բաց կթողնեն մեր ազգի վրա։ Մենք տեսել ենք, թե նրանք ինչպես էին վերաբերվում Լևոն Հայրապետյանին, ինչպես էին հալածում խեղճ ու կրակ հայ վարորդին։ Այդ ամենն ունի խոր արմատներ, և Պերմյակովը, Ռազգիլդեևը դրա հետևանքներն են, նաև զոհերը։ Եվ մենք հիմա Հայաստանում մի ողջ ախոռ ունենք, դա տրոյական ձիերի դիվիզիան է, որը մինչև ատամները զինված է, և որն ուղիղ մեկ տարի առաջ անսպասելի զորավարժություններ արեց Գյումրիում։ 

Այդ մասին հանրությունն իմացավ միայն սոցիալական ցանցերի միջոցով, 400 միավոր զինվորական տեխնիկա դուրս էին հանել Գյումրի-Երևան մայրուղիում։ Պաշտոնական տվյալներ այդ մասին չկային, մեր ոստիկանությունն այդ մասին տեղեկություն չուներ։ Հայաստանի անվտանգության ուժերը փաստորեն պատրաստ չեն նման զարգացումների։ Մեր ԱԱԾ-ում, բանակում չկա նման պրոտոկոլ, թե ի՛նչ պետք է անել, եթե հանկարծ ռուսական ռազմական տեխնիկան դուրս գա փողոց։ Դա եղել է Փանիկ գյուղում՝ որպես ակնարկ և ցանկացած պահի կարող է կրկնվել։ Երբ հիմա ԱՄՆ-ն կրակում է ռազմաբազաների վրա, ռուսական ռազմաբազան ցանկացած պահի կարող է դառնալ դրա թիրախը, իսկ մեր երկրի տարածքում տեղակայված երկու ռազմաբազաները մեկը Երևանի, մյուսը՝ Գյումրիի տարածքում են։ Այնպես որ, հետևանքներն ակնհայտ են։