ՀՀ ԿԳՄՍ նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են մշակույթի նախարար Սանջուլիանոյի Երևան այցի վերաբերյալ հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան է այցելելու Իտալիայի Հանրապետության մշակույթի նախարար Ջեննարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը: Կողմերը քննարկել են Իտալիայի մշակույթի նախարարի այցելության նպատակի և օրակարգի վերաբերյալ տարաբնույթ հարցեր:

«Կարևորելով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ իրականացվող ծրագրերը, փորձի փոխանակումները՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դրանք ստեղծում են նոր հնարավորություններ՝ արդյունավետ համագործակցությունն ընդլայնելու համար:

Հանդիպման ընթացքում հատկապես քննարկվել և հստակեցվել են մշակույթի ոլորտում առաջիկայում իրականացվելիք համատեղ ծրագրերը, դրանց ձևաչափերը, ինչպես նաև ժամանակացույցը:

ՀՀ-ում Իտալիայի դեսպանն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը սկսվում է մշակութային հարաբերություններից, և Իտալիայի հետ Հայաստանի համագործակցությունն առավել ակտիվ է մշակութային ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև միջբուհական համագործակցության կարևորությունը՝ հատկապես իտալական փորձի փոխանցման տեսանկյունից:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցություն ծավալելու մշակութային ժառանգության պահպանության և արվեստի ստեղծագործությունների վերականգնման գործում:

Նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում ծավալվող հումանիտար ճգնաժամի խնդրին և հույս հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական գործողություններ ու քայլեր կձեռնարկեն խնդրի կարգավորման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն շնորհակալություն է հայտնել հետաքրքիր և արդյունավետ քննարկման համար: Նա հանդիպման ընթացքում հայկական կողմին է փոխանցել դեսպանատան կողմից հայերեն թարգմանված գրքեր՝ իտալական արվեստի, մշակույթի, գրականության մասին: