Ալեքսեյ Նավալնին 30 օրով ձերբակալվել է․ Factor.am

Ռուսաստանի Խիմիկ քաղաքի ՆԳ վարչությունում հունվարի 18-ին կայացած դատավարության արդյունքում 30 օրով՝ մինչև փետրվարի 15-ը, ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը  կալանավորվել էր Գերմանիայից Մոսկվա ժամանելուն պես, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Խիմիկիի դատարանի դատավոր Էլենա Մորոզովան խափանման մասին որոշումը կայացրել է Խիմիկիի ոստիկանության պետի միջնորդության հիման վրա, հայտնել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Իվան Ժդանովը։ Մինչ դատավարության մեկնարկը փաստաբաններին թույլ չեն տվել տեսնել Նավալնիին։ Դատական նիստի մասին փաստաբաններին տեղեկացրել են դրա մեկնարկից մի քանի րոպե առաջ։ Դատական նիստից հետո դատավորը հայտարարել է, որ հեռանում է 15 րոպեով՝ որոշում կայացնելու համար։

Նավալնիի փաստաբան Կոբզևն այս կապակցությամբ ենթադրել է, որ որոշումն արդեն պատրաստ է եղել։ Արդյունքում մոտ մեկ ժամ անց նա վերադարձել է որոշումը հրապարակելու համար։ Ոստիկանության վարչության շենքի դիմաց հավաքվել են տասնյակ մարդիկ, որոնք վանկարկել են «Ազատ արձակե՛ք», «Ազատությո՛ւն Ալեքսեյ Նավալնիին», «Մենք չենք հեռանա»:

© factor.am