Գորիս-Կապան ճանապարհի հարցում իշխանությունը շարունակում է շահարկել օրենքը. Fip.am

Հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին, թե Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի տարածքի մեջ մտնում է, թե՞ ոչ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը (ՔՊ խմբակցություն) հայտարարեց, որ ճանապարհը Հայաստանի սահմանների մեջ չի մտնում։Այս մասին տեղեկացնում է Fip.am-ը:

«Գորիս-Կապան մայրուղին էդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես նաև չի մտնում էն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի․․․ էդ հատվածի մասին ա չէ՞ խոսքը, որը նոյեմբերի 9-ից հետո անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Ո՛չ, չի մտնում Հայաստանի հետ սահմանների մեջ, որովհետև ինչպես և չի մտնում 2010 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքով»։

Խոսքը նախորդ տարվանից հայաստանցիների համար փակված Գորիս-Կապան մայրուղու 21 կմ հատվածի մասին է, որը Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցավ ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարության հետևանքով կամ դրանից հետո, ինչպես նշում է Ալեքսանյանը, այլ ավելի ուշ՝ դեկտեմբերին, երբ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների գրավոր պայմանավորվածությամբ հայկական զորքերը հետ քաշվեցին և ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը զիջվեց Ադրբեջանին։ Ի դեպ, այս փաստաթղթի գոյությունը մոտ մեկ տարի իշխանությունները թաքցնում էին, անգամ Փաշինյանը պատերազմի ավարտից 1․5 ամիս անց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ զորքերի հետ քաշվելը բանավոր պայմանավորվածության արդյունք էր և դրա հրամանը տվել էր ինքը՝ զորքերի նահանջը հիմնավորելով պատերազմից խուսափելու անհրաժեշտությամբ։ 

Ամեն դեպքում՝ փաստ է, որ խնդրո առարկա ճանապարհը Ադրբեջանին է զիջվել ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այլ ավելի ուշ՝ դեկտեմբերին, երբ հայկական զինուժը հետ քաշվեց հրադադարի պահին իր զբաղեցրած դիրքերից։

Վարչատարածքային բաժանման մասին օրենքը արտաքին սահմաններ չի որոշում

Ինչ վերաբերում է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վկայակոչմանը, ապա այստեղ պատգամավորի փաստարկը հիմնավոր չէ, քանի որ վարչատարածքային բաժանման մասին ներպետական օրենքով չեն կարող որոշվել երկրի արտաքին սահմանները։ 

Որպեսզի ասվածն առավել պարզ լինի՝ բացատրենք սահմանամերձ դարձած Շուռնուխի օրինակով։

Վարչատարածքային բաժանման մասին օրենքի 17․56 հավելվածով տրված էր Շուռնուխ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը։

Ըստ այս նկարագրության՝ Շուռնուխ համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Դավիթ Բեկ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով՝ Սևաքար գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով՝ Եղեգ գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով՝ Վերին Խոտանան գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով՝ Տանձավեր գյուղական համայնքին, «Է»-«Ա» հատվածով՝ Բարձրավան գյուղական համայնքին:

Այնուհետև մանրամասն նկարագրված են այս գյուղական համայնքների վարչական սահմանները։ 

Օրինակ, Շուռնուխ-Տանձավեր «Զ»-«Է» սահմանագիծը նկարագրված է այսպես․Շուռնուխ, Տանձավեր և Բարձրավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 572մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ, թիվ 2 սահմանակետով անցնում է 501մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 165մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 5-8 սահմանակետերով անցնում 560մ հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում 168մ, հասնում թիվ 11 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 10-17 սահմանակետերով անցնում 356մ, հասնում Շուռնուխ, Տանձավեր և Վերին Խոտանան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2322մ է:

Ինչպես տեսնում ենք, համայնքների սահմանագիծը բավական մանրամասն նկարագրված է։ Ավելին՝ այս սահմանագծի երկարությունը ևս տրված է (կոնկրետ Շուռնուխ-Տանձավերի դեպքում՝ 2322 մետր)։ Այժմ տեսնենք, թե ինչպես է նկարագրված Շուռնուխի հյուսիսային «Ա»-«Բ» հատվածը, որը սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը։

Ի տարբերություն հայաստանյան համայնքների՝ Ադրբեջանի հետ Շուռնուխի սահմանագիծը նկարագրված չէ․ ««Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ»։

Այսինքն, Շուռնուխի վարչական սահմանի՝ Ադրբեջանին սահմանակցող հատվածը նկարագրված չէ, հետևաբար, չի կարելի այս օրենքի վրա հղում անելով պնդել, թե ճանապարհի այդ հատվածը գտնվում է ՀՀ սահմաններից դուրս։ Ավելին՝ եթե մյուս հատվածների երկարությունները սահմանված էին (ինչպես, օրինակ, «Զ»-«Է» սահմանագծի դեպքում էր՝ 2322 մ), ապա այս դեպքում նշված չէ նաև «Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը։ 

Այսինքն, իշխանական պատգամավորի պնդումը, թե վարչատարածքային բաժանման մասին օրենքով արդեն իսկ որևէ տարածք հանձնված էր Ադրբեջանին, կեղծիք է, քանի որ վարչատարածքային բաժանման մասին օրենքով Ադրբեջանի հետ սահմանակից համայնքների՝ Ադրբեջանի հետ անցնող սահմանները նկարագրված չեն։

Հիշեցնենք, որ այս թեման բազմիցս շահարկել է նաև Նիկոլ Փաշինյանը, և «Փաստերի ստուգման հարթակը» դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին անդրադարձել էր այս կեղծ պնդումներին՝ ցույց տալով, մասնավորապես, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը պետության ներքին տարածքային բաժանումների վերաբերյալ է, այն ՏԻՄ սահմաններն է կարգավորում, ոչ թե հստակեցնում է այլ պետությունների հետ սահմանները։