Մարտերի ինտենսիվության նվազման պատճառն Ադրբեջանի զինված ուժերի մարտունակազրկումն է․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, գրեթե բոլոր ուղղություններով Ադրբեջանի զինված ուժերը վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ այսօր Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում զարգացնել։

«Այս տարածքում կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր։ Եվ ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները՝ հատկապես հրետանային կրակով, շարունակել են թնամու ուժերի ոչնչացումը»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, մարտերը շարունակվում են, դրանք սաստիկ ու ծանր չեն, և դրանց ինտենսիվության նվազման պատճառն Ադրբեջանի զինված ուժերի մարտունակազրկումն է։ «Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը, շատ դեպքերում հակառակորդին հետապնդելիս նաև բնագծերի փոփոխություն են կատարում», -նշեց նա։