Covid-19-ի իմունիտետը կարող է վերանալ մի քանի ամիսների ընթացքում. The Guardian

The Guardian-ը տեղեկացնում է, որ ըստ Մեծ Բրիտանիայի գիտնականների նոր հետազոտության՝ մարդիկ, որոնք բուժվել են Covid-19-ից և ձեռք բերել իմունիտետ, կարող են ամիսների ընթացքում կորցնել հիվանդության նկատմամբ դիմադրողականությունը: Կորոնավիրուսը կարող է կրկնվել՝ տարեցտարի, ինչպես սովորական մրսածությունը:

Ըստ նախնական հետազոտությունների՝ վարակված մարդկանց իմունիտետը ամենաուժեղ կետում է լինում ախտանշանների նվազման պահից 3 շաբաթ անց, սակայն դիմադրողականությունը այնուհետև սկսում է ընկնել։

Բուժվածների ընդամենը 17%-ն է պահպանում դիմադրողականությունը վարակվելուց երեք ամիս անց։ COVID-19-ի հակամարմինների մակարդակը որոշ բուժվածների մոտ այդ ընթացքում ընկել է ընդհուպ մինչև 23 անգամ, որոշ դեպքերում հակամարմինները աննկատելի են դարձել։

«Մարդկանց մոտ առաջանում է հակամարմինների ողջամիտ արձագանք վիրուսին, բայց կարճ ժամանակահատվածում այն նվազում է, և հիվանդության պիկի բարձրությունից է կախված հակամարմինների առկայությունը»,- հայտարարել է հետազոտության հեղինակ բժիշկ Քեդի Դոլորեսը՝ Լոնդոնի թագավորական քոլեջից։ 

Քեմբրիջի համալսարանի վիրուսաբան, պրոֆեսոր Ջոնաթան Հինին էլ հայտնել է, որ ուսումնասիրությունը հաստատում է, որ կորոնավիրուսի հակամարմինների կյանքը կարճատև է:

«Ես չեմ կարող ընդգծել, թե որքան կարևոր է, որ հասարակությունը հասկանա, որ այս վիրուսով վարակվելը լավ բան չէ: Հասարակության մի մասը, հատկապես երիտասարդությունը, որոշ չափով ձգտում է վարակվել՝ մտածելով, թե դրանով կնպաստի կոլեկտիվ իմունիտետի առաջացմանը։ Նրանք ոչ միայն վտանգի տակ են դնում իրենց, այլև՝ ուրիշներին, քանի որ վարակվելով և ապա իմունիտետը կորցնելով՝ կարող են նույնիսկ թոքերի ավելի ծանր հիվանդությունների ռիսկի ենթարկվել, եթե հետագայում նորից վարակվեն»,- նշել է նա: