Իշխանությունները չեն տիրապետում անգամ խուլիգանական ոճին, որն ընդօրինակել են նախկիններից, ոչ մի բանի չեն տիրապետում. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հավանություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած թեկնածու Անահիտ Մանասյանի թեկնածությանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք իշխող ուժի այս որոշումը։

– Շատ կանխատեսելի էր, որ իշխանական թեկնածուն էր ստանալու հավանությունը, տարիներ, տասնամյակներ շարունակ տեղի ունեցող գործընթաց է, ոչ մի նորություն չկա, ու քանի որ համակարգերը, գաղափարախոսությունն ու աշխարհայացքը չեն փոխվել, հետևաբար սպասելի էր, որ հենց այդպես էլ լինելու է։ 

Այլ խնդիր էր, որ դրսևորվեց վարքագիծ, որն անթույլատրելի էր, համենայնդեպս, այն մարդկանց համար, որոնք իրենց հայտարարում են ժողովրդավարության բաստիոնի ներկայացուցիչ։ Ժողովրդավարության բաստիոն հայտարարող մարդկանց վարքագիծը սահմաններն այնքան անցած է, որ, ճիշտն ասած, ես մի պահ կասկածներ ունեցա՝ արդյոք իրենք սթափ ու ադեկվատ վիճակո՞ւմ են, ու խնդիր չի՞ առաջանում իրենց մեղսունակության հետ, որովհետև ես ինքս էլ հարցեր ունեի, որոնց պատասխանը չգտա։ Իրականում ականատես եղանք նրան, ինչը գուցե փակ դռների հետևում միշտ է դրսևորվում, ու երբ տարբեր տեսակի կոնֆլիկտներ են տեղի ունենում, գուցե պատճառը հենց այսպիսի վարքագիծն է լինում։

– Անահիտ Մանասյանի թեկնածությունն այդ պաշտոնում ինչպե՞ս եք գնահատում։ 

– Երկուսի վերաբերյալ էլ վերապահումներ ունեմ, որովհետև Էդգար Ղազարյանը մասնակցել է տարբեր գործընթացների, որոնցից որևէ կերպ չի բխում, որ ինքը կարող է ՄԻՊ լինել, մասնավորապես՝ իր հայտարարությունները, սատարումն այն ուժերին, որոնք բեմադրել են մահապատիժ, այն ցույցերը, որոնց ինքն էր մասնակցում, ու դրանց ընթացքում հնչած ատելության խոսքը, սպառնալիքները, որոնց վերաբերյալ ինքը որևէ արձագանք չի արել, հետևաբար չեմ կարծում, թե նա կարող է ՄԻՊ լինել։ 

Ինչ վերաբերում է տիկին Մանասյանին, ես կարծում եմ, որ նա գուցե շատ գրագետ ու պատրաստված է, չեմ բացառում, բայց նա իր հոգու խորքում պետական չինովնիկ է ու դրա սահմաններից դուրս գալ ուղղակի չի կարող, ու վերջին շրջանում նրա տված հարցազրույցները, այդ թվում նաև՝ ԱԺ-ում արված հայտարարությունները, ինձ հուշում են, որ նա հոգու խորքում չինովնիկ է, վատ իմաստով չեմ ասում, այդ կարգի մտածողություն ունեցող մարդ է, ինքը չի կարող ՄԻՊ լինել, որովհետև այն ենթադրում է լրիվ այլ մտածելակերպ ու մոտեցում։ Ցավալիորեն խուսափեց կարևոր հարցերին պատասխանելուց, մարդը չի պատկերացնում, թե ինչ պատասխանատվություն է իր վրա դրվում, ինչը շատ ցավալի է։

– Իսկ իշխանությունը ինչո՞ւ է նման թեկնածու առաջադրել, կադրերի խնդի՞ր ունի։

– Ես կհարցնեի՝ ինչո՞ւ է ընդդիմությունն այդպիսի թեկնածու առաջադրել։ Տպավորություն ունեմ, որ ընդդիմությունն անում է ամեն ինչ, որ վատի ու վատթարագույնի համեմատության մեջ իշխանության ներկայացրած թեկնածուներն առավելություն ունենան։ Իշխանության ընտրության հնարավորությունները շատ սահմանափակ են, իրենք պետք է ընտրեն մարդու, որը մաքսիմում լոյալ է իրենց նկատմամբ, այսինքն՝ մարդ, որը տիկին Մանասյանի նման կասի, որ դատախազության ֆունկցիան ևս մարդու իրավունքների պաշտպանությանը պետք է ուղղված լինի, ու հենց այդպես էլ գործում է դատախազությունը, այն պարագայում, երբ բոլորս էլ գիտենք, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա դատախազությունը հաստատ այդպիսի քաղաքականություն չի վարում։

– Կարծում եք, եթե ընդդիմությունը այս պաշտոնում առաջադրեր ավելի բարձր որակների տեր անձի, իշխանությունը կընտրե՞ր նրան, տիկի՛ն Կարապետյանց։

– Վստահաբար ոչ, բայց գոնե ընդդիմությունն այս աստիճան խայտառակ չէր լինի, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, հերթական ինքնասպանության գործընթացն էր։ Ես սակայն շատ ուրախ եմ ու շնորհակալ և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը, որովհետև հերթական անգամ հասարակության աչքերը բացեցին ու ցույց տվեցին, թե ովքեր են իրենք իրականում։ Առհասարակ ամբողջ ԱԺ-ն ներկայիս կազմով ենթակա է մերժման, բայց ոչ կիսատ-պռատ, ինչպես Սերժին մերժեցինք, այլ իրական մերժման է ենթակա։

– Իսկ այդ մերժումը լինելո՞ւ է, օրինակ՝ իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ հանրությունն իրենց աջակցում ու վստահում է։

– Վաղ թե ուշ այդ մերժումը պետք է լինի, բարեբախտաբար, այլընտրանք չկա, որովհետև բոլոր իշխանությունները ժամանակավոր են, բայց ես վախենամ, որ իրենց մերժումը շատ ավելի հիվանդագին լինի, որովհետև իրենք, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որը վերարտադրվում էր հստակ լոզունգներով՝ «ինչքան ուզեմ՝ էնքան կխփեմ», «բոլոր կուսակցություններն անցնում են Մելիք-Ադամյանով» և այլն, այս վարչախումբը եկավ խոստումներով, բայց մսխեց ժողովրդի ցասումը, այնպես որ, իրենց պատիժը շատ ավելի խիստ է լինելու, ու ես դժվար եմ պատկերացնում, թե ոնց պետք է ապահովվի իրենց անվտանգությունը։

– Իշխանության նման վարքագծի պատճառը ո՞րն է։

– Որովհետև իրենք իրականում չունեն արժեքներ, այն արժեքները, որոնք հռչակել էին, պետք էին հասարակությանը մոլորեցնելու համար, որպեսզի ընտրվեին, վերարտադրվեին։ Երկրորդը՝ իրենք չունեն հստակ ծրագիր, գաղափարախոսություն, հետևաբար իրենց պաշտպանելու համար ուրիշ ոչինչ չի մնում՝ բացի նախկին խուլիգանական մեթոդներով շարժվելուց։ Իրականում շատ ողորմելի տեսք ունեն այդ պրոցեսներում, որովհետև անգամ այդ ոճում, որն իրենք ընդօրինակել են նախկիններից, իրենք պարտվում են, իրենք անգամ այդ ոճին չեն տիրապետում, այսինքն՝ իրենք ոչ մի բանի չեն տիրապետում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am