Լրանում է Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Արթուր Նիկողոսյանի 80 ամյակը

Այսօր լրանում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արթուր Գարեգինի Նիկողոսյանի 80-ամյակը։

Ա․ Նիկողոսյանը ծնվել է 1941թ. հունվարի 9-ին Երևանում։ 1964թ-ին ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և 1965թ-ին աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում: 1966-1969թթ․ սովորել է ԲԱ ասպիրանտուրայում, 1970թ-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1986թ-ին` դոկտորական թեզ: 2007թ-ից հանդիսանում է ԲԱ գլխավոր գիտաշխատող, 2017-ից՝ «Տեսական աստղաֆիզիկա» գիտահետազոտական բաժնի վարիչ: Նա երկար տարիներ դասախոսել է ԵՊՀ

ֆիզիկայի ֆակուլտետում, ղեկավարել է բակալավրական, մագիստրոսական և թեկնածուական թեզեր:

Ա․ Նիկողոսյանը հայ աստղաֆիզիկական դպրոցի հայտնի ներկայացուցիչներից է, ով նաև եղել է Վիկտոր Համաբարձումյանի լավագույն աշակերտներից մեկը։

Նրա գիտական աշխատանքների ոլորտներն ընդգրկում են 1) ճառագայթման տեղափոխման տեսությունը: Խմբերը և դրանց ներկայացումները կլանող ու ցրող, անհամասեռ և բազմաբաղադրիչ մթնոլորտների ճառագայթային էներգիայի տեղափոխման խնդիրներում: 2) Սպեկտրալ գծերի առաջացումը տուրբուլենտ մթնոլորտներում: 3) Արեգակի ֆիզիկան: Արեգակնային հրվիժակներում միկրոտուրբուլենտային արագությունների և կինետիկական ջերմաստիճանների որոշման եղանակների մշակումը: 4) Տիեզերական մարմինների սպեկտրների մեկնաբանումը: Լուսավոր կապույտ փոփոխականները (LBV) և λ Boo դասի աստղերը: Ստացված արդյունքները տպագրվել են միջազգային և տեղական հեղինակավոր գիտական ամսագրերում։ Ա․ Նիկողոսյանը նաև «Տեսական աստղաֆիզիկայի խնդրագրքի» հեղինակն է։

Նա Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), Եվրասիական և Հայկական աստղագիտական ընկերությունների, ԲԱ գիտական և մասնագիտական խորհուրդների անդամ է, «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագիրը (2018-ից):

Սիրով շնորհավորում ենք Ա․ Նիկողոսյանին ծննդյան տոնի կապակցությամբ և մաղթում քաջ առողջություն ու նոր գիտական հաջողություններ