«Ասում էր՝ մնա՛ էդտեղ, ջերմոցը կջրես, հետ եմ գալու»․ Աիդա Ավագյանը դժվարությունների և նոր կյանքի արանքում 4 ամիս է՝ Աղավնոյում ամուսնուն է սպասում

Լուսանկարը՝ Արման Ղարիբյանի
Հեղինակ MediaLab

41-ամյա Աիդա Ավագյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղից է։ Պատերազմի օրերին և դրանից հետո գյուղը չի լքել։ 

Ամուսնու՝ Համոյի ցանկությունն էր, որ տունը լքված չմնար։ Պատերազմի դաշտից զանգում էր կնոջն ու ասում․ «Մնա՛ էդտեղ, ջերմոցը կջրես, հետ եմ գալու։ Երեխեքին մեկ ամսով Երևան էինք ուղարկել, ես մի օրով գնում էի Կոռնիձոր՝ տատիկի մոտ մենակ չթողնելու համար: Մի հատիկ լուցկու չոփ չեմ հանել տնից, իրանից կարևոր բան չունեմ»,- ասում է Աիդա Ավագյանը։

Համոն պատերազմի առաջին օրվանից կռվի դաշտում է եղել, հայրենիքի պաշտպանության մարտեր մղել, վերջին անգամ կապ է հաստատել ընտանիքի հետ հոկտեմբերի 14-ին, դրանից հետո հետո ընտանիքը Համոյից լուր չունի: 

«Հոկտեմբերի 13-ին՝ իր ծննդյան օրը, զանգեցի, հոկտեմբերի 14-ին ուրիշ համարով զանգեց: Հարցրեցի՝ լա՞վ ես, ասեց՝ որ ասում եմ լավ եմ, ուրեմն լավ եմ։ Դուք լավ մնացեք, ես կզանգեմ։ Ասում էի՝ թող արի, էս չորս երեխեքը․․․ Ասում էր՝ գիտես, բոլորը 18 տարեկան զինվորներ են, ո՞նց թողնեմ։ Ու չեկավ»,- հուզմունքը խեղդելով՝ ասում է Աիդան։

Ամուսնու մասին տեղեկություն տրամադրել է գերիներից մեկը՝ Աիդային ասելով, որ Համոն կռվի դաշտում մահացու վիրավորում է ստացել, այդուհանդերձ, Աիդան ու ընտանիքը սպասում են՝ հուսալով, որ տեղեկությունը կարող է ճիշտ չլինել, և Համոն կվերադառնա։

«Այդ տղան պատմեց՝ ինքը վիրավոր է եղել, իրեն տարել են, բայց Համոն զոհվել է: Իրա ասելով՝ Ֆիզուլիի հատվածում 3 հատ «Գրադ» կայանք էր տեղադրված, Համոն էդ երկուսի արանքում գլխից մահացու վիրավորում ա ստացել: Ամեն օր կարդում ենք, սպասում ենք, ասում են՝ Ֆիզուլիից հանում են մարմիններ, ԴՆԹ էլ ենք հանձնել, իրա մաման ա հանձնել, բայց լուր չունենք: Էս գյուղից մեկն էլ ա եղել, իրենից էլ խաբար չկա»,- հուզմունքով նշում է Աիդան։

Ասում է, որ երեխաները, ինքը անընդհատ սպասում են Համոյին․ «Հենց հեռախոսը զանգում է, ավտո ա կանգնում, ասում ենք՝ հեսա մի նորություն կլինի, բայց գիտենք գերիի պատմելով, որ ծանր ա լինելու, բայց կուզեմ՝ ինչքան էլ ապրեմ, սպասեմ, երեխեքս էդ օրվան ականատես չլինեն։ 

Տղաս ամբողջ օրն արթնանում ա, հարցնում ա՝ ե՛րբ ա գալու, ե՛րբ ա գալու»,- պատմում է Աիդա Ավագյանը։

Աիդայի խոսքով՝ պատերազմը լիովին փոխեց իրենց կյանքը։ Մինչ այդ աշխատում էին, ամուսինը նաև լավ շինարար էր, գյուղի նորակառույց տների վերանորոգումն էր իրականացնում, նաև ամուսիններով հողագործությամբ էին զբաղվում, երեխաներին մեծացնում:

«Համոն ստեղ շատ էր սիրում, ամբողջը մեր արած-դրածն ա։ Պատերազմը 100 տոկոս լրիվ փոխեց մեր կյանքը, նախ՝ իրա չլինելով։ 

Նեղվում եմ, լացում եմ, հետո հավաքվում եմ, շատ չեմ ուզում երեխեքիս մոտ ընկճվեմ, որ չնեղվեն»,- նշում է Աիդան։

Համոյի պատրաստած սեղանը, որտեղ ամեն առավոտ ամուսինները սուրճ էին խմում

Մի կողմից ամուսնու մասին հստակ լուր չիմանալը, մյուս կողմից՝ ֆինանսական հարցերը հուսահատեցրել են Աիդային։ Ասում է, որ որևէ ֆինանսական ծրագրից մինչև այժմ չի օգտվել, միակ օգնությունը եղել է գյուղապետից, որը սնունդ է բաժանել:

«Ծրագրերից ոչ մի բան չեմ օգտվել, ասում են՝ կլինի, դիմումը լրացրել եմ, Ֆեյսբուքում գրած ա՝ Զինվորների հիմնադրամը ամիսը 300․000 դրամ փող ա տալիս անհայտ կորածի ընտանիքին, բայց չենք ստացել: Ամեն օր զանգում եմ, ասում են՝ չկա, արդեն ամաչում էլ եմ, էլ չեմ զանգելու»,- ասում է Աիդան։

Նշում է, որ, ճիշտ է՝ երեխաները պահանջկոտ չեն, շատ բան չեն ուզում, հասկանում են իրավիճակը, բայց․ 

«Տունդ պիտի գումար մտնի, մեծ երեխեք են։ Գոնե էդ փողը նստած լիներ, ես երբեք վիզս չեմ ծռել, ում փող ա պետք եղել՝ մեր տուն են եկել, հիմա նեղվում եմ։ 

Մեր շրջվարչակազմի ղեկավարը էսքան ժամանակ է՝ հեսա կլրանա 5 ամիսը, Համոն չկա, գոնե մի անգամ զանգի, ասի՝ Աիդա ջան, կարո՞ղ ա ինչ-որ մի բանով նեղվում եք, բայց չէ, չկա։ 

Մեր տունը ոչ մեկը չի եկել, հարցնի Համոյի պահով, մենակ գյուղապետը։

Չգիտեմ ինչ ա լինելու, մեկ-մեկ մտածում եմ՝ գժվելու եմ լրիվ»,- հուզմունքով ասում է Աիդան։

Այնուհետև հուզմունքը զսպելով՝ ավելացնում է, որ փորձում է աշխատել, հող մշակել, երեխաների հարցերը կարգավորել: 

«Ջերմոց ունենք, կանաչի էինք ցանում, հետո Համոն լոլիկ էր դրել, պատերազմի օրոք գնաց, մնաց կիսատ, հիմա ես եմ մշակում: 

Մենակ եմ լինում, շատ չեմ ուզում երեխեքիս մոտ ընկճվեմ, որ չնեղվեն, դժվար ա հիմա, բայց աշխատում եմ»,- ասում է Աիդան։

Ջերմոցը

Արփինե Արզումանյան

MediaLab.am