ԱԺ նախագահը հավատում է, որ ՌԴ-ի հետ զենքի մատակարարման խնդիրը կարող է լուծվել գործընկերային մթնոլորտում

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ վճարումների դիմաց Ռուսաստանի կողմից Հայաստանին դեռևս սպառազինություն չմատակարարելու խնդիրը հնարավոր է լուծել գործընկերային մթնոլորտում։ Սիմոնյանի խոսքով՝ ռուսական կողմը շանս ունի՝ ցույց տալու, որ շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին ու ստորագրած փաստաթղթերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ վճարված գումարի դիմաց ՌԴ-ի կողմից զենքը չմատակարարելու հարցը լուծվի  գործընկերային հարաբերությունների միջոցով:

Սիմոնյանի կարծիքով՝ դա հնարավոր է․

«Եվ ռուսական կողմը շանս ունի՝ ցույց տալու, որ, այնուամենայնիվ, ինքը շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին և ստորագրած փաստաթղթերին: Եթե պարտավորությունները չեն կատարվում, իսկ դա փաստ է, որ չեն կատարվում, Հայաստանը  միանշանակ պետք է պաշտպանի իր շահերը»,-ասաց Ազգային ժողովի նախագահը: