Եվրախորհրդարանը կոչ է արել ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր Բրյուսելում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ բանաձև են ընդունել «ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի նախապատրաստման մասին», որում Եվրամիության կառույցներին կոչ են արել «անհապաղ ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը», – հետևում է քվեարկության արդյունքներից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

Նիստը հեռարձակվել է Եվրախորհրդարանի կայքում։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 489 պատգամավոր, դեմ՝ 36-ը, ձեռնպահ Է մնացել 49-ը։ ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովը կկայանա փետրվարի 3-ին։ Արտաքին քաղաքականության հարցերի շուրջ Եվրախորհրդարանի բանաձևերն իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։

Պատգամավորները, մասնավորապես, կոչ են արել սահմանափակումներ մտցնել դեռևս ԵՄ շուկաներում ներկա «Լուկօյլ» և «Ռոսատոմ» ընկերությունների նկատմամբ, «սահմանափակել մշակված և չմշակված ռուսական ադամանդի ուղղակի և անուղղակի ներմուծումը, գնումն ու փոխանցումը», ինչպես նաև ընդլայնել պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ԶԼՄ-ների ցուցակները։ Եվրախորհրդարանում հայտարարել են «Ռուսաստանից ԵՄ հանածո վառելիքի ներմուծման անհապաղ և ամբողջական արգելքի» անհրաժեշտության մասին, կոչ են արել ԵՄ խորհրդին՝ «միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ նվազեցնել ռուսական նավթի գների վերին շեմը»:

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը սահմանելու մտադրության մասին է հայտնել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ փաթեթը կնախապատրաստվի մինչև փետրվարի 24-ը, երբ լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների 1 տարին: