«Սա քաղաքական հետապնդում չէ, սա անբարոյականություն է». Իրավապաշտպանը՝ Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Ֆեյսբուքյան գրառման համար քրեական գործ է հարուցվել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ: Դուք կարծում եք, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդո՞ւմ է իրականացվում:

– Այո՛, որովհետև Ժիրայր Սեֆիլյանի արտահայտած տեսակետը արտահայտել է ողջամիտ, քննադատող մարդկանց 99 տոկոսը, և արտահայտել է ոչ պակաս խիստ գնահատականներով կամ գրեթե նույնաբովանդակ բառամթերքով կամ մտքերով:

Բայց քրեական գործ է հարուցվել միայն Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ: Չկա սրա մեջ այլ բացատրություն, քան կոնկրետ անձնավորված հետապնդում ու հենց կոնկրետ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ: 

Բացի այդ, շատ պարզ տրամաբանություն կա. ոստիկանությունը, ԱԱԾ-ն ունեն սիրելի հաճախորդներ, և դրանց մեջ ամենաառանցքային դերն ունի Ժիրայր Սեֆիլյանը: 

Նրանք չեն կարողանում մոռանալ իրենց սիրելի հաճախորդին, ու քանի որ այնտեղ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել՝ ո՛չ գաղափարական, ո՛չ բարոյական, հետևաբար, իրենք իրենց սովորած, ստանդարտ մոտեցումներով շարունակում են աշխատել, սա՛ էլ հենց դրա արդյունքն է: 

– Փաստորեն Ֆեյսբուքում դատավորին ուղղված քննադատական գրառման համար է քրեական գործ հարուցվել: Կարծում եք՝ ֆեյսբուքյան գրառումը հիմք չի՞ կարող հանդիսանալ քրեական հետապնդման համար, եթե այնտեղ կոնկրետ մեղադրանքներ կային:

– Բացարձակ չեմ կարծում, որ ֆեյսբուքյան գրառումը չի կարող հիմք հանդիսանալ, միանշանակ կարող է: Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ ֆեյսբուքյան հարթակում մինչև անգամ երկարատև, տևական ժամանակ բազմաբովանդակ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել տարբեր խմբերի կողմից: 

Շատ ավելի վատ բառամթերքով քննադատվել, և քննարկվել են տարբեր մարդիկ: Եվ այդ շատ մեծ դաշտից ընտրվել է ընդամենը մեկ հոգի: Ու մենք անընդհատ խոսում ենք, որ ատելության խոսք է տարածվում: 

Ֆեյսբուքյան հարթակն իսկապես հասարակական հարաբերությունների հարթակներից մեկն է, և եթե փողոցի շարքային խուլիգանությանը կարող են ներկա լինել 5, 10 կամ 20 հոգի, ապա Ֆեյսբուքում նրանց արածը դառնում է 15, 20, 30, 100 հազար կամ անգամ կես միլիոն մարդ: 

Ֆեյսբուքում մարդիկ կային, որոնք հայհոյանքներ էին տալիս, որոնք ուղիղ սպառնալիքներ էին հնչեցնում, այդ գրառումների վերաբերյալ որևէ մեկին պատասխանատվության չեն ենթարկել, անգամ քրեական գործեր չեն հարուցվել, ու այս պայմաններում շատ ստանդարտ մի տեքստի համար քրեական գործ է հարուցվում: 

Եսիմ ինչ գրված չի եղել Սեֆիլյանի գրառման մեջ, ես հատուկ բացել, նորից ու նորից կարդացել եմ, փորձել եմ նայել այլ աչքով ու չեմ գտել որևէ բան, ինչը չեն ասել շատ ու շատ այլ անձինք: 

– Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը հայտարարել է, որ այս քաղաքական հետապնդումով փորձում են հասարակական տրամադրությունները շոշափել: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը: 

– Նախ պետք է ընդունենք, որ իրավապահ համակարգը, արդարադատություն իրականացնող համակարգը ոչ միայն չփոխվեց, փոփոխությունների չգնաց, այլ նաև նոր իշխանությունների կողմից մի այլ տեսակի պաշտպանվեց, պահպանվեց: Ես պնդել ու պնդում եմ, որ չփոփոխված իրավապահ մարմինները շարունակում են ծառայել հանցավոր ռեժիմին այն պարզ պատճառով, որ ոչ ոք իրենց որևէ հարց չտվեց, նրանցից ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց: 

Այո՛, հանցավոր ռեժիմն իր գործիքների միջոցով, այդ թվում նաև՝ դատարանների, դատախազության, քննչական տարբեր մարմինների ձեռամբ, փորձում է հասկանալ, թե ինչ տրամադրություն ունի ժողովուրդը: 

Եթե նոր իշխանության կարկառուն դեմքերը չեն կարողանում այդքանը հասկանալ, որ այս ամբողջ համակարգը գործում է իրենց դեմ, և մեր քննադատությունն ուղղված է ոչ թե գործող լեգիտիմ իշխանությունները տապալելուն, այլ, ընդհակառակը՝ օգնում է, որպեսզի իրենք կարողանան ճիշտ ճանապարհով շարունակել այն հեղափոխությունը, որը ժողովուրդն է արել, ես էլ չգիտեմ, թե այդ մարդկանց ինչպե՛ս կարելի է օգնել: 

Նրանք կա՛մ կույր են, կա՛մ համագործակցության մեջ են հանցավոր ռեժիմի հետ, ուրիշ բացատրություն չկա: Կամ իրենք անհեռատես են, կամ համագործակցության մեջ են, ու իրենց ձեռք է տալիս այս վիճակը:

– Եթե այս գործն ընթացք ստանա, ի՞նչ է սպասում Սեֆիլյանին: 

– Անկեղծ ասած, չգիտեմ՝ ի՛նչ հոդվածով են մեղադրանք առաջադրել, բայց սա ստանդարտ իրավիճակներից մեկն է, երբ քրեական գործ կհարուցվի, գուցե կկալանավորեն Ժիրայր Սեֆիլյանին, գուցե կհրահրեն իրավիճակ, և «Սասնա ծռերը» կամ նրանց համախոհները կփորձեն ըմբոստանալ, իրենց դժգոհությունն արտահայտել: Ինչն է այստեղ կարևոր. եթե գրառման հետ կապված իրավապահներին դիմեր դատավոր Մեսրոպ Մակյանը, ինձ համար հասկանալի կլիներ, բայց Մակյանը չի դիմել: Դիմել է ոստիկանության Կենտրոնականի բաժինը՝ եթե չեմ սխալվում: 

Այսինքն՝ հազարավոր գրառումների միջից տեսել են միայն այդ մի գրառումը, ու փորձում են հրահրել իրավիճակ՝ շատ լավ իմանալով, որ «Սասնա ծռերը» մի քիչ ավելի ակտիվ են և չեն մարսելու իրենց առաջնորդներից մեկի վերաբերյալ այս գործողությունները և հաստատ պայքարելու են նաև դրսում ցույցերի տեսքով: 

Սա հարված է հեղափոխական և լեգիտիմ իշխանությունների թիկունքից: Այլ կերպ սա բացատրել հնարավոր չէ: Չգիտեմ, սրանք ոնց որ կացին ու ռանդա լինեն, որ պրիմիտիվորեն չեն կարողանում տեսնել, թե ինչ խնդիրներ է առաջացնում դատախազությունը: 

Այն ֆոնին, որ Նեմեց Ռուբոյի քրեական գործը դադարեցվում է, բոլորի վերաբերյալ գործերը կամ կասեցվում են, կամ կարճվում են, կամ Հայաստանից դուրս են գալիս, Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվում, դա արդեն անբարոյականության վերջն է: Սա քաղաքական հետապնդում չէ, սա անբարոյականություն է: 

Մանե Հարությունյան

MediaLab.am