Ադրբեջանը կրակել է Սոթքի ուղղությամբ․ հանքավայրի աշխատանքը դադարեցվել է, աշխատակիցները՝ տարհանվել

Ադրբեջանի զինված ուժերը կրակել են նաև հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքները, աշխատակիցները տարհանվել են:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը

«Ժամը 17:15-ի սահմաններում սկսել են կրակել: Ընկերությունը դադարեցրել է Սոթքի հանքավայրի աշխատանքը և էվակուացրել է աշխատակիցներին` նրանց անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով»,- ասաց Գրիգորյանը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանը նաև ականանետեր է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ հայկական կողմը դիմել է անհրաժեշտ պաշտպանական գործողությունների։

Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ հայկական կողմն ունի 3, ադրբեջանական կողմը՝ 4 զոհ։