Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 20-ից պակաս հոդված

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը փոքր փաստաթուղթ է, որը ներառում է 20-ից պակաս հոդված։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած համաժողովում։

«Խաղաղության համաձայնագիրն առավելագույնը 6-7 էջանոց փաստաթուղթ է, որը ներառում է 20-ից պակաս հոդված: Միևնույն ժամանակ, Հայաստանից 70 օր է պահանջվել (խմբ․՝ փաստաթղթի նախագծի վերաբերյալ) մեր մեկնաբանություններին արձագանքելու համար», – Ալիևի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ, ընդհանուր առմամբ, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ 5-6 մեկնաբանությունների փոխանակում է տեղի ունեցել։

«Ադրբեջանական կողմն իր վերջին մեկնաբանություններն ուղարկել է սեպտեմբերի 11-ին», – հավելել է նա։

Հայաստանի ԱԳՆ-ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ Ադրբեջանին են փոխանցվել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի 6-րդ առաջարկները։ Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմից արձագանք դեռևս չեն ստացել։