Ազատության հրապարակը վերանվաճվեց, Րաֆֆի Հովհաննիսյանն անտեսվեց. վերլուծաբանները խոսում են ՀԱԿ-իշխանություն պայմանավորվածության մասին

Ազատության հրապարակը վերանվաճվեց, Րաֆֆի Հովհաննիսյանն անտեսվեց. վերլուծաբանները խոսում են ՀԱԿ-իշխանություն պայմանավորվածության մասին
Ազատության հրապարակը վերանվաճվեց, Րաֆֆի Հովհաննիսյանն անտեսվեց. վերլուծաբանները խոսում են ՀԱԿ-իշխանություն պայմանավորվածության մասին

Թեև մարդիկ հուզված էին երեկ Ազատության հրապարակ մտնելու ընդդիմության համարձակությամբ, այդուհանդերձ շատերին հետաքրքրում է, թե ինչո՞ւ ընդդիմությունն ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի այդպես էլ չմոտեցավ արդեն երեք օր հացադուլի նստած և Ազատության հրապարակի «բացումն արած» «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Չգիտես ինչու, ՀԱԿ-ի լրատվամիջոցները շատ դաժան արձագանքեցին այն հանգամանքին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ ծրագրով մտավ Ազատության հրապարակ և իր հետևից բերեց շատերին, որոնք եկան նրան սատարելու: Փաստորեն այնպես ստացվեց, որ Ազատության հրապարակը բաց էր բոլորի համար, բացի ՀԱԿ-ի առաջնորդներից»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի կարծիքով` ՀԱԿ-ը, ժողովրդի ոգևորությունից դրդված, մտավ Ազատության հրապարակ, այս քայլն անվանեց վերանվաճում, բայց չցանկացավ դափնիները կիսել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Ըստ քաղաքական գործչի` սա նշանակում է, որ շարժման նպատակներն այլ են և կապ չունեն այն փոփոխությունների հետ, որոնց սպասում է ժողովուրդը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` Ազատության հրապարակ մտնելը նախօրոք ծրագրված էր: Եթե հիշենք Սերժ Սարգսյանի Ծաղկաձորում ելույթը, որտեղ նա խոսել էր կառուցողական ընդդիմության մասին, կարելի է ենթադրել, որ որոշակի պայմանավորվածություն կա Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև:

«Այս ամենի նպատակը քաղաքական դաշտը երկբևեռ, սև ու սպիտակ դարձնելն է: Այստեղ տեղ չկա ո´չ «Ժառանգության», ո´չ Դաշնակցության, ո´չ էլ «Բարգավաճ Հայաստանի» համար»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Ե. Բոզոյանը:

Նրա կարծիքով` երկբևեռ քաղաքական դաշտ ստեղծելու համար Տեր-Պետրոսյանը պատրաստ է առայժմ չսրել իրավիճակը:

Մինչդեռ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ս. Սաֆարյանի կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլով հակառակն է անում:

«Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից այս արարքը նշանակում է պրոցեսների արագացում, ինչը ՀԱԿ-ին ձեռնտու չէ»,- ասում է նա:

Այդուհանդերձ բոլորը չեն, որ «Ժառանգության» հիմնադրին անտեսելու Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության մեջ անբնական բան են տեսնում: Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը հարցնում է` իսկ ինչո՞ւ ՀԱԿ-ի առաջնորդը պետք է մոտենար Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Ինձ համար ընդհանրապես շատ տարօրինակ է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը: Նա ոչ մի կոնկրետ նպատակ չունի: Կար ավելի մեծ խնդիր` Ազատության հրապարակ մտնելը և այնտեղ ելույթ ունենալը»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Քաղաքական տեխնոլոգը նաև կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չպետք է մոտենար Հովհաննիսյանին, քանի որ նրանք տարբեր կշռի քաղաքական գործիչներ են:

«Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի գոյություն չունեցող կուսակցության ղեկավար է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը` մի ամբողջ ինստիտուցիոնալ կառույցի առաջնորդ»,-«Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Հետաքրքիր է, որ ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը, բավականին մեղմ է արձագանքել տեղի ունեցածին: Նա չի դատապարտել Տեր-Պետրոսյանին, պարզապես նրա կարծիքով` եթե ինքը լիներ ՀԱԿ-ի առաջնորդի փոխարեն, անպայման կմոտենար հացադուլ անողին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» առաջնորդն ասել է, որ ամեն մեկն ունի իր ներքին արժեքային համակարգը, իր մարդկային կերպարը և նաև իր քաղաքական դիմագիծն ու դիրքորոշումը։

«Եթե դերերը հակառակը լինեին, մենք լինեինք հարձակվող, իսկ մյուսը՝ հացադուլի մեջ, ես կարող եմ ասել, որ ով էլ լիներ հացադուլի մեջ գտնվող համաքաղաքացին, նախագահ լիներ թե շարքային քաղաքացի, իշխանական գործիչ թե ընդդիմադիր, ես կփորձեի առաջինը լինել իրեն այցելելու և զորակցելու և իր հետ կիսելու իր ցավը և նաև իր պահանջը լուծելու հնարավորությունը։ Այս դեպքում ես, կարող եմ ասել, նման ակնկալիքով չէի լցված։ Ես եթե լինեի, ես կանեի, իմ կարծիքով»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am