«Ցավոք, կարող ենք ասել, որ մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ». Ավետիք Իշխանյան

«Ցավոք, կարող ենք ասել, որ մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ». Ավետիք Իշխանյան
«Ցավոք, կարող ենք ասել, որ մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ». Ավետիք Իշխանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

– Պարո՛ն Իշխանյան, ավելի քան կես տարի է՝ նոր իշխանություն է ձևավորված Հայաստանում, որը հայտարարել է կոռուպցիան չհանդուրժելու, արմատախիլ անելու մասին: Մենք գիտենք, որ հանրությունը սպասում է աղմկոտ ձերբակալությունների, բայց այսօր խոշոր դերակատարներից միայն նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանն է անազատության մեջ: Գոհացնո՞ւմ են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքները, ի՞նչ իրավիճակ ունենք:

– Նախ ասեմ, որ հասարակության կողմից սպասելիքները միշտ ավելի շատ են՝ հատկապես պատժիչ գործողությունների ուղղությամբ: Դա բնորոշ է ցանկացած հեղափոխության։ Հեղափոխությունը տենչում է արդարություն, արդարության վերականգնում: Հեղափոխականների համար «արդարությունը» իրենց կեղեքողներին բանտարկելն ու սնանկացնելն է, նրանց գումարների վերադարձը: Հեղափոխականներին թվում է, թե «միլիարդները» կվերադարձվեն, արդարացի կվերաբաշխվեն, և բոլորը կերջանկանան։

Կան հստակ մեխանիզմներ, եթե իշխանությունը իսկապես ցանկանում է կոռուպցիայի դեմ պայքարել: Իրականում կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային ու կառուցվածքային է: Առաջին հերթին՝ դատաիրավական համակարգի անկախություն, իսկապես անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծում և այլն: Էլեկտրոնային կառավարումը կարող է մեծապես նպաստել կոռուպցիայի դեմ պայքարին, մասնավորապես, եթե ցանկացած մարդ իմանա, որ հստակ խաղի կանոններ կլինեն բիզնեսի համար, նա կարողանա էլեկտրոնային տարբերակով իր բիզնեսը գրանցել և սկսել հարկերը վճարելով՝ աշխատել:

Մեզ մոտ կոռուպցիայի դեմ պայքարը հիմնականում ընկալվում է որպես կոռուպցիոներների դեմ պայքար: Եվ քանի որ նախքան հեղափոխությունը Հայաստանի ամբողջ կառավարումը կոռուպցիոն մեխանիզմներով ու կոմպրոմատներով էր, այսօր նաև պատիժներ են պետք: Ես այս պատիժները կբաժանեի երկու մասի: Նախ՝ պետք է տարանջատել, թե ովքե՛ր են եղել գործարարներ, և ովքե՛ր՝ պաշտոնյաներ:

Գործարարները, բնականաբար, և՛ հարկեր են թաքցրել, և՛ կիսվել են պաշտոնյաների հետ, բայց, ի վերջո, դրանք եղել են խաղի կանոնները: Եվ եթե այդ գործարարներից շատերն այլ երկրներում լինեին, կգործեին այլ խաղի կանոններով: Եվ այս տեսանկյունից գործարարների նկատմամբ, կարծում եմ, պետք է այլ սկզբունք որդեգրել: Նրանց պետք է ժամանակ տալ հարկեր վճարելու համար, նույնիսկ կարելի է համաներում հայտարարել նրանց նկատմամբ, պայմանով՝ այսօրվանից սկսում են նոր խաղի կանոններով աշխատել: Նաև կարելի էր գույքահարկի, այսպես ասած, երկրաչափական պրոգրեսիաներ սահմանել նրանց՝ ժամանակին էժան ձեռք բերված գույքի վրա:

Իսկ ինչ վերաբերում է պաշտոնյաներին, ովքեր անօրինական հարստացել են, նրանց նկատմամբ արդեն պետք է գործեր արդարադատությունը: Բայց այստեղ շատ կարևոր խնդիր կա, այդ արդարադատությունը չպետք է գործեր ընտրովի: Եթե մենք հաշվի ենք առնում, որ քաղաքականությունը, այսպես կոչված, «ռեալ պոլիտիկա» է, այսինքն՝ իշխանությունը պահելու համար հաշվի են առնվում տարբեր քաղաքական շահեր, ապա մենք ունենում ենք կալանավորված ինչ-որ դեմքեր, հետո նրանք ազատ են արձակվում, բայց հասարակությունը սպասում է այլ դեմքերի կալանավորման, իսկ այլ դեմքեր չեն կալանավորվում:

– Կարո՞ղ ենք ասել, որ ընտրովի արդարադատության հետ գործ ունենք:

– Քանի որ նախկին պաշտոնյաների նկատմամբ այդ հետապնդումները ինչ-որ չափով անձնավորված են, ապա, ցավոք, կարող ենք ասել, որ մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ:

– Եվ ո՞ւր կարող է տանել այս ճանապարհը՝ հաշվի առնելով այն, թե ի՛նչ պահանջ էր հասարակությունը դրել հեղափոխության առաջ:

– Չեմ կարող ասել, որովհետև, նորից եմ կրկնում, սա քաղաքականություն է: Մի բան է, թե ի՛նչ լեզվով ես խոսում հասարակության հետ, այլ բան է իրական քաղաքականությունը: Սա պետք է բնական ընկալել, մանավանդ մեր հեղափոխությունը չի եղել կոմունիստական կամ սոցիալիստական ձախ հեղափոխություն նվիրյալների կողմից, որոնք խոստացել էին համատարած կուլակաթափ անել բոլորին: Մեր հեղափոխությունը եղել է «Մերժի՛ր Սերժին» կարգախոսով, այսինքն՝ անձերի դեմ հեղափոխություն, այլ ոչ գաղափարական հիմքով, և իշխանափոխությունից հետո գնում է «ռեալ պոլիտիկա»:

– Գործող իշխանության ներկայացուցիչներից ոմանց անունները ևս այս շրջանում կապվում են հնարավոր կոռուպցիոն պատմությունների հետ: Օրինակ՝ հետաքննական հրապարակում եղավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ: Այսինքն՝ այս իշխանությունը և՞ս զերծ չէ կոռուպցիայից:

– Իմ կարծիքով՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պամանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդու առաջադրումը ևս քաղաքական կոռուպցիա էր: Այսինքն՝ այստեղ շատ կարևոր է, որ հասարակությունը ոչ միայն աջակցի հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, այլ նաև այդպիսի դեպքերում պահանջի իր կարծիքն արտահայտել և, բնականաբար, թույլ չտալ նախկինների գործելաոճը (հիշենք Անդրանիկ Մարգարյանին և նրա որդուն, Հովիկ Աբրահամյանին և նրա որդուն, Մանվել Գրիգորյանին և նրա որդուն և այլն):

Բավական հեղհեղուկ էր այն տեսակետը, երբ ասացին, թե իրենք չեն պաշտպանում Սասուն Միքայելյանի որդուն՝ որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածուի, բայց այլ թեկնածու էլ չեն առաջադրում: Սա հարցից խուսափելու ձև էր: Նույնը վերաբերում է փոխվարչապետ Ավինյանի հետ կապված հարցին: Այսինքն՝ այսօրվանից հասարակությունը պետք է պահանջի, որ իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարեն ՝առաջին հերթին իրենց օրինակով: Եվ, ինչպես նշեցի, ամենակարևորն այն է, որ պետք է հստակ մեխանիզմներ սահմանվեն կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

Պատիժները կարևոր են, բայց կարևոր է ոչ այնքան պատժի խստությունը, որքան պատժի անխուսափելիությունը՝ հնարավոր կոռուպցիոն սկանդալների բացահայտումների դեպքում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am