Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը պետք է իր հնարավորությունների սահմաններում ֆինանսական ներդրում ունենա Խաղաղության խորհրդի աշխատանքներում, որի հիմնադիր անդամներից է։ Այս մասին վարչապետը հայտնել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
Վարչապետը նշել է, որ Խաղաղության խորհրդում Հայաստանի համար պարտադիր ֆինանսական պարտավորություններ չկան, գործում է կամավորության սկզբունքը։
«Ֆինանսական որևէ պարտավորություն չկա, կա կամավորություն։ Սակայն կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա «աղքատ ազգականի» կարգավիճակից, երբ գնում է տարբեր հարթակներ և անկյունում կանգնում խոնարհված։ Մենք պետք է մեր չափով ներդրում ունենանք։ Պարտավորություն չկա, բայց կարծում եմ՝ պետք է մասնակցենք, և մենք կունենանք այդ մասնակցությունը»,- ասել է Փաշինյանը։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 29-ին հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու նախագծին, որը կուղարկվի Ազգային ժողով՝ հաստատման։
Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի կողմից ստորագրվել է 2026 թվականի հունվարի 22-ին։ Այն ստորագրել են նաև մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Արգենտինան, Ադրբեջանը, Հունգարիան, Ղազախստանը, Կատարը և Թուրքիան։
Խաղաղության խորհուրդը ստեղծվել է 2026 թվականին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ։ Խորհրդի պաշտոնական կայքի համաձայն՝ այն նպատակ ունի խթանել կայունությունը, վերականգնել հուսալի և օրինական կառավարումը, ինչպես նաև ապահովել երկարատև խաղաղություն հակամարտությունից տուժած կամ սպառնալիքի տակ գտնվող տարածքներում։



















