«Մարդիկ Ռուսաստանում ռեալ վտանգ են զգում». ըստ մասնագետի՝ երկրում պատերազմի վտանգի դեպքում ավիատոմսերի պահանջարկը մեծանում է, գները՝ աճում

Մոսկվայից Երևան, Ստամբուլ, Բաքու և այլ հարևան երկրներ, որտեղ ռուսաստանցիների համար վիզա չի պահանջվում, առաջիկա ուղիղ չվերթերի ավիատոմսերն արդեն սպառվել են: Իսկ եթե դրանք կան, ապա աստղաբաշխական գների են հասնում: Օրինակ՝ Մոսկվա-Երևան եթե ազատ տոմս լինի, ապա հնարավոր է գնել 700 հազար դրամից մինչև 1 մլն դրամ գնով:

RBK-ն ուսումնասիրել է ավիաընկերությունների ու ավիատոմսեր վաճառող կայքերի տվյալները և տեղեկացնում է, որ Aviasales հարթակում Մոսկվայից դեպի Ստամբուլ «Աերոֆլոտի» տոմսը կարելի է գնել միայն սեպտեմբերի 23-ի համար, այն արժի 76 հազար ռուբլի (524 հազար դրամ): Սակայն լրատվամիջոցը նկատել է, որ ավիաընկերության պաշտոնական կայքում նույն օրվա համար ավիատոմսն արդեն չկա, և առաջարկվում է միայն թռիչք սեպտեմբերի 25-ի համար՝ 58.6 հազար ռուբլով (404 հազար դրամ):

RBK-ն նկատում է, որ նույն իրավիճակն է Մոսկվայից Երևան թռիչքների դեպքում. «Աերոֆլոտի» պաշտոնական կայքում սեպտեմբերի 23-ի համար մնացել են ավատոմսեր միայն բիզնես դասի թռիչքների համար՝ 122 հազար ռուբլի արժեքով (841 հազար դրամ), իսկ սեպտեմբերի 24-ին էկոնոմ դասի թռիչքն արժի 62 հազար ռուբլի (425 հազար դրամ):

Լրատվամիջոցը ավիատոմսերի արագ սպառումը կապում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր առավոտյան տարածած ուղերձի հետ, որով այդ երկրի նախագահը հայտարարել էր մասնակի զորահավաքի մասին: «Զորահավաքն անհրաժեշտ է Ռուսաստանին պահպանելու ինքնուրույնությունը, տարածքային ամբողջականությունը, ապահովելու ժողովրդի ու ազատագրված տարածքների մարդկանց անվտանգությունը»,- հայտարարել էր Պուտինը:

BBC-ն իր հերթին գրում է, որ մասնակի զորահավաք սկսելու մասին Պուտինի հրամանը միգրացիայի նոր ալիք կբարձրացնի: Ըստ աղբյուրի՝ Պուտինի ուղերձից հետո զորահավաքային տարիքի տղամարդկանց երկրից դուրս գալու արգելք դեռևս չկա: «Բայց չի բացառվում, որ լինի»,- գրում է լրատվամիջոցը:

Երկրի ներսում վտանգի պահին ավիատոմսերի հետ կապված նման իրավիճակը հայաստանյան Any Wish ավիաընկերության տնօրեն Ալինա Պետրոսյանը բնական է համարում, և այն, ինչ հիմա կատարվում է Ռուսաստանում, վերջին օրերին եղել է նաև Հայաստանում:

«Իրականում ավիատոմսերի հետ կապված խնդիր կար նաև Հայաստանում, երբ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը զինված հարձակում սկսեց Հայաստանի դեմ: Դրանից հետո շատ մեծ ծավալի հարցում կա ցանկացած ավիատոմսի, որը վիզա չի պահանջում: Մարդիկ ռեալ վտանգ են զգում իրենց կյանքի համար ու հույս էլ չունեն, որ դա արագ կարգավորում կստանա»,- «Մեդիալաբին» ասում է Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ մարդկանց շրջանում վտանգի սպառնալիքն էլ ավելի է խորացել, երբ «պետական մակարդակով» հայտարարվում է երկրում հնարավոր դիվերսանտների գոյության մասին: «Բացի այդ, զգուշացնող հայտարարություններ են արվում ապաստարանների մասին, վտանգի ժամանակ պատրաստվելու մասին: Ես հասկանում եմ, որ դա անվտանգության նկատառումներից ելնելով է արվում, բայց, միևնույն է, մարդիկ վախեր ունեն ու իրենց պաշտպանված չեն զգում: Այդ պատճառով էլ ավիատոմսերի պահանջարկն աճել է»,- նշում է նա:

Փետրվարի 24-ից Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունները ռուսաստանցիներին ստիպել էին տեղափոխվել ու բնակություն հաստատել հարևան երկրներ՝ Վրաստան, Հայաստան ևն: «Այնտեղ պատերազմական գործողություններ են, ու մարդիկ ռեալ վախեր ունեն, և շատ հնարավոր է, որ մասնակի զորահավաքի մասին հայտարարությունը մարդկանց մեջ երկրից տեղափոխվելու մեծ ցանկություն առաջացնի»,- նշում է ընկերության տնօրենը:

Ալինա Պետրոսյանի խոսքով՝ դեռևս փետրվարից ավիատոմսերի գները զգալիորեն աճել են ու շարունակում են աճել: Բայց, այդուհանդերձ, ավիատոմսերը շատ արագ սպառվում են: «Եթե մինչև ռուս-ուկրաինական պատերազմը հնարավոր էր գնալ Ռուսաստան ու հետ գալ սկսած 120 հազար դրամից, ապա այժմ ավիատոմսերը նվազագույնը 350-400 հազար են լինում: Ամռան ընթացքում այդ գներն ավելի բարձր են եղել»,- նշում է մասնագետը:

Այս տարվա փետրվարից, երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայի դեմ, ԵՄ-ն փակել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար: Ռուսները կարող էին Եվրոպա մեկնել կամ ավտոբուսով, կամ Լատվիայի ու Էստոնիայի միջով: Սակայն արդեն սեպտեմբերին, BBC-ի փոխանցմամբ, այդ երկրները արգելել են ռուսներին մուտք գործել իրենց տարածք նույնիսկ շենգենյան վիզայով: Ռուսների համար հիմա բաց է միայն Ֆինլանդիան:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am