Հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանն ավետել է, որ, ասենք, մսի թանկացման համար աղքատները մտահոգվելու ոչինչ չունեն, մեկ է նրանք միս չեն ուտում։ Ասել է, թե «դոշի ֆիլեն» թանկացել է միայն իր, Հանրապետականի ու Ծառուկյանի համար։
Էս մարդն ակնհայտորեն հիվանդ է իշխանությամբ։ Էս մարդն ուզում է ասել, որ աղքատությունը եւ թանկացումները իրար չգտնող իրողություններ են։ Աղքատը գնում է սահման, իսկ հարուստը՝ Դուբայ։ Էս մարդը չի ասում, որ էդ աղքատը մի կերպ տուն է պահում, որ իր հարկերով Հակոբ Հակոբյանը միս ուտի Դուբայում, բայց նաեւ մտածի մյուսների միս ուտելու մասին։ Էս մարդը ագրեսիա է պետության բանականության դեմ։
Նրա ասածից ենթադրվում է, որ վերջապես աղքատները կհասկանան, թե ինչքան լավ է աղքատ լինելը։ Գուցե նույնիսկ անձամբ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը, նույն ինքը՝ Հակոբ Հակոբյանը, հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ, որ աղքատների ավելացումը պետության շահերից է։
Գուցե բյուջեից գումարներ պահանջի աղքատների վերջին ունեցվածքը հարուստներին բաժանելու գործը անցավ իրականացնելու համար։ Եվ, ընդհանրապես, գուցե աղքատությունը խթանելու համար Ռուսաստանից վարկ վերցնենք էդ նույն աղքատների վերջին լումաներով վերադարձնելու պարտավորությամբ։ Ենթադրում եմ, որ հաջորդ անգամ էս մարդը կամ մեկ այլ հանրապետական ասելու են՝ աղքատությամբ մենք կանխում ենք արտագաղթը, փող չունեն, ուրեմն գնալու տեղ էլ չունեն։
Չէ, դուք փորձեք հասկանալ՝ իշխանությունն այս մարդու շուրթերով խոստովանում է, որ վերջապես ստեղծել են մի իրավիճակ, որ իրենց անկարողությունն ու անշնորհքությունը չի կարող վնասել աղքատներին։ Քանի որ չեն կարող վերացնել աղքատությունը, պետք է այնպես անել, որ աղքատությունը դառնա «արժեք»։
Իսկ մենք հո գիտենք, թե խոսքն ինչ արժեքի մասին է։ Հենց աղքատներին կաշառելով հանրապետականները վերջին ընտրություններում տոկոսներ խփեցին։ Այսինքն, աղքատությունը նրանց գլխավոր խաղաքարտն է, նրանք պետք է ամեն ինչ մտածեն, որ աղքատը դեռ մի բան էլ գոհ ու շնորհակալ լինի, որ միս չի ուտելու։
Ու այս մարդկանց համար աղքատությունը շոշափելի ողբերգություն չէ, հասկանու՞մ եք։ Այս մարդիկ բառի բուն իմաստով իրենցով ախտահարել են իշխանությունը եւ այլեւս չեն հասկանում, որ աղքատը նաեւ Աշոցքում ապրող երեխա է, որը 7 տարեկանում խաղողը տեսել է Հանրային հեռուստատեսությամբ։ Այս մարդիկ աղքատ բառի մեջ ավելի շատ դատարկություն են դրել, քան, սիրուհի բառի մեջ, իրենք թույլ չեն տա, որ սիրուհիները դատարկ բառերի զոհեր լինեն։
Հակոբ Հակոբյանը մի երկաթյա տրամաբանություն է դրել իր փիլիսոփայության մեջ՝ քանի որ պետական բյուջեն նախ թալանի ենթակա բյուջե է, աղքատները կորցնելու ոչինչ չունեն։ Նրանք ե՞րբ են բյուջեի թիրախ եղել։ Գեներալ Հայկազ Բաղմանյանի միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքը վկա։ Վկա Ազգային Ժողովի պատգամավորների իրար հերթ չտվող գործուղումները։ Հերմինե Նաղդալյանի 3G-ն վկա, վկա հենց նույն Հակոբ Հակոբյանը, որը Արփա-Սեւան թունելի սեփականատերն է։
Եվ ինչու՞ հաջորդ անգամ որեւէ հանրապետական պատգամավոր չի կարող խորհրդարանի ամբիոնից պահանջել աղքատների կարգավիճակը հավասարեցնել փողոցային շների կարգավիճակին՝ չէ՞ որ երկուսի հանդեպ էլ պետությունը որեւէ պարտավորություն չունի։
Հարկ եղած դեպքում աղքատներին նույնպես կարելի է ստերիլիզացնել, որ նոր մանչուկներ լույս աշխարհ չգան եւ իրենց սովալլուկ ու ոչինչ չհասկացող աչքերի արցունքներով չլցնեն այս հպարտ ու ինքնիշխան հայրենիքում դիետա պահող հարուստների համբերության բաժակը։ Նրանք ամբողջ էությամբ պատրաստ են «Հայաստանն առանց աղքատների» տեսլականի հաղթանակին։
Մհեր Արշակյան
MediaLab.am