Մեղրիում կոալիցիա ձևավորվեց․ երկու կուսակցություններ համայնքը կղեկավարեն՝ իրար փոխարինելով

Սյունիքի Մեղրի համայնքում Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունն ու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիոն հուշագիր են ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք «Հանրապետություն» կուսակցությունից Մեղրի համայնքում ընտրված Բագրատ Զաքարյանի ֆեյսբուքյան հրապարակումից։

Հուշագրով նախատեսվում է ՏԻՄ իշխանությունը բաժանել միմյանց միջև․ այսինքն՝ 5 տարվա առաջին կեսը կպաշտոնավարի «Հանրապետություն» կուսակցությունը, մյուս կեսը՝ «Ազատական» կուսակցությունը:

«Համատեղ հուշագիր ենք ստորագրում՝ 5 տարի կառավարման փուլերը միմյանց մեջ հավասարաչափ բաշխելու, կիսելու, կառավարելու համար։ Ինչի՞ համար ենք նշում համատեղ, որովհետև մենք կառավարումն իրականացնելու ենք մեկս մյուսի հետ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջև։ Առաջին 2.5 տարին կառավարումն իրականացնելու է «Հանրապետություն» կուսակցությունը՝ իր և «Ազատական» կուսակցության թիմի հետ, իսկ երկորդ փուլը՝ 2.5 տարի ժամկետով «Ազատական» կուսակցությունը՝ ի դեմս պարոն Անդրեասյանի կամ իրենց կողմից նշանակված ցանկացած մարդու հետ»,- նշել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը։