Անահիտ Ավանեսյանը` բժշկի նկատմամբ բռնության դեպքի մասին

Այսօր Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Դատապարտում եմ տեղի ունեցածն ու ակնկալում իրավաչափ պատասխան»,- գրել է նախարարը:

Նշենք, որ նոյեմբերի 16-ին, հերթական բռնության դեպքն է տեղի ունեցել Երևանում գործող բժշկական կենտրոններից մեկում։ Ժամը 00։35-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում «Մուրացան» բժշկական կենտրոնում մի խումբ անձինք հարձակվել են բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի վրա, ձեռքերով և ապակյա շշերով հարվածել անվտանգության աշխատակցին, ապա մտել հիվանդանոց, այնտեղ բռնություն կիրառել բժշկուհու նկատմամբ։

Ծեծի ենթարկված անվտանգության աշխատակիցը Երևանի բնակիչ 22-ամյա Ֆ․Մ․-ն է, ով ստացել է ճակատի, գլխի, քունքային և ծոծրակային շրջանի պատռված վերքեր։ Վիճաբանողներն էլ եղել են 5-7 հոգի, որոնցից մեկը Երևանի բնակիչ 35-ամյա Ա․ Գ․-ն է։ Հիվանդանոցում նշված անձինք բռնություն են կիրառել նաև բժշկուհու նկատմամբ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով, այս պահին չի հրապարակվում։