Ո՞վ խթանեց դասալքությունը հայկական բանակում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2023 թվականի մարտի 16-ին՝ նովրուզի առթիվ իր երկրի քաղաքացիներին շնորհավորելիս, հընթացս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանից 11 հազար դասալիք է եղել: 

Ուղիղ երկու շաբաթ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, բառացի կրկնեց Ադրբեջանի նախագահի նույն հայտարարությունը 11 հազար դասալիքների վերաբերյալ:

«44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք։ Զինվորական, կամավոր, սպա։ Երբ որ պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը կոչ էր անում կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը, կոչին չէին հետևում։ Երբ որ ես՝ որպես կին, որոշեցի ջոկատ կազմել ու ցույց տալ, որ կարիքը այնքան կա՝ կանայք են մասնակցում, ու տղամարդիկ, տեսնելով, գնային իրենց գործը անելու, էլի լավ արձագանք չեղավ»,- հայտարարեց Հակոբյանը:

Ապրիլի 25-ին ՀՀ դատախազությունը ի պատասխան «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցի պաշտոնապես հայտարարեց, որ դասալքության համար մեղադրանք է առաջադրվել 756 անձի, որոնցից զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու համար՝ 180 անձի, դասալքության համար՝ 132 անձի, զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար` 444 անձի։  

ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ 

  1. Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով: 
  1. Դասալքությունը, որը կատարվել է ծառայության համար վստահված զենքով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կամ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով:
  2. Դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով:
  1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է զորամաս, ծառայության վայր, իրավապահ կամ պետական այլ մարմիններ:

Առնվազն տարակուսելի է 2020 թվականի պատերազմի առաջին օրերին ՀՀ վարչապետի՝ դասալքության մասին խոսքը: Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, թե բոլոր այն մարդիկ, որոնք որևէ պատճառով լքել են իրենց վստահված պոստը, արժանանալու են հանրային պարսավանքի:

Երբ հասարակության մեջ բոլորը համոզմունք ունեն, որ դասալքության համար գնդակահարում են կամ առնվազն ցմահ դատապարտում, պատերազմի առաջին օրերին ինչո՞ւ հնչեցվեց «Դասալիքները պիտի հանրային պարսավանքի արժանանան» արտահայտությունը՝ դրանով իսկ ըստ էության խթանելով զանգվածային դասալքության դեպքերը բանակում:

Մարի Ներսեսյան

MediaLab.am