Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է. Խանդանյան

Մինչև Ադրբեջանում պահվող գերիները չհատեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, Հայաստանը չի կարող անուններ հրապարակել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլում հրապարակված գերիների ցուցակի իսկությանը։

«Ես կխուսափեմ որևէ անուն հնչեցնել, նախ, որ մանրամասներին ծանոթ չեմ և, բացի այդ՝ շատ զգայուն թեմա է: Մինչև գերիները չհատեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կարծում եմ, պետք չէ շրջանառել անուններ, որովհետև հասկանում ենք, թե ինչքան բարդ կարող է լինել դա գերիների հարազատների համար։ Մինչև գերիները չհատեն ՀՀ պետական սահմանը, կարծում եմ, Հայաստանը չի կարող անուններ հրապարակել»,- շեշտեց  Խանդանյանը։

Հարցին, թե երբ կվերադարձվեն գերիները՝ Խանդանյանը պատասխանեց.

«Ըստ հայտարարության՝ դա պետք է տեղի ունենա շատ մոտակա ժամանակահատվածում. ժամերի կամ օրերի հարց է։ Եթե չեմ սխալվում, գերիների վերադարձի գործընթացը պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին»։