Եղեգնուտի բնակիչը բենզասղոցով ապօրինի հատել է կանգուն ծառեր

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Հերթական դեպքը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին:

Համայնքային ոստիկանները Վահագնաձոր գյուղի տարածքում գիշերային շրջայցի ժամանակ ստուգել են Վանաձոր քաղաքի 31-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ փայտանյութը Եղեգնուտ գյուղում բնակվող 26-ամյա ազգականինն է։

Վառելափայտով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նույն օրը բաժին է հրավիրվել նաև վարորդի 26-ամյա ազգականը: Ըստ նրա՝ Եղեգնուտ գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել էր կանգուն ծառեր: Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: