«Եթե Հայաստանն արձագանքի, անխուսափելիորեն կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ». Վերլուծաբան

«Եթե Հայաստանն արձագանքի, անխուսափելիորեն կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ». Վերլուծաբան
«Եթե Հայաստանն արձագանքի, անխուսափելիորեն կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ». Վերլուծաբան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ Ղրիմի տարածք ռուսական զորքեր մտցնելու անհրաժեշտություն չկա: 

Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը չի դիտարկում Ղրիմը ՌԴ-ին միացնելու հնարավորությունը:

Անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը Պուտինի այս հայտարարությունը զարմանալի չի համարում: Ըստ Բոզոյանի՝ ՌԴ նախագահը նման հայտարարություն արեց, քանի որ չէր կարող հայտարարել այլ բան:

«Ցանկացած ինքնորոշում պետք է գա այն տարածքից, որտեղ այդ ժողովուրդն ուզում է ինքնորոշվել: Ֆորմալ իմաստով Պուտինը երբեք չի հայտարարի, որ Ղրիմը կմիացնի Ռուսաստանին: Եթե նույնիսկ այդպիսի որոշում կայացվի, ապա դա կկատարվի Ղրիմի ժողովրդի ինքնորոշման արդյունքում: Այսինքն՝ այստեղ ձևակերպել, որ Պուտինը նման բան է հայտարարել, նշանակում է՝ զորք չի մտցնի, դա չի նշանակում, որ այդ զորքը հաստատ չի մտցնի»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

ՌԴ նախագահը Ղրիմ զորք չի մտցնի նաև այն պատճառով, որ, ըստ վերլուծաբանի, տեղական մակարդակով Ղրիմի իշխանությունները կարողացան չեզոքացնել ներկայիս կենտրոնական Կիևի իշխանության զինված ուժերի հնարավոր մանևրը, և ըստ էության այնտեղ գործընթացը Ղրիմի իշխանությունների վերահոսկողության տակ է:

Այս պայմաններում, բնականաբար, զորք Ղրիմ ռուսական մտցնելու անհրաժեշտություն արդեն չկա:

«Պուտինն այս պայմաններում ավելի հանգիստ կարող է հայտարարել, որ ինքը զորք մտցնելու խնդիրր չունի: Այս փուլում ես չեմ կանխատեսում, թե Ռուսաստանը զորք կմտցնի, իհարկե, եթե կենտրոնական իշխանությունները չճնշեն Արևելյան Ուկրաինայի ռուսալեզու բնակիչներին»,- ասում է նա

Վերլուծաբանի խոսքով՝ այս փուլում Մոսկվան ոչ թե ուզում է Ուկրաինայի մարզերն անջատել կենտրոնական իշխանությունից, այլ փորձում է այդ երկրի տարածքի վրա ձևավորել երկրորդ Ուկրաինա` Արևելյան Ուկրաինա, ինչը արեց Ղրիմի դեպքում:

Դա նշանակում է, որ դրա հետևանքով Ուկրաինան կարող է բաժանվել երկու մասին:

«Եթե այդ քաղաքականությունը վարելու ընթացքում զինված բախում լինի Արևմտյան Ուկրաինայի կողմից, այդ ժամանակ արդեն հնարավոր է Պուտինը զորք մտցնի Ուկրաինա»,- նշում է նա:

Հարցին, թե այդ իրադարձություններն ի՞նչ ազդեցություն կունենան մեր տարածաշրջանի՝ մասնավորապես Հայաստանի վրա, Բոզոյանը պատասխանում է, որ այս պահին ուղղակի ազդեցություն թեև չկա, սակայն ֆոնային մակարդակով կարող է ազդել:

Եթե լարվեն իրադարձություններն այդ տարածաշրջանում, բնականաբար կլարվեն նաև ռուս-ամերիկյան հարաբերությունները և ընդհանրապես Ռուսաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ:

«Իսկ Ռուսաստանն ու Արևմուտքն այսօր աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբում, և եթե հակասությունը տեղափոխվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման դաշտ, ապա դա կբերի նրան, որ լարվածություն կառաջանա նաև մեր տարածաշրջանում»,- կարծում է վերլուծաբանը:

Ուկրաինայում ընթացող զարգացումների ֆոնին Հայաստանի իշխանությունները լռություն են պահպանում և որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել: Միայն առանձին պաշտոնյաներ բացառել են Հայաստանում Մայդանի կրկնությունը:

Երվանդ Բոզոյանն ասում է, որ տվյալ դեպքում ըմբռնումով է վերաբերվում Հայաստանի իշխանությունների լռությանը՝ նշելով, որ այս իրավիճակում հայտարարություններ անելը բավականի բարդ է:

«Ուկրաինայում տեղի ունեցածը Ռուսաստանի և Արևմուտքի միջև բախում է, այդ բախման պարագայում, եթե Հայաստանն արձագանքի և աջակցի Կիևի ներկայիս կենտրոնական իշխանություններին, ապա անխուսափելիորեն կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եթե պաշտպանի Ռուսաստանի տեսակետը, կփչացնի հարաբերությունները Արևմուտքի հետ»,- նշում է Բոզոյանը:

Նրա խոսքով՝ հասկանալի է, որ այսօր Հայաստանին շահավետ չէ փչացնել հարաբերությունները ոչ Արևմուտքի, ոչ Ռուսաստանի հետ:

«Այդ իմաստով միգուցե կարելի է այնպիսի տեսակետ հայտնել, որ այդ տեսակետի մեջ չլինի կոնկրետ տեսակետ: Կոնկրետ այս պահին, եթե մեր իշխանությունները ձայն չեն հանում, ես կարող եմ ըմբռնումով մոտենալ իրենց»,- ասում է Երվանդ Բոզոյանը:

Տեղեկացնենք, որ Հայաստանում ստեղծված Մայդանի համերաշխության կոմիտեն, որի կազմում ընդգրկված են մարդու իրավունքների պաշտպաններ, քաղաքական-հասարակական գործիչներ  երեկ տարածած հայտարարության մեջ «ոչ արժանապատիվ» է որակել Հայաստանի իշխանությունների լռությունը:

«Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների ոչ արժանապատիվ լռությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վերաբերյալ:Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, բոլոր պետություններին եւ առաջին հերթին ԱՄՆ-ին եւ Եվրոպական միությանը կանխել Ուկրաինայի նկատմամբ ահագնացող բռնությունները եւ պաշտպանել նրա ազատ ընտրությունը, ինքնիշխանությունն ու միասնականությունը»,-նշված է հայտարարության մեջ:

Կոմիտեի անդամ Դավիթ Շահնազարյանը այսօր լրագրողներին հայտնել է, որ այս հարցում, Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների վրա լուրջ ճնշում է գործադրում:

«Ամբողջ աշխարհում որևէ երկիր չկա, որ այսօր պաշտպանի Ռուսաստանի այս դիրքորոշումը։ Կարծում եմ, որ հիմա Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունները ենթարկվում են բավական լուրջ ճնշման, որպեսզի արտահայտվեն,-ասել է Շահնազարյանը:- Հուսանք, որ գոնե կկարողանան պահպանել այս լռությունը, թեև երաշխիք չունենք։ Գոնե այս ոչ արժանապատիվ լռությունը, որ մինչև այսօր ցուցաբերում են Հայաստանի իշխանությունները, հուսանք, որ կկարողանան պահպանել»:

© Medialab.am