Փաշինյանն անդրադարձավ նախկին իշխանությունների հետ ԼՂ բանակցային գործընթացը չքննարկելու մեղադրանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցով ընդդիմությունից իր հասցեին հնչած մեղադրանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման իր եզրափակիչ ելույթում:

Նա նկատեց՝ ընդդիմությունն ասում է, թե ինչու իշխանությունն այն ժամանակ չի հանդիպել ԼՂ հարցով բանակցած մարդկանց հետ, խորհրդակցել:

«Հանդիպել ենք: Եվ առաջին տպավորությունը եղել է այն, որ այս մարդկանց թվում է, թե մենք միամիտ ենք: Ինչո՞ւ պետք է բանակցային արդյունքների մասին հանդիպումներով իմանայինք: Սա պետություն չէ՞, ո՞ւր է բանակցությունների ընթացքը՝ արձանագրված ԱԳՆ-ում»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, թե ցաքուցրիվ մի երկու թուղթ են գտել, իրար կպցրել:

«Այդ ո՞նց էր` Սերժ Սարգսյանն ինձ մոտ մարդ էր ուղարկում, ասում՝ տանս հարցը լուծի, չէր կարողանո՞ւմ «խաբար» ուղարկել, որ Ղարաբաղի հարցում նման բան կա: ԼՂ նախագահ Բակո Սահակյանն ամիսներ, տարիներ գալիս էր ինձ հետ էր սուրճ խմում, գնում էր, իր հետ էր սուրճ խմում, թող գրեր, անստորագիր գրեր, թող «խաբար» ուղարկեր: Օսկանյանը, իբր այն ժամանակ պետք է բան ասեր, ասում եմ՝ թող հիմա ասի: Ասում է՝ պետք է ասեր՝ « կամ 5 շրջանը տուր, կամ 7-ը, կամ 4-ը, կամ 3-ը»: Այն ժամանակ ասեիք: Հրապարակային ասեիք, ասեիք՝ «վեր կաց, հողերը հանձնի, ինչո՞ւ չէիք ասում»: Ինչո՞ւ էիք ասում՝ «եկել է հողերը տա»: Ասեիք՝ «հազիվ եկել ես, հազիվ լեգիտիմ ես, տուր հողերը», – ասաց վարչապետը: