ՊԵԿ-ը սուրճի ստվերային շրջանառության ապօրինի սխեմա է բացահայտել

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ մաքսային ծառայության աշխատակիցներն օրերս հսկողության են ենթարկել Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած երկու ընկերության բեռներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը: Ուղեկցող փաստաթղթերի համաձայն` Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պետք է տեղափոխվեին մի քանի ապրանքներ, այդ թվում` սուրճ, հանքային ջուր և այլն: 

«Մաքսային հսկողության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ընկերությունները բեռն ուղեկցող փաստաթղթերում սուրճի քաշը նշել են  ավելի շատ, քան փաստացի առկա է եղել բեռնատարում, իսկ այլ` ավելի էժան արժեք ունեցող ապրանքների քաշը, ցույց են տվել փաստացի բեռնատարում առկա քաշից ավելի քիչ։

Ըստ էության,  բեռնատարում առկա ապրանքների ընդհանուր քաշը պահպանելով` ընկերությունները փաստացի չտեղափոխվող, սակայն ավելի թանկ արժեք ունեցող ապրանքը` սուրճը, փորձել են ձևակերպել իբրև ՀՀ-ից արտահանվող ապրանք:

Արդյունքում, նկարագրված սխեմայի  միջոցով փորձ է արվել արտահանել ընդհանուր շուրջ 17 տոննա փաստացի բեռնատարում չգտնվող սուրճ, որը մաքսային մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխարգելվել է:

Պետական եկամուտների կոմիտեի նախնական գնահատմամբ նշված ապօրինի սխեմայի նպատակն է եղել՝ ընկերությունների ապրանքային մնացորդները ստվերային եղանակով ՀՀ տարածքում իրացնելը` քողարկելով դրանք ԵԱՏՄ երկրներ արտահանման փաստաթղթավորմամբ` միաժամանակ հետ ստանալով ձեռքբերման ԱԱՀ-ի գումարները և հետևաբար թաքցնելով նաև ՀՀ տարածքում սուրճի վաճառքից առաջացող ԱԱՀ-ն:

Ներկայումս Կոմիտեի կողմից իրականացվում են բազմակողմանի միջոցառումներ` դեպքերի ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

ՊԵԿ-ը  հորդորում է զերծ մնալ տարատեսակ սխեմաների կիրառումից, քանի որ նման ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվելու է հարկային և մաքսային վարչարարության ամենախիստ գործիքակազմը»,- ասված է հաղորդագրությունում: