Այս կառավարությունը օպիումային քաղաքականություն է վարում. փառատոներով, աստղերով փորձում է նորմալության տպավորություն ստեղծել. Վարդանյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը 

– Տիկի՛ն Վարդանյան, ՀՀ կառավարությունը պետբյուջեից 6 միլիոն դոլար է հատկացրել Ջենիֆեր Լոպեսի համերգին, որից 37 հազար դոլար՝ նրա երկօրյա սննդին, 185 հազար դոլար՝ հյուրանոցներին: Քննարկումներն ու քննադատությունները չեն դադարում համացանցում, դուք ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը և, ընդհանրապես, կառավարության կողմից արվող ծախսերը պետբյուջեի հաշվին:

– Ես նախ ուզում եմ հասկանալ, թե կառավարության ո՛ր ֆունկցիայի մեջ է մտնում Ջենիֆեր Լոպեսին, Սնուփ Դոգին Հայաստան բերելը, ինչո՞ւ պետք է կառավարությունը կազմակերպի դա, մենք ուրիշ առաջնահերթություններ չունե՞նք: 

Ընդգծեմ, որ մենք դեմ չենք որևէ արտիստի բերելուն, ժամանցին դեմ չենք: Մեկ-մեկ տպավորություն են ուզում ստեղծել, թե ընդդիմությունը դեմ է, որ մարդիկ ուրախանան, ու ասում են՝ մենք մարդկանց հարցնում ենք՝ կուզե՞ք Երևանում փառատոներ, աստղեր տեսնել, մարդիկ ասում են՝ այո՛: Բայց ես վստահ եմ, որ եթե ՀՀ քաղաքացիներին հարցնեին՝ կուզեիք համաշխարհային աստղերի՞ն տեսնել Հայաստանում, թե՞ Աջափնյակը մետրոյի կայարան ունենար, ես վստահ եմ, որ մեծ մասը կնախընտրեր մետրո ունենալ: 

Խնդիրն այն է, թե գումարներն ի՞նչ ուղղությամբ են ծախսվում, ու ի՞նչ առաջնահերթություններ կան. երբ ամեն անձրևից հետո Երևանը ճգնաժամի մեջ է հայտնվում, երբ Երևանում օդն ահավոր վիճակում է, քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը շատ բարձր է, այս խնդիրները թողած՝ կառավարությունը Ջենիֆեր Լոպեսին է բերում: 

Երբ Սնուփ Դոգին էին բերում, Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե իրենք ուզում են ցույց տալ, որ Հայաստանն ապրում է, Ջենիֆեր Լոպեսի՞ն էլ են բերում, որ դա ցույց տան, թե՞ կոռուպցիոն կապ կա «Դոպինգ» ընկերության հետ, այսինքն՝ պարտավորություն են ստանձնել, որ անպայման 6 միլիոնի չափով պետք է գումար տան «Դոպինգին», հետ չեն ստացել Սնուփ Դոգին տված գումարը, նա չի եկել, բայց անպայման այնպես են արել, որ այդ գումարն ընկերությանը մնա: Կառավարությունը ընդամենը երկու օր առաջ որոշում է, որ պետք է Ջենիֆեր Լոպեսին բերի Հայաստան, ու երկու օր հետո համերգն է լինում, այստեղ մութ ինչ-որ բան չկա՞:

– Կոռուպցիոն ռիսկե՞ր եք տեսնում:

– Դե ինչու որևէ մեկը տեղյակ չէր, որ կառավարությունն այս համերգը կազմակերպում է, չէ՞ որ «Դոպինգ» ընկերության պայմանագրի մեջ Սնուփ Դոգի պարագայում նշված էր, որ գովազդային բոլոր նյութերում նշվում է, որ դա կազմակերպել է ՀՀ կառավարությունը, իսկ ՀՀ քաղաքացիների քանի՞ տոկոսը գիտի, որ այս համերգն իրենց հաշվին է կազմակերպվում, ու որքանո՛վ է համաձայն դրան: 

Հարցը հետևյալն է՝ ի՞նչ առաջնահերթություններ ունի Հայաստանի Հանրապետությունը, ու արդյոք ՀՀ բյուջեն պե՞տք է ուղղվի տարբեր ազգերի աստղերին Հայաստան բերելուն, կարծեմ, մենք այլ առաջնահերթություններ ունենք: 

Այս կառավարությունը օպիումային քաղաքականություն է վարում, այսինքն՝ փառատոներով ու հայտնի աստղեր բերելով փորձում է նորմալության տպավորություն ստեղծել: 

– Տիկի՛ն Վարդանյան, ձեր կարծիքով՝ կառավարությունն ինչո՞ւ է նմանատիպ ծախսեր անում՝ ձեր ասած առաջնահերթությունները թողած:

– 2020 թվականից հետո ես հարց եմ տալիս, թե ինչու է մեզանում երկրաչափական պրոգրեսիայով աճել կառավարության կազմակերպած փառատոների թիվը, ու ի՞նչ ուղերձ են ուզում հղել դրանով: Ուղերձն այն է, թե մենք պարտություն չե՞նք կրել ու հոգս չունե՞նք, թե՞ սա ձև է պետական միջոցների հաշվին քողարկել առկա խնդիրները, որպեսզի մարդկանց աչքերին թոզ փչեն ու պատրանք ստեղծեն, թե անխնդիր իրականության մեջ են ապրում: 

Կարծում եմ, որ նպատակը սա է՝ խնդիրների զգացողությունը բթացնել ու նորմալության տպավորություն ստեղծել: Որևէ մեկը դեմ չէ, որ հասարակությունը ուրախ լինի, խնդիրը հասարակությանը խաբելու ու հասարակության փողերը մսխելու մեջ է: Մարդկանց պետք է ռեալ ներկայացնել իրականությունը ու հարցնել՝ այդ գումարով կուզեին իրենց երկրում առկա խնդիրներից մե՞կը լուծվեր, թե՞ համաշխարհային ինչ-որ աստղ բերեին Հայաստան, ես վստահ եմ, որ մարդիկ կընտրեին առաջին տարբերակը: 

Խնդիրը հաշվետվողականությունն է, հանրային միջոցների մսխումն ու կոռուպցիոն մեխանիզմները, որովհետև մենք տեսնում ենք, որ մեկ-երկու ընկերություն կա, որոնք այդ պայմանագրերը կնքում են: ԿԳՄՍ նախարարությունն ասում էր, որ այդ ընկերությունից պահանջել են հետ վերադարձնել գումարը, հիմա դա վերադարձրել են ու նորից տվե՞լ են, թե՞ երկու տարի 6 միլիոն դոլարը պետական միջոցներից տրվել է մասնավոր ընկերությանը տնօրինելուն, այստեղ կոռուպցիոն ռիսկ կա՞, թե՞ չէ: 

Ես կարծում եմ, որ կա այդ կոռուպցիոն ռիսկը, աննախադեպ է, որ ինչ-որ մի ընկերություն երկու տարի այդ գումարը պահի իր հսկողության տակ ու հետո կազմակերպի նոր համերգ, թող քաղաքացիներն ասեն՝ կա՞ այստեղ կոռուպցիոն ռիսկ, թե՞ չէ: 

– Իշխանությունն ինչո՞ւ այդ գումարները չի տրամադրում առաջնահերթ խնդիրների լուծմանը:

– Որովհետև՝ նախ կարողությունների հարց է, մենք հիմա գործ ունենք կառավարության հետ, որը ճգնաժամ է ստեղծում, այս յոթ տարվա ընթացքում մենք որևէ համակարգային լուծում չենք տեսել ու այս թիմով չենք էլ տեսնելու: 

Երկրորդ՝ իշխանության առաջնահերթությունների հարց է, չնայած ունենք ԱՆԻՖ-ի օրինակը, երբ այս իշխանությունը փորձում էր մի բան անել, բայց դա էլ ավարտվեց Հայաստանի վրա դատական հայցերով ու միլիոնավոր դոլարների մսխումով: Նրանք հիմա հաշվարկում են՝ արդյոք ավելի լավ չէ՞ այդքան գումարը ծախսել համաշխարհային աստղ բերելու վրա, որ դա ավելի լավ կազդի իրենց վարկանիշը բարձրացնելու վրա, կօգնի քողարկելու առկա խնդիրները, քան ինչ-որ խնդրի լուծում տալ: 

Հատկապես հաջորդ տարի կայանալիք ընտրություններից առաջ՝ առաջնորդվում են իրենց նեղ, խմբային շահերով՝ մի կողմ թողնելով հանրային շահն ու առաջնահերթությունները: Իրենց տեսանկյունից շատ պարզ է, թե ինչու են դա անում, որովհետև կարծում են, թե դա օգուտ է բերում իրենց վարկանիշին, ու քողարկել այն իրականությունը, որում մենք ապրում ենք, իսկ այդ իրականությունը ճգնաժամային է՝ կլինի Երևանում քաղաքային ճգնաժամ, կլինի սահմանին անվտանգային ճգնաժամ, կլինի տնտեսական ճգնաժամ: Նրանք ընտրել են ճգնաժամերը հաղթահարելու ուղին՝ դրանք քողարկել համաշխարհային աստղեր բերելով ու փառատոներով, այլ ոչ թե դրանք լուծելու: 

– Իսկ կհաջողվի՞ այդպիսով բարձրացնել իրենց վարկանիշը կամ քողարկել առկա խնդիրները:

– Վարկանիշի անկման միտում կա, ու ոչ թե վարկանիշի բարձրացման հարց են լուծում, այլ՝ պահպանման: ՀԷՑ-ում տեղի ունեցողն էլ կոռուպցիա՞ է, թե՞ չէ, որովհետև յուրայիններին են այնտեղ աշխատանքի նշանակում: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ մարզպետը Ռոմանոս Պետրոսյանի հետ Շիրակում ՀԷՑ-ի պետ է նշանակում: Ինչ-որ խմբի վրա կարող է ազդեցություն ունենալ, բայց իրենց իմիջային կորուստը ակնհայտ է, ու խնդիրներն էլ շատ են, ու դրանք քողարկելը շատ դժվար է լինելու, որովհետև քաղաքացին ամեն ոլորտում բախվում է խնդրի: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am