«Կուբայում ապրում ենք աղքատ, բայց միշտ ժպտում ենք, իսկ Հայաստանում մարդիկ մռայլ ու տխուր են». Ջորդանոյի կյանքը՝ Հայաստանում

«Կուբայում ապրում ենք աղքատ, բայց միշտ ժպտում ենք, իսկ Հայաստանում մարդիկ մռայլ ու տխուր են».  Ջորդանոյի կյանքը՝ Հայաստանում
«Կուբայում ապրում ենք աղքատ, բայց միշտ ժպտում ենք, իսկ Հայաստանում մարդիկ մռայլ ու տխուր են». Ջորդանոյի կյանքը՝ Հայաստանում

Կուբացի Ջորդանո Օ’Դուբերգերը՝ ուսին մեծ ձայնարկիչ մտնում է պարասրահ, զգեստափոխվում է եւ սպասում իր սաներին, որոնց ամեն օր երեկոյան ժամերին կուբայական պարեր է ուսանում:
Մեկ, երկու, երեք եւ պարասրահում կուբայական հնչյունների ներքո 3 շարքով հավասար կանգնած 15 աղջիկ մեծ ոգեւորությամբ եւ ժպիտով շարունակում են Ջորդանոյի մարմնի ճկուն եւ հմուտ շարժումներին՝ ակընթարթորեն տեղափոխվելով կուբայական մշակույթի աշխարհ:
35-ամյա Ջորդանոն շուրջ 2 տարի է, ինչ ապրում եւ պարում է Հայաստանում՝ հետաքրքրվողներին եւս հաղորդակից դարձնելով իր երկրի ռիթմերին եւ երաժշտությանը, նա նաեւ կուբայական պարերի փարթիներ է կազմակերպում երեւանյան ակումբներից մեկում:
Զորդանոն խոստովանում է, որ չնայած բարձրագույն կրթություն է ստացել Հավանայի համալսարանում, սակայն վաղ մանկուց մինչ հիմա պարն է իր կյանքի սերը:
«Ես սովորեցնում եմ սոցիալական պարեր, օրինակ՝ չաչա, սալսա, որոնք հենց կուբայական պարեր են: Պարելիս պետք է հիշես, որ քո միտքը քո մարմինն է եւ առաջին հեթին լինես լիարժեք հանգիստ»,- ասում է Ջորդանոն:

Կուբայից Հայաստան Ջորդանոն եկել է Իսպանական կենտրոն կրթամշակութային ՀԿ-ի հրավերով՝ որպես պարուսույց աշխատելու: Սակայն հետո ոչ թե հեռացել է Հայաստանից, այլեւ առանձին պարի խումբ ստեղծել, սկսել ուսումնասիրել հայկական արվեստն ու մշակույթը, եւ ինչպես ինքն է ասում «սիրահարվել է հայ ազգային երաժշտությանն ու պարերին»:

«Այստեղից ես մի բան հաստատ վերցրեցի, դա հայկական քոչարին է, որից ես շատ տպավորված եմ եւ իհարկե հայկական երաժշտությունը»,- ասում է նա եւ ցույց տալիս քոչարիից շարժումներ՝ պտույտ գործելով պարասրահի մեջտեղում:

Նա պատմում է, որ 2010-ի սեպտեմբերին առաջին անգամ ոտք դնելով Հայաստան, բախվել է մի շարք խնդիրների, որոնք «շոկային» են եղել իր համար.

«Հայաստանն ի տարբերություն Կուբայի ինձ համար ոչ տուրիստական վայր է, քանի որ հայ մարդիկ սովոր չեն տեսնելու շատ արտասահմանցիների՝ առավելեւս սեւամորթների: Նրանք սկզբից նայում էին իմ դեմքին ու ծիծաղում, բայց ինչու՞: Ես սկզբից շատ էի ջղայնանում, (իսկ սեւամորթները շատ տաքարյուն մարդիկ են), եւ ուզում էի կռվել նրանց հետ, թե ինչու են ծիծաղում իմ դեմքին»,-պատմում է նա:

Նա նշում է, որ հասարակական տրասպորտում իր տեղը կանանց եւ աղջիկներին զիջելով շատ դեպքերում արհամարհական վերաբերմունքի, կամ ջղային վերաբերմունքի էր արժանանում, ինչից հետո սկսել է փոխել իր «մարտավարությունը»:

«Բայց ինչու՞,-զարմանում է նա,- այժմ ես ոչ մեկի չեմ զիջում իմ տեղը ոչ թե, որ ես ջենթլմեն չեմ, այլ որպեսզի խնդիրներ չունենամ»:

Ջորդանոն ասում է, որ շատ տարբերություններ է նկատել Հայաստանում՝ զուգահեռներ տանելով Կուբայի հետ: Նա ասում է, որ մարդիկ Հայաստանում ապրում են՝ մտածելով ուրիշների կյանքի մասին:

«Մենք Կուբայում ապրում ենք աղքատ, բայց միշտ ժպտում ենք: Միգուցե տանը ես ուտեմ բրինձ եւ ձու, բայց հետո գնում եմ փարթի ուրախանալու եւ ես երջանիկ եմ, այստեղ այդպես չէ: Մարդիկ մեծ մասամբ մռայլ ու տխուր են եւ մտածում են փողի մասին: Մենք չենք կարող ապրել առանց երաժշտության ու մեր փարթիների, իսկ այստեղ, եթե չաշխատեն` չեն կարող ապրել»:

Նա նշում է, որ Կուբայում կրթություն ստանալն ու բժշկական ծառայություններից օգտվելն անվճար է՝ ի տարբերություն Հայաստանի, սակայն մյուս կողմից Կուբայում թանկ են բջջային կապի ծառայությունները, իսկ սոցիալական ցանցերից օգտվելու հնարավորություններն` անհամեմատ քիչ: Ուստի ինտերնետը Կուբայում որակյալ չէ եւ լայն տարածում չունի:

«Մյուս կողմից մենք ունենք շատ նմանություններ, որովհետեւ մենք դեռ ԽՍՀՄ-ի ազդեցությունից դուրս չեկած երկրներ ենք: Եթե ես, օրինակ, ուզում եմ գնալ արտասահման կարող եմ շատ խնդիրների առաջ կանգնել, ինչը Հայաստանում եւս արդիական է: Բացի այդ աշխատավարձերը եւ Կուբայում, եվ այստեղ ցածր են»,-նշում է նա եւ պատմում, որ Կուբայում անհամեմատ մեծ է ոստիկանության վերահսկողությունն, անգամ այն դեպքում երբ փողոցում կուբացին քայլում է արտասահմանցու հետ:

«Հասկանալի է, որ նրանք ուզում են հոգ տանել արտասահմանցիների անվտանգության մասին, բայց երբեմն դա չափազանց շատ է եւ զզվեցնող»,-ասում է նա:

Կուբայի խնդիրներից կտրվելով՝ Ջորդանոն կրկին սկսում է պարի մասին խոսել: Նա ասում է, որ պարը իր հիմնական աշխատանքն է, որով մասնակցել է միջազգային փառատոնների՝ Վենեսուելայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Կուբայում, որոշ ժամանակ բնակվել այդ երկրներում:

Հայաստանում կուբացի պարուսույցի դասարանում մշտապես աշխուժություն է տիրում: Աշակերտների գերակշիռ մասը աղջիկներն են:

«Հայ աղջիկները պարում են շատ դոմինանտ: Այսինքն պարի մեջ սովորաբար տղան է պարը տանում, բայց հայ աղջիկները իրենք են միշտ տանում: Նրանք շատ ուժեղ են իրենց տեսակով թե կյանքում, թե պարի մեջ: Օրինակ՝ եթե դու ուզում ես պտույտը մի ուղղությամբ տանես, իսկ ինքը հակառակ ուղղությամբ, ապա հաստատ նա այդպես էլ կանի,- ժպտալով ասում է Ջորդանոն,- Իսկ հայ տղաներն ավելի քիչ են գալիս պարելու ու նույնիսկ դժվարանում են պարել՝ ելնելով իրենց կոմպլեքսներից»:

Նա նշում է, որ ավելի շատ շփվում է հայ աղջիկների հետ, ովքեր ըստ նրա, ավելի ազատ են ու ավելի շատ են պատրաստ իրենց կյանքում փոփոխությունների:

«Հայ տղաներն ուզում են փոխվել, բայց վախենում են: Նրանք միշտ նույն տեղում են: Ես համոզված եմ, որ շատ տղաներ կուզեին գալ պարելու, բայց նրանք չեն գալիս, որովհետեւ մտածում են որ նման պարեր պարողները գեյ են, բայց ի՞նչ, հիմա ես գեյ ե՞մ»,-ծիծաղելով ասում է Ջորդանոն:

Հայաստանում միայնակ ապրող Ջորդանոն ամուսնացած է եւ ունի 6 տարեկան մեկ որդի, ում մասին խոսելիս նրա աչքերը արցունքով են լցվում ու մտովի տեղափոխվում հայրենի Կուբա.

«Նա իմ կարիքը շատ ունի, ամեն հարցում մենք միասին ենք եւ եղբայրներ ենք, եւ ընկերներ: Ես շատ եմ կարոտում նրան եւ իմ ընտանիքը»,- ասում է Ջորդանոն ու հավելում, որ այս տարի Ամանորին կվերադառնա Կուբա:

«Կուբայում ես սիրում եմ ամեն ինչ եւ վատը եւ լավը, ամեն ինչ: Բայց ես սիրում եմ նաեւ Հայաստանը եւ կարծում եմ նորից կգամ այստեղ»,-ասում է հայկական քոչարիին սիրահարված եւ հայ աղջիկներով հիացած կուբացի Ջորդանո Օ’Դուբերգերը:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի

Տես Ֆոտոպատմությունը

© Medialab.am