«Ձեզ հիշելու են որպես մարդասպանին «արդարացնող» մարդու». Հրայր Թովմասյանը` Հունգարիայի Արդարադատության նախարարին

«Ձեզ հիշելու են որպես մարդասպանին «արդարացնող» մարդու». Հրայր Թովմասյանը` Հունգարիայի Արդարադատության նախարարին
«Ձեզ հիշելու են որպես մարդասպանին «արդարացնող» մարդու». Հրայր Թովմասյանը` Հունգարիայի Արդարադատության նախարարին

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նամակ է գրել Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարար Թիբոր Նավրաչիչին, որտեղ խորը վրդովմունք է արտահայտել Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու փաստի կապակցությամբ։ Նամակը ներկայացնում ենք ստորեւ.
«Պարոն Նավարչիչ, խորը վրդովմունքով եւ հիասթափությամբ ընդունեցի Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության կողմից, մարդկության պատմության բոլոր ժամանակներում դատապարտելի արարք՝ մարդասպանություն գործած անձին՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան փոխանցելու փաստը:

 

Եվրոպական արժեքները համամարդկային են եւ այո, դրանք ներառում են մարդասիրություն: Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons) հենց այդ արժեքի գիտակցմամբ է սահմանում դատապարտյալի փոխանցման հնարավորությունը: Սակայն եվրոպական ոչ պակաս արժեքներ են նաեւ արդարությունն ու պատժի անխուսափելիությունը:

Իմ խորին համոզմամբ Դուք պարտավոր էիք իմանալ մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո նրա հետագա ճակատագիրը: Դուք պարտավոր էիք իմանալ, որ ազգային թշնամանքի շարժառիթով սպանություն կատարած անձին հանձնում եք մի երկիր, որտեղ նրան հերոսացնում են: Դուք պարտավոր էիք գիտակցել, որ այդ հերոսացումը ապտակ է առաջին հերթին Հունգարիայի արդարադատությանը, եւ ընդհանրապես, ողջ եվրոպական արժեհամակարգին, որը մարդակենտրոն է, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, նրա կյանքը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Թույլ տվեք չհավատալ ձեր անկեղծությանը, որ փոխանցման համար Ձեզ բավարարել է Ադրբեջանական կողմի ինչ-ինչ հավաստիացումներ:

Դուք պարտավոր էիք ադրբեջանական կողմից հավաստիացում եւ երաշխիք ստանալ առ այն, որ մարդասպանը պետք է Ադրբեջանում շարունակեր իր պատժի հետագա կրումը: Ավելին, նման հավաստիացում ստանալու պարագայում, անգամ, դուք պարտավոր էիք չփոխանցել մարդասպանին՝ գիտակցելով, որ այդ հավաստիացումները սին են, քանզի այդ մարդասպանը տարիներ շարունակ հերոսացվել է ադրբեջանական իշխանությունների կողմից:

Ես, որպես կոլեգա, Ձեր փոխարեն հրաժարական կտայի: Սակայն Ձեր հրաժարականի դեպքում, անգամ, Գուրգեն Մարգարյանի ընտանիքը, հայ ժողովուրդը եւ ողջ առաջադեմ մարդկությունը Ձեզ հիշելու են որպես մարդասպանին «արդարացնող» մարդու:

Հիմք ընդունելով վերոշադրյալը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպայի Խորհրդում եւ մյուս միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության հետ փոխհարաբերությունները խզելու մասին»։

© Medialab.am