Հուսիկ Արա․ «Մարգարեն»

Հուսիկ Արա․ «Մարգարեն»
Հուսիկ Արա․ «Մարգարեն»

Հուսիկ Արայի Apocalypto շարադրանքի հետ կռիվ ունեն գրեթե բոլորը՝ և՛ համաձայնվողները, և՛ չհամաձայնվողները։ Առաջինները՝ որովհետև ամեն ինչ կարծես թե այդպես էլ կա, բայց այնտեղ բանաստեղծություն չկա, երկրորդները՝ որովհետև «էս ո՞վ ա, որ մեր երկրի մասին թուրքի նման ա խոսում»։ Փորձենք տող առ տող հասկանալ՝ ի վերջո ի՞նչ է ասել բանաստեղծը։

«Իմ երկիրը՝ արևելյան թերմացք»։ Ինչպե՞ս բանաստեղծը հակադարձի գեներալ Սեդրակ Սարոյանի այն մտքին, որ աղջկա կուսությունը եկեղեցի է։ Ինչպե՞ս ասի, որ «ողբամ ձեզ, եթե ձեզ մնացել էր դա լսել»։ Ինչպե՞ս գրի, որ մեզանից յուրաքանչյուրը բուրում է պետությունն ապականելու իշխանության կեղտոտ մտքերով։ Ինչպե՞ս հռչակի, որ նույնիսկ միջնադարյան արևելքում Սամվել Ալեքսանյանը երկրորդ Հիսուս (կամ՝ չորրորդ Բուդդա, կամ՝ վեցերորդ Մուհամմեդ) չէր լինի։

«Նեխելու է կեղծիքի մեջ ու ստի»։ Այստեղից սկսվում է «մարգարեությունը»։ Այսինքն՝ ավելի վատ է լինելու։ Մեզանից յուրաքանչյուրը գուցե ինքն իրե՞ն քննի։ Մեզանից յուրաքանչյուրը գուցե իր երազանքներո՞վ խոսի այս շարադրանքի հետ։ Իհարկե, ավելի վատ է լինելու։ Եվ, իհարկե, Apocalypto-ն ոչ մեկին չի զգաստացնելու։ Մտե՛ք ցանկացած ուսխորհուրդ, խոսե՛ք մեր ուսուցիչների հետ, լսեք, նորի՛ց լսեք ՍԱՍ-ի Արտակի հիմնարկում արված ձայնագրությունը։ Չլսեք էլ, այդ զրույցները լինելու են։ Ուսխորհուրդները չեն քնում, ուսուցիչները չեն լռում, և ՍԱՍ-ի Արտակը չի հնանում։ Բանաստեղծը խոսում է նույն աղետի հավերժական նորաձևությունից։

«Կեղտից կեղտ սողալու է ճապաղ»։ Բանաստեղծը խոսում է վանդակներից, որ սարքվել են մեզ համար։ Բոլոր ելքերն ու ուղիները կեղտի մեջ են։ ՍամվելԱլեքսանյանի ողորմածությունը փոխարինվում է Գագիկ Ծառուկյանի ողորմածությամբ։ Եթե այս երկուսը «անհասանելի» են, մեզանից յուրաքանչյուրի կյանքում անպայման մի տականք կա, առանց որի հաստատ չենք կարող յոլա գնալ։ Բանաստեղծը Հայաստանը որպես համակեցության կառույց է ներկայացնում։

«Ու չի բարձրանալու իր կղանքից վեր»։ Սա լավ տող է։ Սա տող է սողացողի մասին։ Սա տող է իր միջավայրը դասավորած մարդու մասին։ Սա տող է հարմարավետության մասին։ Քաղքենու մասին։ Սա տող է Խորհրդային Միության և Հյուսիսային Կորեայի մասին։ Սա տող է անայլընտրանք միջավայրի մասին։ Անփոխարինելի՝ եթե կուզեք։ Բայց սա իդեալների տող չէ։ Այս տողում տեսիլք չկա։ Թշնամի ու բարեկամ չկա։ Մեղավոր ու անմեղ չկա։ Մի անգամ նայե՛ք ձեր կատարած ընտրությանը։ Դուք ընտրել եք այս տողը։ Այս տողից հետո ընտրություն չկա։ Դուք ձեր Հայաստանի համար իրացրած այս տողն եք։

«Անսպիտակեղեն, մնալու է ցեխին տապկած»։ Այստեղ բանաստեղծն առաջին անգամ օգտագործում է մի բառ, որն արդեն չկա՝ սպիտակեղեն։ Այսինքն՝ իրականությունից մնում է բառի հիշողությունը, որի պահապանը բանաստեղծն է։ «Անսպիտակեղեն» բառի մեջ կան Արցախյան ազատամարտի բացակա արձագանքները, նահատակներից մեռելներ թողած Եռաբլուրը, ընտրությունից միայն ընտրակեղծիք երազող ընտրողը, բանաստեղծության բացակայությունը դրսում, որի արդյունքն Արայի այս շարադրանքն է։

«Թևերի տակ սարդոստայն և ոչ մի երազ»։ Գուցե մարգարեության սղությունից է, որ բանաստեղծը փորձել է անկապ թողնել սարդոստայնի ու երազի ընդհանրությունը։ Բայց այս տողերում պարտվում է նույնիսկ Հենրիխ Մխիթարյանը, թեպետ ավելի ճիշտ կլիներ խոսել ծանրամարտում մեր անհաջողությունների մասին (թևերն այնքան են պարապ մնացել․․․)։ Այս տողերում կա, պիտի որ լինի ծնելիության անկումը, մենք այլևս երեխաներ չենք գրկելու, սա բանաստեղծի պատասխանն է այն ճոռոմ խոստումին, որ մենք դառնալու ենք 4 միլիոն։ Դե իսկ եթե ծնվողներ չկան, և չկան հաջողություններ, ոչ մի երազ։

«Մեր փախուստն է աշխարհում՝ ելք դեպի ներս»։ Այստեղ բանաստեղծը վրիպել է։ Այս տողում ապականված Փոքր Մհեր կա, որը քայլեց դեպի ներս։ Վրիպել է նաև փախուստի հարցում։ Մենք բարձր գլխով ենք գնում դեպի արևելյան թերմացքի խրոխտ կայացումն ու իրացումը։ Մենք աշխարհին այլ բան չենք առաջարկում։ Մենք աշխարհին դեռ ցույց կտանք մի Հայաստան, որից նույնիսկ անապատային Արևելքը քիթը կփակի։

«Որ ճակատագիր է այլևս, ոչ թե հեգնանք»։ Այստեղ բանաստեղծը, ինչպես ասում են, կետին է խփում։ Ճակատագիրն անկառավարելի է, որովհետև անխուսափելի է։ Ոչ մի հեգնանք, որ բուրելու ենք իբրև կղանք։ Բանաստեղծն այստեղ կարծես մեծահոգաբար նկատում է, որ մտահոգվել պետք չէ, մենք գոնե այլևս չենք զգալու այդ հոտը, որովհետև դա արդեն մենք ենք։ Ինչպես նախկինում հեգնելի չէր մարդ լինելը, այնպես էլ ապագայում հեգնելի չի լինելու կղանք լինելը։ Տարոն Մարգարյանը, Լևոն Իգիթյանը, Ալեքսանդր Սարգսյանը կամ Միհրան Հակոբյանը ծիծաղո՞ւմ են էն մտքի վրա, որ իրենք Տարոն Մարգարյանը, Լևոն Իգիթյանը, Ալեքսանդր Սարգսյանն ու Միհրան Հակոբյանն են։ Իհարկե ո՛չ։ Եթե դու քեզանից բացի ուրիշից գաղափար չունես, ո՞ւմ կամ ինչի՞ վրա ծիծաղես։ Եթե չորս հոգի նույն էությունն ունեն, իրենց ո՞ւմ հետ համեմատեն, որ նախանձեն կամ հեգնեն։

Ի դեպ, արդեն չեմ հիշում՝ ո՞վ էր ասում՝ կեցցե՜ այն Հայաստանը, որ վաղն է գալու։

Մհեր Արշակյան

MediaLab.am